Հայաստան - Արցախ

Գագիկ Համբարեան. «Փաշինեանը նոյնիսկ կը համաձայնի լինել «Արեւմտեան Ադրբեջանի» կառավարիչ, Ալիեւի ձեռքի տակ, միայն թէ նստի աթոռին»

Հայաստանում գնալով ակտիւանում են առաջիկայ հնարաւոր ԱԺ արտահերթ ընտրութիւնների մասին քննարկումները: Իշխանութիւններն արդէն իսկ գործի են անցել՝ հող նախապատրաստելու վերջին 5 տարում 4-րդ արտահերթ ընտրութիւնների անցկացման համար: Դրա վկայութիւնը Նիկոլ Փաշինեանի «ճամփորդութիւններն» են՝ հանրապետութեան մարզային բնակավայրեր:

Իսկ մի շարք ՏԻՄ ընտրութիւններում իշխող ուժն ամէն գնով պահել է իր քաղաքական ազդեցութիւնը: ՔՊ-ականներն էլ ակտիւ քայլեր են իրականացնում՝ իրենց ճամբար հնարաւորինս մեծաթիւ մարդկանց ներգրաւելու համար:

Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը 168.am-ի հետ զրոյցում համոզմունք յայտնեց, որ գործող իշխանութիւններին արտահերթ ընտրութիւններն անհրաժեշտ են միայն մէկ նպատակով՝ լեգիտիմացնելու իրենց հերթական դաւաճանութիւնը՝ ստորագրելու, այսպէս կոչւած, «խաղաղութեան պայմանագիրը»: Իսկ այդ պայմանագիրը, ըստ Համբարեանի, Ադրբեջանը չի պատրաստւում ստորագրել Հայաստանի համար ցանկալի սցենարով:

«Ադրբեջանն ուղղակիօրէն պարտադրում է Հայաստանին՝ ստորագրել խաղաղութեան պայմանագիրը՝ բաց թողնելով սահմանազատման եւ սահմանագծման դրոյթը: Բայրամովը շատ պարզ ասաց, որ կարելի է ստորագրել խաղաղութեան պայմանագիր, իսկ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնել յետոյ: Խնդիրն այստեղ այն է, որ Ադրբեջանի իշխանութիւնները չեն ցանկանում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականութեան 29.800 քկմ.-ն, քանի որ իրենք հասել են իրենց ուզածին. ամբողջութեամբ կլանել ու հայաթափել են Արցախը, օկուպացրել են ՀՀ-ի համար ռազմավարական տեսանկիւնից շատ կարեւոր տարածքներ: Ադրբեջանը գրեթէ ամբողջութեամբ վերահսկում է Սիւնիքի ու Վայոց Ձորի մարզով անցնող բոլոր աւտոմայրուղիները, խմելու ջրի բաւականին մեծ պաշարներ: Ադրբեջանը վերահսկում է կարեւորագոյն այնպիսի բարձունքներ, ինչպիսիք են Իշխանասարը, Սոթք-Խոզնաւար հատւածը, ինչպիսին են Ջերմուկի մատոյցները: Պատմութեան մէջ չի եղել, որ թուրքը լինի Ջերմուկից՝ 2 կմ., իսկ Կապանից՝ ընդամէնը 200 մետր հեռավարութեան վրայ: Ադրբեջանը վերահսկում է նաեւ Ներքին Հանդի տարածքները:

Իրենց գործընկերների, յատկապէս ԵՄ պաշտօնեայ Շառլ Միշէլի անմիջական ակտիւ ջանքերի շնորհիւ, Հայաստանն ուղղակիօրէն հրաժարւեց Արցախից ու ճանաչեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականութիւնը՝ 86.600 քկմ.-ով», ներառեալ նաեւ Արցախը: Իսկ դրա դիմաց մենք ստացանք «երեք մատի կոմբինացիա»»,- ցաւով համոզմունք յայտնեց քաղաքագէտը՝ յաւելելով, որ այդ ամբողջ գործընթացի շարունակութեան համար ՀՀ իշխանութիւններին պէտք է հերթական անգամ «ապացուցել» իրենց լեգիտիմութիւնը՝ մեղքը ժողովրդի վրայ բարդելով:

Յիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ՀՀ սուվերեն տարածք ապօրինի ներխուժման հետեւանքով օկուպացրել է շուրջ 200 քկմ. տարածք: Այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինեանը բազմիցս առաջարկել է ադրբեջանական կողմին՝ զօրքերը հայելային ձեւով հետ քաշել, սակայն, ադրբեջանական կողմը չի ընդունել այդ առաջարկները:

Իսկ նախօրէին, Թուրքիայի ԱԳՆ-ի հետ հանդիպմանն Ադրբեջանի արտաքին գերատեսչութեան ղեկավար Ջէյհուն Բայրամովը նաեւ ասել էր, որ իրենք չեն պատրաստւում հետ քաշել ադրբեջանական զօրքերը՝ ՀՀ սուվերեն տարածքից, քանի որ սահմանագծում ու սահմանազատում արւած չէ:

