Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Խաղաղութեան խորհո՞ւրդ, թէ՞ ՄԱԿ-ի այլընտրանք. վերլուծաբանը՝ Թրամփի իրական նպատակների մասին

Պօղոսեանի խօսքով՝ ցանկացած պետութիւն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչո՞ւ պէտք է միանայ մի կազմակերպութեան, որտեղ նախագահն ի սկզբանէ ցմահ է եւ որը ստեղծւում է ոչ մի բանի հիման վրայ։

Խաղաղութեան խորհուրդը, որը սկզբում նախատեսւած էր բացառապէս Գազայի խնդրով զբաղւելու համար, Թրամփը փորձում է վերածել նոր միջազգային կառոյցի, նոյնիսկ՝ այլընտրանք ՄԱԿ-ին։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում կարծիք յայտնեց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի աւագ գիտաշխատող Բենիամին Պօղոսեանը՝ խօսելով Թրամփի նախաձեռնութեամբ ստեղծւող կառոյցի իրական նպատակների մասին։

Յունւարի 22-ին Դաւոսում Թրամփը եւ եւս 18 երկրների ղեկավարներ, այդ թւում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, ստորագրել են Գազայի հարցով Խաղաղութեան խորհրդի կանոնադրութիւնը: ԵՄ երկրներից նախաձեռնութեանը միացել են միայն Հունգարիան եւ Բուլղարիան։

Քաղաքագէտը յիշեցնում է՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ընդունած բանաձեւի համաձայն՝ այս Խաղաղութեան խորհուրդը պէտք է ունենար գործունէութեան յստակ ժամկէտ եւ աւարտ՝ գործելով մինչեւ 2027 թւականի վերջը, այսինքն՝ երկու տարի։ Սակայն Թրամփը, օգտագործելով այդ որոշումը, փորձում է այն վերածել բոլորովին այլ՝ գլոբալ քաղաքական ազդեցութեան գործիքի, որտեղ նա գրեթէ թագաւորական լիազօրութիւններով է եւ իրեն նշանակել է այդ կազմակերպութեան ցմահ նախագահ։

«Եթէ ուսումնասիրենք այդ Խաղաղութեան խորհրդի կանոնադրութիւնը, այնտեղ Գազայի մասին ընդհանրապէս ոչինչ չկայ, ժամկեէտների մասին ոչինչ չկայ, եւ հսկայական լիազօրութիւններ են տրւած կազմակերպութեան նախագահին՝ Թրամփին։ Առանց նրա հաստատման որեւէ որոշում չի կարող ընդունւել, նա փաստացի ունի վետոյի իրաւունք։ Աւելին, փաստաթղթում նշված է, որ նախագահը կարող է փոխւել միայն կամաւոր հրաժարականի դէպքում, բայց նոյնիսկ այդ դէպքում յաջորդ նախագահը պէտք է նշանակւի գործող նախագահի կողմից։ Այսինքն՝ Թրամփը տեսականօրէն կարող է ցմահ լինել այդ կազմակերպութեան նախագահ՝ նոյնիսկ ԱՄՆ նախագահի պաշտօնը թողնելուց յետոյ։ Եթէ խօսենք բիզնես լեզւով՝ ստեղծւում է մի կազմակերպութիւն, որտեղ Թրամփը դառնում է տնօրէնների խորհրդի նախագահ գրեթէ անսահմանափակ լիազօրութիւններով եւ բաժնեթղթերի վերահսկիչ փաթեթով»,-նշեց Պօղոսեանը։

Այս իրավիճակում, ըստ նրա, պատահական չէ, որ ազդեցիկ պետութիւններից շատերը չեն միացել այդ կազմակերպութեանը, քանի որ փորձում են նախ հասկանալ՝ ի՞նչ է իրականում այս կառոյցը։ Եւ դա զարմանալի չէ։

«Ցանկացած պետութիւն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչո՞ւ պէտք է միանայ մի կազմակերպութեան, որը ստեղծւում է ոչ մի բանի հիման վրայ։ Վերցրել են ՄԱԿ անվտանգութեան խորհուրդը, խնձորից աւտոմեքենայ են սարքել. ինչո՞ւ պէտք է դառնայ մի կազմակերպութեան անդամ, որտեղ նախագահն ի սկզբանէ ցմահ է, միապետութեան եւ թագաւորութեան տպաւորութիւն է ստեղծւում»,- նշում է վերլուծաբանը։

Իսկ այն 18 երկրների ղեկավարները, որոնք որոշել են միանալ Թրամփի նախաձեռնութեանը, Sputnik Արմենիայի զրուցակցի խօսքով, նրանք են, որոնք այս պահի դրութեամբ պատրաստ են ասել ցանկացած բան, ինչ Թրամփն է ասում կամ ինչ-որ ակնկալիքներից, կամ ինչ-որ վախերից ելնելով։

Ինչ վերաբերում է Թրամփի ակնկալիքներին՝ քաղաքագէտի մօտ տպաւորութիւն է, որ Թրամփը փորձում է ապահովել իր համար էական միջազգային ու ցմահ դիրք։ Չի բացառաւում նաեւ, որ նա դա դիտարկում է որպէս պաշտպանութիւն հնարաւոր ապագայ քրէական հետապնդումներից, եթէ 2028-ին դեմոկրատները վերադառնան իշխանութեան, ինչպէս նաեւ որոշ առումով բաւարարում է իր յաւակնութիւնները։

Պօղոսեանի գնահատմամբ՝ ներկայում միջազգային յարաբերութիւնները բարձրագոյն մակարդակում անհասկանալի շոուի է վերածւել։

«Մենք տեսնում ենք, որ բոլորը քծնում եւ սիրաշահում են նախագահ Թրամփին՝ մտքում գուցէ նրան հայհոյելով, բայց ամէն ինչ շատ արագ է փոխւում։ Թրամփը ցերեկը յայտարարում է, որ Գրենլանդիան պէտք է լինի Միացեալ Նահանգների կազմում, հակառակ պարագայում մաքսատուրքեր պիտի կիրառի, մի քանի ժամ յետոյ ասում է, որ մաքսատուրքեր չի կիրառի։ Իսկ վաղ առաւօտեան կարող է ասել, որ ինքը նորից մաքսատուրքեր է կիրառում։ Կամ երեկոյեան Զելենսկին քննադատում է եւրոպացիներին, վաղը առաւօտեան եւրոպացիներին հանդիպելուց յետոյ կասի, որ նրանք աշխարհի ամենալաւ մարդիկ են»։

Ներկայիս համաշխարհային առաջնորդները 24 ժամւայ ընթացքում 24 անգամ կարող են տարբեր հակադիր կարծիք հնչեցնել, եզրափակեց Պօղոսեանը։

Related Articles

Back to top button