Աւելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնութեան տրամադրումը

ԱՄՆ Կոնգրեսի աւելի քան 100 անդամ՝ 26 սենատոր եւ 75 ներկայացուցիչ, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին ամերիկեան ռազմական օգնութեան տրամադրումը։
Կոնգրեսականների երկկուսակցական եւ երկպալատ նամակը նախաձեռնւել է սենատորներ Գարի Փիթերսի եւ Ադամ Շիֆի, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ Գաս Բիլիրակիսի եւ Ֆրենկ Փալոնիի կողմից։ Նամակին միացել է նաեւ Սենատի դեմոկրատական առաջնորդ Չաք Շումերը։
Կոնգրեսականները Ռուբիոյին ուղղւած հոկտեմբերի 5-ի նամակում անդրադարձել են Ադրբեջանում պահւող հայ բանտարկեալների դատապարտմանը, հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացմանը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինւած ուժերի ներկայութեանը։
Նրանք նշել են, որ ԱՄՆ վարչակազմի կողմից «Ազատութեան աջակցութեան մասին» օրէնքի 907-րդ բաժնի սահմանափակումների գործողութիւնից հրաժարւելը չի յանգեցրել Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակմանը։
«Ակնյայտ է, որ 907-րդ բաժնի գործողութիւնից հրաժարւելու որոշումը չի խթանել Ադրբեջանին՝ քայլեր ձեռնարկելու ռազմագերիների ազատ արձակման ուղղութեամբ»,- ասւում է նամակում։
Կոնգրեսականների գնահատմամբ՝ Ադրբեջանի վարքագիծը կարող է վտանգել տարածաշրջանում արդար եւ երկարաժամկէտ խաղաղութեան հեռանկարը, իսկ 907-րդ բաժնի սահմանափակումների շարունակական շրջանցումը կարող է խրախուսել ապակայունացնող գործողութիւնները։
Նամակում անդրադարձ է կատարւել նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ոչնչացմանը։ Կոնգրեսականները, մասնաւորապէս, նշել են Ստեփանակերտում երկու տաճարների՝ 2026 թւականի ապրիլին ենթադրեալ քանդման մասին հաղորդումները։
Նրանք նաեւ նշել են, որ Ադրբեջանի զինւած ուժերը շարունակում են մնալ Հայաստանի միջազգայնօրէն ճանաչւած տարածքի որոշ հատւածներում՝ 2021 եւ 2022 թւականների ներխուժումներից յետոյ։
Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ վարչակազմին չտրամադրել Ադրբեջանին ռազմական օգնութիւն, քանի դեռ Բաքուն չի ձեռնարկել էական քայլեր՝ հայ բանտարկեալների ազատ արձակման, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան եւ Հայաստանի ինքնիշխան տարածքից իր ուժերի դուրսբերման ուղղութեամբ։
«Ազատութեան աջակցութեան մասին» օրէնքի 907-րդ բաժինը սահմանափակում է Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնութեան տրամադրումը, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել գործնական քայլեր՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ շրջափակումներն ու ուժի կիրառման այլ գործողութիւնները դադարեցնելու ուղղութեամբ։



