Այդ կանոնակարգը պէտք է գնայ հանրաքւէի. ԱԺ-ն իրաւունք չունի վաւերացնել այն. դա կը լինի իշխանութեան ուզուրպացիա
ՍԴ-ն կատարել է մի կարեւոր եզրակացութիւն, որը դրական եմ համարում, այն է, որ Սահմանադրութեան նախաբանը որպէս անփոփոխելի յօդւած, չի կարող որեւէ մէկը փոխել, այդ թւում ժողովուրդը: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրոյցի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։
«Բայց երբ փորձում է մանիպուլացնել այս անփոփոխ դրոյթը եւ փորձել մեկնաբանել, որ այն, ինչը իրացւած չէ Սահմանադրութեան մէջ, հետեւաբար չի կարող դառնալ մեզ համար ուղղորդող գործողութիւն, սա արդէն մանիպուլիացիա է: Քողարկել այն գործողութիւնները, որոնք ապագայում հնարաւոր է՝ ձեւակերպւեն խաղաղութեան պայմանագիր անւան տակ կամ այլ փաստաթղթի տակ:
Ապագայում, երբ կը ծնւեն այդպիսի փաստաթղթեր կամ կը լինեն զիջումներ, հիմնաւորումներ փորձի ներկայացնել, որ տեսէք, ՍԴ-ն այսպիսի բաներ է արել»,-ասաց նա:
Արծւիկ Մինասեանը նկատեց, որ ՍԴ-ն չի անդրադարձել կարեւոր հարցի. նա նշում է, որ այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարաւորութիւն է տրւում, բայց օպտիմալացում նշանակում է տարածքի, սահմանագծի փոփոխութիւն, ինչը Սահմանադրութեան համաձայն հանրաքւէ է պահանջում: Հետեւաբար, ՍԴ-ն պէտք է ասէր, որ այս կանոնակարգը ենթակայ է հանրաքւէով հաստատման: Նման իրաւասութիւն ԱԺ-ն չի կարող տալ: Կանոնակարգը անպայմանօրէն պէտք է անցնի հանրաքաւէի ճանապարհով: Սա հակասահմանադրական, հակաօրինական ու հակապետական քայլ է: ԱԺ-ն իրաւունք չունի նման փաստաթուղթ վաւերացնի:
Այն պարտաւոր է հանրաքւէի գնալ, հակառակ դէպքում իշխանական ուզուրպացիայի եւս մի օրինակ է սա դառնալու: ՍԴ-ն քողարկել է այն զիջումները որոնք առաջիկայում հնարաւոր է, որ ներկայացւեն Հայաստանին»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամաւորը: