Շահաւէ՞տ, թէ՞ ժամանակից առաջ չնկնելու քաղաքականութիւն
Ինչ է գրում մեդիան բանակցութիւնների չորրորդ փուլի մասին

project-syndicate.
«Միջուկային «դէէսկալացիայի» հասնելու պատուհանը կարող է նեղ լինել, բայց այն դէպի միւս կողմը բացւող իրական լուսամուտ է»
«ԱԼԻՔ» – Չնայած Իրանն ու ԱՄՆ-ն դեռեւս հեռու են Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հիմնական հարցերի շուրջ համաձայնութիւնից, անուղղակի բանակցութիւնների նոր փուլը ցոյց տւեց, որ երկու կողմերն էլ դիւանագիտութիւնն են համարում որպէս նախընտրելի տարբերակ։ Միջուկային «դէէսկալացիայի» հասնելու պատուհանը կարող է նեղ լինել, բայց այն դէպի միւս կողմը բացւող իրական լուսամուտ է։
Սակայն երկար տարիներից յետոյ առաջին անգամ լաւատեսութեան առիթ կայ: Այս պահը առանձնանում է ոչ թէ դիրքորոշումների յանկարծակի մերձեցմամբ, այլ այն ընդհանուր գիտակցմամբ, որ դիւանագիտութիւնը նախընտրելի է առճակատման դիմաց: Այս մասին համակարծիք են երկու կողմերի մեդիափորձագէտները, ովքեր վերջին շաբաթների ընթացքում նկատել են, որ դիւանագիտութիւնը փակ դռներից երբեմն տեղափոխւել է մամուլի հարթակ եւ լարւած վիճակը լիցքաթափել մեդիա-քաղաքականութեամբ:
Նոյն վերլուծական կենտրոնների կարծիքով Արեւմուտքի մեծ մասի համար ներկայ իրավիճակով է պայմանաւորւած շատ բան: Յունիսի վերջին դիւանագիտական առաջընթացի բացակայութեան դէպքում ԱՄՆ-ն ստիպւած կը լինի ընթացք տալ «snapback»-ին՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնմանը։ Սակայն դա կարող է ոչնչացնել դիւանագիտական ուղու մնացած մասը, ստիպել Իրանին դուրս գալ Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրից եւ մեծացնել ռազմական հակամարտութեան ռիսկը։
Այս կապակցութեամբ ուշագրաւ գրառում է հրապարակել տելեգրամային վերլուծական ալիքներից իրանական DiploNews-ը, որտեղ փորձագէտը թւարկել է չորրորդ փուլի արդիւնքների մասին բարձրաձայնւող առաջընթացով պայմանաւորւած առաջընթացը կամ նոյնիսկ անյաջողութիւնները:
«Իրան-ԱՄՆ բանակցութիւնների չորրորդ փուլը տեղի ունեցաւ, մինչդեռ իրանական եւ ամերիկեան բանակցողների կողմից յարաբերական լաւատեսութեան մասին վկայող արձագանքները անհամատեղելի են ամերիկեան կողմի ագրեսիւ եւ սպառնալից մօտեցման եւ վերջին օրերին երկու կողմերի կողմից կարմիր գծերի վրայ շեշտադրման հետ։
Իրանցի պաշտօնեաները պարբերաբար յայտարարութիւններ են անում, կարծես պատրաստ են անսահմանափակ ժամկէտով բանակցութիւնների։
Ամերիկեան կողմը նշել է, որ ԱՄՆ պաշտօնեաները ոգեւորւած են Իրանի հետ բանակցութիւնների չորրորդ փուլով, եւ որ Իրանի հետ բանակցութիւնները տանելու են դէպի տեխնիկական ասպեկտների քննարկման փուլ:
Սա այն դէպքում, երբ Վիտկոֆը նախկինում յստակօրէն յայտարարել էր, որ եթէ բանակցութիւնների չորրորդ փուլը չը հանգեցնի ցանկալի արդիւնքի, կը դադարեցւի բանակցային գործընթացը:
ԱՄՆ-Իրան համաձայնագրի տեխնիկական կողմերի ուսումնասիրութեան շարունակութիւնը անուղղակիօրէն ենթադրում է, որ ձեռք է բերւել փոխադարձ համաձայնեցւած «շրջանակ»։
Սակայն պարզ չէ՝ Միացեալ Նահանգները համաձայնե՞լ է պահպանել հարստացման ցիկլը Իրանի տարածքում, թէ՞ Իրանը համաձայնե՞լ է ամբողջութեամբ դադարեցնել հարստացումը։
Այս կապակցութեամբ երկու սենարի մասին կարելի է ենթադրութիւններ անել՝
Ա.
Իրանը զիջումների է գնացել, որոնց նախկինում համաձայնելը քիչ հաւանական էր։ Նման զիջումների դիմաց Միացեալ Նահանգները ընդունել է իրանական հողում 3.67% հարստացնելու իրաւունքը եւ հետ է կանգնել վերջին օրերին իր կոշտ դիրքորոշումից՝ Իրանի հողում հարստացման ցիկլը լիովին դադարեցնելու վերաբերեալ։
Բ.
