Դիւանագէտների համահայկական խորհուրդ. Փաշինեանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու

«ԱԼԻՔ» – Դիւանագէտների համահայկական խորհուրդը յայտարարութիւն է տարածել, որում նշւած է.
«Մինչ Հայաստանի գործող իշխանութիւնները վայելում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպութիւնների քաջալերող յայտարարութիւնները, իշխող վարչախմբի տարբեր տրամաչափի գործիչների մեկնաբանութիւնները բացայայտում են հայ-ադրբեջանական «խաղաղութեան պայմանագրի» նախապատրաստման եւ համաձայնեցման ողջ գործընթացի պերճանքն ու թշւառութիւնը:
Վերստին հաստատւեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն աւելի շատ բանակցային իմիտացիա է եղել, որի նպատակը տպաւորութիւն ստեղծելն է, թէ այն ոչ թէ Հայաստանի միակողմանի զիջումների, այլ կողմերի դիրքորոշումները մօտեցնելու նպատակով իրականացւած դիւանագիտական աշխատանքի արդիւնք է:
Ակնյայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պատասխանատուները ոչ մի հիմնաւորում չեն կարողանում բերել Ադրբեջանի կողմից ընդառաջ կատարւած քայլերի, հրաժարւած ձեւակերպումների մասին: Ոչ մի փաստարկ չկայ նաեւ Հայաստանի օկուպացւած տարածքներից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, Բաքւի բանտերում խոշտանգւող եւ կեղծ դատավարութիւններից տառապող հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն ազատ արձակելու պահանջւած կէտերը հետապնդելու եւ դրանք առաջ մղելու ջանքերի մասին:
Ուշադրութիւն ենք հրաւիրում նաեւ այն հանգամանքի վրայ, որ «խաղաղութեան պայմանագրի» համաձայնեցւած լինելու մասին Հայաստանի կառավարող վարչախմբի ներկայացուցիչների ոգեւորւած ելույթներից յետոյ նոյնիսկ այդ փաստաթղթի բովանդակութիւնը շարունակում են գաղտնի պահել հանրութիւնից: Կասկածի տեղիք է տալիս նաեւ իբրեւ թէ համաձայնեցւած պայմանագրի հետագայ ընթացքը. քանի դեռ հայկական կողմից ակնարկում են ստորագրման տեղի ու ժամանակի մասին, միւս կողմից՝ ադրբեջանական պատասխանատուները, առանց փակագծերի, խօսում են այդ կարգի հարցերի վաղաժամ լինելու մասին եւ առաջադրում են նորանոր պահանջներ:
Որեւէ արդարացում չի կարող լինել Հայաստանի ներկայիս կառավարիչների կողմից հայ ժողովրդի անվտանգ եւ արժանապատիւ գոյութեան բանաձեւի կամայական խեղաթիւրումների համար, որոնք արւում են միմիայն սեփական իշխանութիւնը երկարաձգելու եւ պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում թոյլ տւած տապալումները քողարկելու նպատակով:
Դիւանագէտների համահայկական խորհուրդը, հիմք ընդունելով իր անդամների նախկինում ներկայացրած տեսակէտները եւ հաշւի առնելով մեր ժողովրդի իրական ու արժանապատիւ խաղաղութեան հասնելու բնական ձգտումները, արձանագրում է, որ տեւական եւ կայուն խաղաղութիւն չի կարող հաստատւել հակամարտութեան միայն մէկ կողմի առաւելապաշտական ցանկութիւնները բաւարարելու միջոցով: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս անվստահութեան մթնոլորտը խիստ պահանջւած է դարձնում անկողմնակալ, յուսալի եւ պատասխանատու միջնորդական առաքելութեան ներգրաւումը, իսկ արդար կարգաւորման համար պարտադիր ենք համարում հետեւեալ հիմնադրոյթների հասցէագրումը.
– ՀՀ ինքնիշխանութեան իրական վերականգնումը՝ տարածքային ամբողջականութեան ճանաչման եւ ադրբեջանական զօրքերի դուրսբերման ճանապարհով
– ապաշրջափակում եւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների վերագործարկում՝ բոլոր կողմերի համար շահաւէտ տնտեսական համագործակցութեան հեռանկարով
– միջազգային իրաւունքի շրջանակներում Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի եւ այլ հիմնարար իրաւունքների ամրագրումը
– բոլոր գերեվարւած եւ պատանդառւած անձանց, այդ թւում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակումը եւ ակտիւ աշխատանք՝ անյայտ կորած քաղաքացիների ճակատագրերը պարզելու ուղղութեամբ:
Թւարկւած պահանջների հետ մէկտեղ շարունակում է առաջնային պայման մնալ համաձայնեցւած պայմանագրի հրապարակումը:
Նիկոլ Փաշինեանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացութեան տալու եւ հայ ազգի զաւակների ճակատագիրը Բաքւի բռնապետի քմահաճոյքին թողնելու համար, ուստի եզրակացութիւնը մէկն է՝ այս պայմանագիրը որեւէ առնչութիւն չունի խաղաղութեան հետ, հակառակը, նման կարգի պայմանագրի ստորագրումը բարձրացնելու է Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ներկայացնելու գայթակղութիւնը կամ ճանապարհ է բացելու Հայաստանի դէմ նոր պատերազմի համար»: