Քաղաքական

Կովկասեան Ալբանիա. Պատմութեան ժողովրդականացումը չպէտք է այն աղաւաղի

«ԱԼԻՔ» – Յուլիսի 24-ին Osservatore Romano թերթում լոյս տեսած, այսպէս կոչւած, ալբանական եկեղեցու կեղծ թէզին ի պատասխան, նոյն թերթի օգոստոսի 1-ի համարում Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական ներկայացուցիչ եւ Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատւիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի իտալերէն յօդւածի հայերէն թարգմանութիւնը ներկայացնում ենք ստորեւ

«Յուլիսի 24-ին հրապարակւած «Ճամբորդութիւն հին Կովկասեան Ալբանիայում. դէպի Քրիստոնէութեան արմատները» յօդւածում հեղինակ Ռոսելա Ֆաբիանին փորձում է ընթերցողին ծանօթացնել, Արեւմուտքում լայնօրէն անտեսւած, արեւելեան Կովկասի քրիստոնէութեան ակունքների եւ նրա մշակութային ժառանգութեան հետ։ Սակայն այդ տեքստում նշմարւող ոգեւորւածութեանը չի կարող զոհ գնալ պատմական տեղեկատւութեան ճշգրտութիւնը, որը յօդւածի մի շարք հատւածներում թերի է։ Անցեալի վերարտադրութիւնը առաջին հերթին պահանջում է աղբիւրների եւ դրանց օգտագործման մեթոդների ճանաչողութիւն եւ նրանց հանդէպ հաւատարմութիւն, հակառակ դէպքում կարելի է ստանալ պատմութեան խեղաթիւրւած եւ շեղող պատկեր, նպաստելով թիւրիմացութեանը, յատկապէս այնտեղ, որտեղ դեռ չի ձեւաւորւել պատմական փաստերի վերականգնման միասնական մօտեցում։

Մանրամասն պատմական վերլուծութիւն կատարելու փոխարէն, ցանկանում եմ անդրադառնալ միայն յօդւածի որոշ կէտերին։

Օրինակ, զարմացնում է հին Կովկասեան Ալբանիայի աշխարհագրական սահմանումը՝ որպէս տարածք, որն «սփռւում էր լեռներից՝ հիւսիսում, մինչեւ Արաքս գետը՝ հարաւում, եւ Կասպից ծովից՝ արեւելքում մինչեւ Վրաստանի (այն ժամանակ Իբերիայի) սահմանները՝ արեւմուտքում»։ Առաջին հերթին, անտեսւում է Հայաստանի գոյութիւնը՝ Կովկասի հին թագաւորութիւններից մէկը, որի հետ ըստ բոլոր դասական եւ հայ աղբիւրների՝ սահմանակցում էր Ալբանիան։ Միւս կողմից, Ալբանիայի տարածումը մինչեւ Արաքս գետ հակասում է այդ նոյն աղբիւրների վկայութիւններին։ Մինչդեռ այս աղբիւրները հաստատում են, որ Ալբանիան տարածւում էր Կուրա գետից դէպի հիւսիս, որտեղ գտնւում էին երկրի քաղաքական եւ կրօնական կենտրոնը, աղւանական եկեղեցիներից աւանդաբար առաջինը համարւողը եւ որտեղ յայտնաբերւել են մինչ այսօր յայտնի միակ եօթ աղւանական արձանագրութիւնները։ Միայն 4-րդ դարի վերջում հարաւային հողերը, որոնք տարածւում էին մինչեւ Արաքս գետը, միացւեցին Ալբանիայի սկզբնական տարածքին:

Քրիստոնէութեան ներթափանցումը Կովկասում եւ այդ տարածաշրջանում ձեւաւորւած երեք՝ աղւանից, հայ եւ վրաց ազգային եկեղեցիների միջեւ յարաբերութիւնները բարդ թեմա է, որը դեռ ամբողջութեամբ պարզւած չէ։ Կովկասեան քրիստոնէութեան ծագումը I-ին դարում համարւում է օրինականօրէն ձեռքբերւած աւանդութիւն, որ  տարածաշրջանային բոլոր Եկեղեցիները ընդունում են եւ տեսնում են դրանում իրենց առաքելականութեան հիմնաւորումը։ Նմանապէս, միասնականօրէն ընդունում են քրիստոնէացման գործընթացի երկրորդ փուլը, որը սկսում է 4-րդ դարից, երբ կովկասեան թագաւորութիւնների վերնախաւը դառնում է քրիստոնեայ, եւ քրիստոնէութիւնը վերածւում է պետական կրօնի։ Այս համատեքստում տարօրինակ է, որ յօդւածի հեղինակը, խօսելով Սինայի աղւանական պալիմփսեստների կարեւոր յայտնագործութեան մասին, պնդում է, որ դրանք հաստատում են Կովկասեան Ալբանիայի առաջին եկեղեցիների գոյութիւնը արդէն I-ին դարում։