«Նիկոլն էլ, ինչպէս Արցախի 75 տոկոսը յանձնելուց յետոյ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպեց ու վերարտադրւեց իշխանութիւնում, պարտութիւնը բարդելով ժողովրդի վրայ, այնպէս էլ հիմա է անելու: Ասելու է՝ պայմանագիրը ստորագրեցի, դէ, թող ժողովուրդը հիմա ասի, թէ ում է վստահում: Կրկին կը վերարտադրւի իշխանութիւնում, եւ դրանով կը տրւի ՀՀ 3-րդ Հանրապետութեան կործանման սկիզբը: Եթէ որեւէ մէկը երազում է, որ Նիկոլը վերընտրելով եւ Խաղաղութեան պայմանագիր ստորագրելով՝ Հայաստանն ազատւելու է բոլոր տեսակի խնդիրներից՝ չարաչար սխալւում է: Պանդորայի արկղը նոր է բացւելու, եւ թուրք-ադրբեջանական տանդեմն անցնելու է իր հակահայկական նոր ծրագրերին, որի վերջնարդիւնքը պէտք է լինի հայերի բռնի գաղթն ու ՀՀ տարածքն «Արեւմտեան Ադրբեջանի» վերածելը»,- ասաց Գագիկ Համբարեանը:

Հայաստանում հնարաւոր արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման դէմ է արտայայտւում նաեւ ընդդիմադիր թեւը՝ հասկանալով դրանց հնարաւոր հետեւանքները:

Այդուհանդերձ, Գագիկ Համբարեանի գնահատմամբ, այդ ընտրութիւնների անցկացումը թոյլ չտալու համար հակաքայլերը բաւարար չեն:

«Ընդդիմութիւնը շատ լաւ գիտի, որ շատ թոյլ է, եւ իր բոլոր ձախողումներն է՛լ աւելի են ուժեղացրել Նիկոլի իշխանութիւնը: Ընդդիմութիւնը շատ լաւ գիտի, որ նաեւ իր վարկանիշն է ցածր: Նաեւ այդ պատճառով չի ցանկանում, որպէսզի տեղի ունենան այդ ընտրութիւնները»,- ասաց քաղաքագէտը:

Իսկ Փաշինեանն այս ընթացքում արդէն իսկ, կարծես, մեկնարկել է իր քարոզարշաւը՝ մարզերում ու գիւղական բնակավայրերում:

«Պատահական չեն նաեւ Փաշինեանի կողմից տարբեր համայնքներում տարւող իշխանազաւթումները: Գիտէք, Ախուրեան համայնքում, դրանից առաջ՝ Շիրակի մարզի Անի խոշորացւած համայնքում, Ալավերդիում տեղի ունեցած խայտառակ դէպքերն էլ չենք կարող մոռանալ: Այնպէս որ՝ «քայլիստներն» ամէն ինչի դիմում են, որպէսզի ՏԻՄ-երում ուժեղացնեն իրենց դիրքերը, կիրառել վարչական բոլոր ռեսուրսները՝ իշխանութիւնում վերընտրւելու համար»,- համոզմունք յայտնեց քաղաքագէտ Գագիկ Համբարեանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս իշխանութիւնների անցկացրած իւրաքանչիւր արտահերթ ընտրութիւն նոր ողբերգութեան ու պատերազմի մեկնարկ է դառնում՝ Համբարեանն ասաց, որ Նիկոլ Փաշինեանը դրա մասին չի մտածում: Ըստ նրա՝ Փաշինեանի միակ նպատակն իշխանական աթոռը պահելն է:

«Իրենք սարսափում են իշխանութեան կորստից: Իրենք շատ լաւ գիտեն, որ այդ դէպքում իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրն ինչ է լինելու: Ու քանի որ այդ վտանգը զգում են, գիշատչային բնազդով են պաշտպանում իրենց իշխանութիւնը: Իրենք արհամարհած ունեն ե՛ւ ՀՀ շահերը, ե՛ւ հայ ժողովրդի շահերը, կարեւորն իրենք իշխանութիւն ունենան: Համոզւած եմ, որ Փաշինեանը նոյնիսկ կը համաձայնի լինել «Արեւմտեան Ադրբեջանի» կառավարիչ, Ալիեւի ձեռքի տակ, միայն թէ ինքն աթոռ ունենայ Երեւանում: Կապ չունի՝ Երեւանը կը դառնայ «Իրեւա՞ն», թէ՞ չէ»,- ցաւով արձանագրեց Համբարեանը:

Այս համատեքստում քաղաքագէտը պատահական չհամարեց նաեւ Բաքւում սպասւող առաջիկայ նախագահական ընտրութիւնները: Ըստ նրա՝ դա Ալիեւին պէտք է կապիտալիզացնելու եւ ամրապնդելու անցած 3 տարիներին տարած «յաղթանակները», իսկ պարտւած հարեւանին ստիպելու շարունակել կատարել իր բարձրացրած պահանջները:

«Քանի դեռ իր վարկանիշն ադրբեջանական հասարակութեան մօտ բաւականին բարձր է, քանի որ ինքը համարւում է յաղթանակ տարած ղեկավար, մարդ, ով կատարել է իր խոստումները, ինքը հիմա փորձում է արագընթաց, է՛լ աւելի ամրապնդել իր դիրքերը՝ իշխանութեան աթոռին: Այսպիսով նա հնարաւորութիւն կունենայ նաեւ շարունակելու իր նէոպանթուրանական ու նէոպանօսմանական ծրագիրը, որի կնքահայրը Թուրքիայի նախագահ Էրդողանն է»,- ասաց քաղաքագէտ Գագիկ Համբարեանը:

Related Articles

Back to top button