Բանակցութիւններն այնքան էլ դրական չեն եղել, իսկ կողմերից ոչ մէկը չի նահանջել իր կարմիր գծերից։ Սակայն Միացեալ Նահանգները համաձայնութեան է եկել Իրանի հետ, որ քանի դեռ Թրամփի այցը տարածաշրջան անհետաձգելի իրողութիւն է, կողմերը պէտք է բանակցութիւնների չորրորդ փուլն աւարտեն դրական յայտարարութիւններով, թէ բանակցութիւնները կառուցողական են, եւ չյայտարարեն բանակցութիւնների ձախողման մասին: Սա կողմերին կը տայ նաեւ առիթ՝ ապագայում եւս շփումները շարունակելու։
Բանը նրանում է, որ Թրամփին պէտք է Իրանի հետ բանակցութիւնները արդիւնաւէտ աւարտին հասցնելը, ինչպէս նաեւ շօշափելի նւաճումներով տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում Եմենի դիմադրութեան հետ խաղաղութիւն յայտարարելը, նաեւ արաբական կառավարութիւններին, մասնաւորապէս՝ Սաուդեան Արաբիային, թելադրել Միացեալ Նահանգներին հարկաւոր համաձայնագիրը։
ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագրի հաւանականութեան աճը կարող է նպաստել արաբական լիգայի անվտանգութեան վերաբերեալ մտահոգութիւնների վերացմանը:
ԱՄՆ-ը փորձում է համոզել, որ տարածաշրջանային մթնոլորտը ռազմական սպառնալիքներից կը փոխւի տնտեսական նախագծերի եւ ենթակառուցւածքային ներդրումների, ինչպիսիք են Սաուդեան Արաբիայի «Տեսլական 2030»-ը եւ ԱՄԷ-ի զարգացման ծրագրերը։
Իհարկէ, կայ մէկ այլ հնարաւորութիւն, եւ դա Իրանի հարստացումը պահպանելու համաձայնագիրն է, բայց Իրանից դուրս՝ միջազգային վերահսկողութեան ներքոյ եւ Միացեալ Նահանգների եւ ՄԱԳԱՏԷ-ի գլխաւորութեամբ։
«Թւում է, թէ Ամերիկայի մաքսիմալիստականդիրքորոշման համատեքստում սա կարող է լինել միակ, այսպէս կոչւած, պատւաւոր լուծումը»,- յաւելել է վերլուծաբանը։
Նա որպէս հնարաւոր պատսխան նշել է, որ Իրանը ասելու է, որ իր համար գլխաւորը ցենտրիֆուգների պահպանումն ու հարստացումն է։ Հիմա մեծ տարբերութիւն չկայ՝ դա Իրանում է, թէ չէզոք երրորդ երկրի տարածքում։ «Մենք անցեալում շատ բաներ ենք արել վստահութիւն կառուցելու համար, եւ մենք սա եւս մէկ քայլ ենք համարում, որպէսզի այլեւս պատրւակներ չլինեն…
Փորձագէտը նշել է նաեւ, որ Իրանի պէս երկրի համար, նման գործողութիւնը իրականում կարող է լինել կապիտուլեացիայի տեսակ եւ ազգային ինքնիշխանութեան ու անօտարելի միջուկային իրաւունքների վտանգում:
Մէկ այլ դիտարկման համաձայն, ամերիկեան վերլուծական կենտրոններից մէկի՝ Project-syndicate-ի լրահոսում հրապարակւած վերլուծականում նշւած է, որ Արեւմուտքի հետ ունեցած իր դաշինքները թուլացնելով՝ Թրամփի վարչակազմը թուլացրել է Ամերիկայի երկարատեւ զսպման ուժը՝ աւելի շատ երկրների դրդելով մտածել, թէ արդեօք պէտք է ունենալ սեփական միջուկային զէնք։ Սակայն այն գաղափարը, որ հետագայ տարածումն ինքնին կարող է կայունացնող լինել, հիմնւած է սխալ ենթադրութիւնների վրայ։
«Ութ տասնամեակ է անցել այն ժամանակւանից, երբ միջուկային էներգիան օգտագործւել է պատերազմում։ Սակայն միջուկային Արմագեդոնից տառապելու փոխարէն, աշխարհը հասել է զարմանալի միջուկային կայունութեան՝ մինչ օրս։ Նոյնքան ուշագրաւ է, որ չնայած միջուկային տեխնոլոգիաները տարածւել են բազմաթիւ երկրներում, միայն մի փոքր մասն է ընտրել այն օգտագործել զէնք մշակելու համար։ Աշխարհն օգտւել է արդիւնաւէտ չտարածման ռեժիմից՝ կանոնների, նորմերի եւ ինստիտուտների ամբողջութիւնից, որոնք, թէեւ դանդաղ, բայց խոչընդոտել են միջուկային զէնքի տարածմանը։ Բայց կարո՞ղ է այն գոյատեւել արագ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների դարաշրջանում։
Կայքը նշել է նաեւ, որ Գարոսիի գնահատմամբ Իրանը կարող է ռումբ պատրաստել ամիսների ընթացքում, եւ եթէ այն մշակի միջուկային զէնք, Սաուդեան Արաբիան կը հետեւի նրա օրինակին եւ դուրս կը գայ Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրից:
Գորոսսիի կարծիքով Մերձաւոր Արեւելքում այս տարածաշրջանային մարտահրաւէրից այն կողմ թաքնւած է չտարածման ռեժիմի համար գլոբալ սպառնալիք: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ Գերմանիան ու Ճապոնիան սահմանափակեցին իրենց միջուկային ծրագրերը՝ ԱՄՆ-ի հետ դաշինքի պատճառով: Ամերիկեան միջուկային զսպման յուսալիութիւնը բաւարար էր նրանց անվտանգութիւնն ապահովելու համար: Նյնը վերաբերում էր տասնեակ այլ պետութիւնների՝ թէ՛ ՆԱՏՕ-ի, թէ՛ Արեւելեան Ասիայի կազմում: Սակայն այժմ, երբ Թրամփի վարչակազմը թուլացնում է այս դաշինքները, այն նաեւ թուլացրել է Ամերիկայի ընդլայնւած զսպման ուժը՝ միւսներին դրդելով քննարկել, թէ արդեօք իրենք պէտք է ունենան իրենց սեփական միջուկային զէնքը: