![](/wp-content/uploads/2025/02/171606594-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Իրանը մերժելի եւ անընդունելի է համարել Գազայի հատւածը պաղեստինցիներից մաքրելու եւ Միացեալ Նահանգների կողմից այն ձեռք բերելու ծրագիրը, եւ նման մտքի արտայայտութիւնը համարել է ապշեցուցիչ ու համահունչ Պաղեստինը ոչնչացնելու Սիոնիստական ռեժիմի ծրագրին։
«Գազայի հատւածը մաքրելու եւ պաղեստինցի ժողովրդին հարեւան երկրներ տեղահանելու ծրագիրը համարւում է Պաղեստինի ազգն ամբողջութեամբ վերացնելու Սիոնիստական ռեժիմի նպատակաուղղւած ծրագրի շարունակութիւնը, որը լիովին մերժելի եւ դատապարտելի է միջազգային իրաւունքին ու մարդու իրաւունքների սկզբունքներին եւ կանոններին ակնյայտ հակասելու պատճառով»,- յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ նշելով, որ Գազայի հատւածը ձեռք բերելու մասին ԱՄՆ նախագահի վերջին յայտարարութիւնը միջազգային իրաւունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան հիմնարար սկզբուքների ակնյայտ եւ կոպտագոյն խախտում է:
«Անկասկած, այն ժողովուրդը, որը վերջին 76 տարիների ընթացքում կանգնած է եղել բռնազաւթիչ ռեժիմի ամենադաժան յանցագործութիւնների ու ոտնձգութիւնների դէմ եւ հրաժարւել է լքել իր պապենական հողերը, թոյլ չի տայ ԱՄՆ-ին եւ Սիոնիստական ռեժիմին այս կերպ ոչնչացնել իրենց ազգային եւ պատմական ինքնութիւնը»,- ասել է Բաղային:
Պաշտպանելով բազմաթիւ երկրների եւ միջազգային կառոյցների սկզբունքային դիրքորոշումները, որոնք խիստ դէմ են արտայայտւել Գազայի հետ կապւած ԱՄՆ նախագահի յայտարարած ծրագրին, ԱԳՆ մամլոյ խօսնակը կոչ է արել միանշանակօրէն մերժել այս ծրագիրը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի, Գլխաւոր ասամբլեայի, ինչպէս նաեւ Գլխաւոր քարտուղարի կողմից։