«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները մի յայտարարութեամբ պահանջել են դատապարտել Շւեդիայում Ղուրանի նկատմամբ անարգանքը եւ միջազգային բոլոր կառոյցներին կոչ են արել վճռական գործողութիւններ կիրառել ընդդէմ նման դաժան արարքների:
Parstoday.ir-ի համաձայն՝ անցած ուրբաթ օրը, շւեդացի մի կին Շւեդիայի Մալմիօ քաղաքի հրապարակում պղծել էր Ղուրանը։ Այս անձնաւորութիւնը նոյն կինն է, ով պղծել էր Ղուրանը անցեալ շաբաթ Ստոկհոլմում։ Հրապարակւած տեսանիւթում երեւում է, որ այս կինն այս վիրաւորական արարքը կատարում է Շւեդիայի ոստիկանների լիակատար պաշտպանութեամբ, իսկ մուսուլմանները Պաղեստինի դրօշն իրենց ձեռքում՝ վանկարկում են նրա դէմ ու պաշտպանում Իսլամի սրբութիւնները։
Այս վիրաւորական գործողութիւնից յետոյ Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները մի յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշել են. «Ղուրանը պղծելը հակագաղափարական, հակաէթիկական եւ հակամարդկային արարք է եւ Ղուրանը խօսքի ազատութեան պահանջատերերի կողմից պղծելը, որին աջակցում է համաշխարհային իմպերիալիզմը, սիոնիստական ռեժիմը եւ Շւեդիայում արեւմտեան գործակալներն ու իշխանութիւնը՝ համարւում է մշակութային յանցագործութիւն»։
Այս յայտարարութեան մէջ նաեւ գրւած է. «Մենք՝ Իրանի Իսլամական խորհրդարանում միաստվածային կրօնների պատգամաւորներս, պահանջում ենք միջազգային բոլոր կառոյցների վճռական գործողութիւններն՝ ընդդէմ նման դաժան արարքների եւ մուսուլման եղբայրների ու քոյրերի զգացմունքները վիրաւորելու, եւ մենք պահանջում ենք աշխարհի բոլոր ազատախոհներին կանգնել մուսուլմանների կողքին՝ պայքարելու բոլոր սրբութիւնները վիրաւորելու եւ ատելութիւն տարածելու նողկալի քաղաքականութեան դէմ»։
Յայտարարութիւնը ստորագրել են՝ Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Իրանի ասորի եւ քաղդեացի քրիստոնեաների պատգամաւոր՝ Շառլի Էնւիէ Թեքիէն, Իրանի զրադաշտականների պատգամաւոր՝ Էսֆանդիար Էխթիարին եւ Իրանի հրեաների պատգամաւոր Հոմայուն Սամեհ Եահ Նաջաֆաբադին։