Տիգրան Աբրահամեան. «Ալիեւը Տաւուշի մարզի այս հատւածները վերցնելով՝ իր զօրքը մխրճում է Հայաստանի տարածքի մէջ»
Տաւուշի մարզի անվտանգութեան գօտին Ալիեւին յանձնած իշխանութեան ներկայացուցիչ, Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը սահմանազատման անւան տակ իրենց կողմից իրականացւող քայլը համարում է ձեռքբերում եւ պնդում՝ եղած լուծումներից՝ սա ամենալաւն է։
Մինչդեռ սրան հակառակ տեսակէտ է յայտնում ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը եւ կատարւածը համարում է Հայաստանի ականապատում՝ ընդգծելով, որ երկրի տարածքի յանձնումն իշխանութեան ներկայացուցչի կողմից ձեռքբերում համարելը տարօրինակ չէ, քանի որ նման բան են ասում մարդիկ, որոնք հպարտանում էին, որ Արցախը կարողացել են յանձնել Ադրբեջանին:
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղարը նաեւ ընդգծեց. «Կիրանցում բոլոր առումներով տեղի է ունենում ապօրինութիւն. խնդիրն այստեղ անգամ այն չէ, որ այս իշխանութիւնը սահմանը բերում եւ անցկացնում է Կիրանց գիւղի միջով։ Խնդիրն անգամ այն չէ, որ ադրբեջանական կողմին են անցնում Հայաստանի Կադաստրի կոմիտէի հաստատումն ունեցող տներ, անցնում է ճանապարհ. խնդիրն այն է, որ այդ գործընթացն է, որը կոչւում է, իբր թէ, սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց, անօրինական է նրանով, որ որոշումներ են կայացնում մարմիններ, պաշտօնեաներ, որոնք դրա իրաւասութիւնը չունեն, յանձնւում են տարածքներ, որոնք այդ մարդիկ յանձնելու լիազօրութիւններ չունեն։ Իշխանութեան նպատակը ոչ թէ քարտէզների վրայ սահմանագծում եւ սահմանազատում անելն է, այլ կայ պայմանաւորւածութիւն որոշ ուղղութիւններով Ադրբեջանին զիջումներ անելու։ Հայաստանի այս իշխանութիւնը հէնց դա է անում»:
Պատգամաւորը շեշտեց՝ այն, ինչ կատարւում է հիմա Տաւուշում, ցոյց է տալիս Հայաստանի իշխանութեան իրական նպատակն ու դաւադրութիւնը:
«Դաւադրութիւն է, որն այս պահին արտայայտւած է Տաւուշում, որտեղ երկարատեւ գործածման ականներ են տեղադրւում, որոնք Հաայստանի Հանրապետութեան տարբեր հատւածներում են ունենալու ծանր հետեւանքներ»,- ասաց Աբրահամեանը։
Ինչ վերաբերում է իշխանութեան ներկայացուցիչների տարածած եւ որպէս ձեռքբերում ներկայացւող՝ Տաւուշի մարզում Ադրբեջանից 25 հեկտար տարածք ստանալու մասին լուրերին, ապա Աբրահամենը նշեց՝ դրանք ի սկզբանէ ռազմական նշանակութեան տարածքներ են, որոնք եղել են մեր վերահսկողութեան տակ։
«Իշխանութիւնը փորձում է սովորական իրադրութիւնը մեծ յաղթանակ ներկայացնել եւ ցոյց տալ, թէ ադրբեջանական կողմը մեզ 25 հեկտար է զիջել, իրականում, սակայն, այդ տարածքը գտնւել է հայկական կողմի ենթակայութեան տակ եւ ունեցել այլ նշանակութիւն»,- ասաց պատգամաւորը՝ շեշտելով, որ, խոշոր հաշւով, այսօր Տաւուշում տեղի ունեցողով Ադրբեջանը լուծում է իր համար ռազմավարական նշանակութեան հարցեր։
«Ադրբեջանն ընտրել է Տաւուշի մարզը եւ չի սկսել, օրինակ, սահմանագծում եւ սահմանազատում անել Բագրատաշէնից, որովհետեւ Տաւուշի մարզի այս հատւածները վերցնելով՝ մխրճւում է Հայաստանի տարածք։ Ադրբեջանը տեսել է, որ իր համար կայ Հայաստանի իշխանութիւնների ժամանակ բարենպաստ պայման, որով Հայաստանի տարածքի մէջ է մխրճւել, մտել այնպիսի տարածքներ, որոնք երկարաժամկէտ անվտանգային սպառնալիքներ են առաջացնելու Հայաստանի համար։ Փաշինեանը սա միանշանակ գիտի։ Իհարկէ, կարող են պետական համակարգում լինել մարդիկ, որ սա չհասկանան, բայց Փաշինեանն ու իր շուրջը կանգնած մօտ 10 հոգին սա գիտեն։ Տեղի է ունենում Հայաստանի ականապատում։ Սա պայթելու է եւ լրջագոյն խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար»,- ասաց Աբրահամեանը։