Ռուս փորձագէտ. «Հարաւային Կովկասում իրավիճակը կախւած կը լինի Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններից»
Պատմական գիտութիւնների դոկտոր, Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի ԷՄՕ գլխաւոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է Ադրբեջանի հետագայ գործողութիւններին եւ Հարաւային Կովկասում հակամարտութեան սրման հաւանականութեանը։
Փորձագէտի կարծիքով, Հարաւային Կովկասում իրավիճակի հետագայ զարգացումը կախւած կը լինի Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններից։
«Ադրբեջանը շարունակելու է նոր պահանջներ ներկայացնել։ Այս քաղաքականութիւնը նրանց թելադրում է ստեղծւած իրավիճակը։ Ադրբեջանի դիրքերն այժմ աւելի ամուր են, քան երբեւէ։ Նրանք (Ադրբեջանը) անընդհատ հող են նախապատրաստում էսկալացիայի համար։ Նրանք դա անում են վերջին 30 տարիների ընթացքում: Եւ իսկապէս շատ բանի են հասել։ Այդ 11.500 քառակուսի կիլոմետրը, որ գտնւում էր Հայաստանի վերահսկողութեան տակ, այժմ վերադարձել է իրենց վերահսկողութեանը։ Այնպէս որ, նրանք այս քաղաքականութիւնը կը շարունակեն ապագայում։ Նրանք կօգտւեն նպաստաւոր իրավիճակից, եթէ այն ստեղծւի։
Այստեղ ամենակարեւորն այն է, թէ ինչպէս կարող է այն զարգանալ։ Եթէ այժմ գործնականում դրւում են ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ յարաբերութիւնները խզելու եւ ռուսական բազան դուրս բերելու պահանջները, և, իրօք, Ռուսաստանի հետ յարաբերութիւններն այնքան են փչանում, որ ռուսական զօրքերը եւ սահմանապահները հեռանում են Հայաստանից, ապա, իհարկէ, այնպիսի իրավիճակը կը ստեղծւի, որ այդ դէպքում ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան կարող են խնդիրը լուծելու այնպէս, ինչպէս իրենք են ցանկանում։ Ուստի այստեղ ես ուշադրութիւն կը դարձնէի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցութեանը ռազմական ոլորտում։ Դրանից կախւած կը լինի Հարաւային Կովկասում իրավիճակի հետագայ զարգացումը»,- ասել է Կռիլովը: