Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Ի՞նչ ձեռքբերումներ էք ունեցել, որ հիմա էլ ուզում էք պահել. Արցախը յանձե՞լն է ձեռքբերում, թէ՞ Բաքւում պահւող գերիները»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու  ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները փետրւարի 21-ին  Գիւմրու «Հոկտեմբեր» կինօթատրոնում հանդիպեցին քաղաքի բնակիչների հետ՝ խօսելով օրւայ իշխանութեան ձախողումների, հեռացման անհրաժեշտութեան, գերիների, քաղբանտարկեալների, մասնաւորապէս՝ Միքայէլ Սրբազանի ու Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեան կալանաւորման,  կուտակած պարտքերի, տնտեսութեան ողբերգական վիճակի  մասին։ Հանդիպման սկզբում ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի առաջարկով ներկաները ողջունեցին Շիրակի թեմի՝ տնային կալանքի տակ գտնւող առաջնորդ Միքայէլ Սրբազանին ու Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանին։ Իշխան Սաղաթէլեանն իր խօսքը սկսեց այս իշխանութեան գործած «չարիքներից», անդրադարձ կատարեց 2026 թւականի ընտրութիւններին եւ իրենց անելիքներին։

Բանախօսի խօսքով՝ ՔՊ-ն փորձելու է կրկին խաբել ժողովրդին, եւ հիմնական թէզը լինելու է այն, որ կը բերեն խաղաղութիւն։ «Եթէ 2026 թւականի յունիսի 7-ին չընտրւենք մենք, այլ ընտրւի մէկ այլ իշխանութիւն, կը լինի պատերազմ, իսկ մենք հասել ենք արդէն խաղաղութեան։ Էս վերջին օրերին ինչ են ասում ձեզ, ասում են հետեւեալը, եթէ մեր վերարտադրութիւնը տեղի չունենայ, մեր ձեռքբերումները կը կորեն եւ տեղի կունենայ պատերազմ, եւ ասում են՝ եթէ մեզանից բացի այլ ուժ գայ իշխանութեան, դա հաւասար է պատերազմի։ Ըստ էութեան ձեզ ասում են՝ քանի Ալիեւը կայ, դուք պարտաւոր էք ընտրել Նիկոլ Փաշինեանին, որովհետեւ եթէ մէկ ուրիշը լինի, պատերազմ է լինում։ Սա ամենամեծ կեղծիքն է, պատերազմ մեր երկրին, ժողովրդին բերել է էսօրւայ իշխանութիւնը, եւ սրանց վերաարտադրութիւնը լինելու է Հայաստանից նոր տարածքային զիջումը։ Սրանք խաղաղութեան հետ որեւէ առնչութիւն չունեն, ինչպէս ժողովրդավարութեան պարագայում, այնպէս էլ  խաղաղութեան, այս ռեժիմը խաղաղութեան թշնամի է։ Նայեք սրանց կառավարման 7 տարիները, իւրաքանչիւր տարի Հայաստանից եղել են զիջումներ, այս մարդն ի՞նչ իրաւունք ունի խօսել խաղաղութիւնից»,- ասաց Իշխան Սաղաթէլեանը՝ հարցադրելով. «որո՞նք են այս իշխանութեան ձեռքբերումները՝ Արցախը յանձնե՞լը, Հայաստանից շուրջ 200 կիլոմետր քառակուսի յանձե՞լը, թէ՞ Ադրբեջանում գերիներ ունենալը։ Սրանց ձեռքբերումը շարունակական զիջումներ են»,-յայտարարեց Իշխան Սաղաթէլեանը։

Related Articles

Back to top button