Պալիմփսեստների նշանակալի ներդրումը Աղւանքի պատմութեան եւ ընդհանրապէս Կովկասի ուսումնասիրութեան մէջ չի վերաբերում քրիստոնէութեան այնտեղ հասնելու ժամկէտին։ Նրանք ապացուցում են, որ հայ աղբիւրները, յատկապէս պատմիչ Կորիւնը իրաւացիօրէն վկայում էին Կովկասում առկայ երեք այբուբենների մասին՝ հայերէն, աղւաներէն եւ վրացերէն, որոնք ծառայում էին Աստւածաշնչի թարգմանութեանը արդէն V դարի սկզբին:

Հայ եւ Աղւանից եկեղեցիների փոխյարաբերութիւնները դժւար էին արդէն իրենց գոյութեան առաջին դարերից։ Հայ եկեղեցին խորը ազդեցութիւն է ունեցել  Աղւանից եկեղեցու վրայ, այնքան որ վերջինս միջնադարում զգալիօրէն հայկականացւած էր։ Այս երեւոյթի վերաբերեալ պալիմփսեստները եւս կարող են նոր լուսաբանութիւնների աղբիւր ներկայանալ։ Այս ձեռագրերի խմբագիրներից մէկը՝ Եօստ Գիպերտը, արդարացիօրէն յայտնի է դարձնում, որ երկու պալիմփսեստներից մէկում առկայ «Յովհաննէսի աւետարանի» աղւանական տարբերակը կրում է հայկական տարբերակի ազդեցութիւնը։ Սակայն, այդ յարաբերութիւնների բարդութիւնը անտեսելով, Ռոսելա Ֆաբիանին պնդում է, որ Աղւանից եկեղեցու «հայկականացումը» սկսւում է 19-րդ դարի սկզբներից՝ նշելով 1828 թւականի Թուրքմենչայի պայմանագիրը եւ 1836 թւականին Նիկոլայ I-ի հրամանով Աղւանից եկեղեցու լուծարումը եւ Հայ եկեղեցուն ենթարկումը։

Եթէ ճիշտ է, ապա ինչպէ՞ս կարելի է բացատրել, որ 1724 թւականին Աղւանից եկեղեցու հաւատացեալների կողմից ռուսաց ցար Պետրոս I-ին ուղղւած խնդրագիրը, որտեղ նրանք հայցում էին կայսեր պաշտպանութիւնը, գրւած է հայերէն, եւ որ այն ժամանակւայ Աղւանից եկեղեցու կաթողիկոս Էսայի Հասան-Ջալալեանը (1702-1728), որն ազնւական ընտանիքից էր եւ գլխաւորում էր կաթողիկոսութիւնը, գրել էր իր «Պատմութիւն համառօտ Աղւանից երկրի» հայերէն՝ իր գործի սկզբում թւարկելով նախորդ պատմիչներին, այդ թւում «մեր հայ ազգի» պատմիչներին:

Եւ ինչպէ՞ս է, որ Արցախի (այդպէս են հայերէն անւանում այդ հողերը) եկեղեցիները, որոնք ենթարկւում էին Աղւանից կաթողիկոսութեան իրաւասութեանը, ունեն միայն հայերէն արձանագրութիւններ, որոնք թւագրւում են առնւազն XI-XII դարերով, մինչդեռ աղւանականների հետք չկայ։

Արեւելագէտ Յովսէփ Օրբէլու ուսումնասիրած շուրջ հազար արձանագրութիւնները, որոնք պատկանում են Աղւանաց եկեղեցուն, եւ որոնց անդրադառնում է Ռոսելա Ֆաբիանին, արդարեւ բոլորը հայերէն են եւ կատարւել են այդ եկեղեցու՝ 19-րդ դարի սկզբին Հայ եկեղեցուն ենթարկւելուց մի քանի դար առաջ։

Նման թեմաներով խօսելը, առանց սեփական կարծիքների ծանրութիւնը հաշւի առնելու, էթիկական խնդիր է առաջացնում։ Դա յատկապէս մտահոգիչ է, երբ պատմական հարցերը ներխուժում են իրականութեան մէջ՝ սրելով լարւածութիւնը, պատճառելով հազարաւոր մարդկանց մահը եւ ստիպելով տասնեակ հազար հայերի լքելու իրենց պատմական հայրենիքը»։

Related Articles

Back to top button