Ընտրութիւններին երկու օրակարգ է լինելու. Ի՞նչ պէտք է անեն քաղաքական ուժերը

«ԱԼԻՔ» – «Ընդդիմութեան դաշտում նոր յայտ ներկայացրած ուժերը դեռեւս չեն յայտարարել քաղաքական քայլերի մասին, բոլորը դեռ հասարակական հիմունքներով են մտել դաշտ, խօսքը «Մեր ձեւով»–ի մասին է, «Միասնութեան թեւերի» մասին է, էլի նոր ինչ-որ ուժեր կան երիտասարդական»։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշել է քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը։
«Այս ֆոնի վրայ բաւականին պասիւ են աւանդական քաղաքական ուժերը, այդ թւում նաեւ խորհրդարանական ուժերը։ Ժամանակը ցոյց կը տայ՝ ինչ են ուզում անել։ Ես կարծում եմ այնուամենայնիւ նրանք չեն միաւորւելու մէկ ուժի ներքոյ, այսինքն մէկ դաշինքով չեն հանդէս գալու։ Աւելին բաւականին շատ են լինելու մասնակիցները։ Խնդիրն այն է, որ ցանկացած ընդդիմադիր ուժ, որն իրօք ընդդիմադիր է եւ իրօք իրօք փոփոխութիւն է ուզում, ընտրութիւններից առաջ ճիշտ հաշւարկի իր ուժերը, որովհետեւ եթէ գնայ առանձին եւ չհաւաքի անհրաժեշտ 4 կամ 8 տոկոսները, դա իշխանութեան օգտին է լինելու։ Դա լինելու է փոշիացում։ Ես ինքս, որպէս մարտավարութիւն, կողմ եմ, որ չգնան բոլորը նոյն բանով, թող գնան շատ տարբեր թեւերով՝ ռացիոնալ, օպտիմալ քանակի թեւերով: Դա կը լինի երեւի հինգ-վեց թեւ: Այստեղ խնդիրն այն չէ, թէ ովքեր լինեն, այլ այն, որ չփոշիացնեն ձայները։ Իսկ եթէ անցնեն ու յետոյ միաւորւելով յաղթեն իշխանութեանը, դա ճիշտ կը լինի։ Այդ որոշումները պէտք է կայացւեն մայիսին»,-ասել է նա։
Կարէն Քոչարեանը նկատել է, որ հայաստանեան քաղաքական դաշտում ամենացաւոտ թեման ամբիցիաներն են. «Հայաստանի պայմաններում շատ քչերին է տրւած լինել քաղաքական դաշտում ու չունենալ ամբիցիա։ Արդէն 30 տարի է, ես տեսնում եմ, որ բոլորը ընտրութիւններից առաջ քեզ համոզում են, որ տես, հեսա ինչ եմ անելու, իսկ յետոյ «կռուտիտը» գտնում են, թէ ինչու այդպէս չեղաւ։ Ցաւօք, յետոյ չեն ընդունում, չեն վերլուծում, թէ ինչու այսպէս եղաւ»։
Քաղտեխնոլոգը նկատել է, որ 2018 թւականից յետոյ Նիկոլ Փաշինեանը մնացել է ընդդիմադիր լրագրող, լաւագոյն դէպքում ընդդիմադիր պատգամաւոր, իսկ նախկին իշխանութիւններն էլ մնացել որպէս իշխանութիւն, իրենց մէջ այդ առումով բան չփոխւեց. «Սովորաբար իշխանութիւնը իր քաղաքական գործողութիւններում ամէն ինչ փորձում է հաշւարկել, այսինքն, ռիսկը տանում է զրոյականի։ Իսկ ընդդիմութիւնը միշտ աւելի ռիսկային է, չի հաշւարկում շատ բաներ, աւելի այն էնտուզիազմի, էմոցիաների, հա, պահի տակ է գործում։ Այսօրւայ մեր ընդդիմութիւնը գործում է որպէս իշխանութիւն, ինքը մինչեւ վերջ եթէ չհաշւարկի, թէ սա ինչ ռիսկեր կարա պարունակի, ինքը չի գնում որեւէ գործողութեան»։
Հարցին՝ այս ընտրութիւնը ինչի՞ մասին է լինելու, ո՞ր օրակարգով, ո՞ր գաղափարը կաշխատի, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Իմ կարծիքով, ընտրութիւններին երկու օրակարգ է լինելու՝ անվտանգութիւն եւ սոցիալ-տնտեսական կենցաղային խնդիրներ։ Ես չունեմ լայն, լուրջ սոցիալական ուսումնասիրութիւն, պարզապէս շփւելով տարբեր խաւերի հետ, տարբեր տեղերում, թէ՛ Երեւանում, թէ՛ մարզերում, ստացել եմ այդ տպաւորութիւնը։
Ընտրութիւնների գնացող քաղաքական ուժերը պէտք է առաւելագոյնս փորձեն շփւել հասարակութեան հետ եւ փորձեն անմիջական շփումների ժամանակ մարդկանց շատ ուղիղ հարցնեն, իսկ ի՞նչն է իրենց հետաքրքրում։ Դա առաւելագոյն յստակ սոցիոլոգիական հարցում է լինելու իրենց համար, ստանան պատասխանները ու այդ պատասխանների վրայ կառուցեն արդէն իրենց ծրագրերը։
Եթէ չլինեն նոր մտքեր, ապա Նիկոլ Փաշինեանի՝ իբր խաղաղութիւն բերելու օրակարգով էլ բոլորը կը գնան ընտրութեան»։



