Հայաստան - Արցախ

Սեւակ Յակոբեան. «Մարտի 1-ը իշխանութեան է բերել՝ յիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն յիշում»

Մարտի 1-ը իշխանութեան է բերել՝ յիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն յիշում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սեւակ Յակոբեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Մարտի 1-ն է: Գարնան առաջին օրը: Իշխանաւորների համար իբր տխուր օր է․ 10 զոհեր, հայի արիւն, կեանքեր եւ այլն:

2 օր առաջ Սումգայիթեան ջարդերի տարելիցն էր, երբ ադրբեջանական իշխանութիւնների կողմից պետական մակարդակով կազմակերպւած քաղաքի հայ ազգաբնակչութեան սպանութիւններ տեղի ունեցան եւ զանգւածային տեղահանութիւն։ Դա եղել է 1988 թ. փետրւարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատւածում։ Հայ ազգաբնակչութեան դէմ իրականացրած այս պետական յանցագործութեան նպատակն էր կանխել Արցախեան շարժումը, կանխել Արցախեան ազատագրական պայքարի տարածումը։

Ոճրագործութիւնը ծրագրաւորւած էր, մարդասպանների մօտ հայերի բնակարանների ցուցակներն էին, սցենարը նախապէս մշակւած էր, դերերը բաժանւած՝ սպանութիւն եւ ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցւածք ոչնչացնողներ, յանցագործութեան հետքերը վերացնողներ, ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի եւ այլ գործիքների պատրաստումը, թմրանիւթերի եւ ոգելից խմիչքի բաժանում, այդ ամէնը բացայայտւել ու դատապարտւել է միշտ։ Անգամ ԽՍՀՄ պաշտօնական տւեալներով, մի քանի տասնեակ, իսկ ոչ պաշտօնական՝ 1000-ից աւելի սպանւածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից յետոյ ողջակիզւած, հազարաւոր վիրաւորներ, հարիւրաւոր բռնաբարւածներ, այդ թւում՝ մեծ թւով անչափահասներ, 18.000 փախստականներ։ Մինչ այսօր, Սումգայիթի Հայոց Ցեղասպանութեան զոհերի ճշգրիտ թիւը պարզւած չէ, ցեղասպանութեան ենթարկւածների թիւը հասնում է հազարի, որոնց աճիւնները մինչեւ օրս էլ յայտնաբերւում են Սումգայիթի արւարձաններում նոր շինարարութիւն կատարելիս։

Հիմա էսօրւայ իշխանութիւնը, որ առաւօտ բարլուսով, շնչակտուր ընկնում է ու մարտի 1-ի՝ իրենց կազմակերպած խուլիգանութեան արդիւնքում զոհերի է յիշում, էդ 2 օր առաջ հայ ազգի դէմ հերթական ցեղասպանութեան տարելիցը ինչի՞ չի յիշում։

Ասեմ՝ ինչու չի յիշում։ Որովհետեւ Սումգայիթ յիշել, սգալ ու դատապարտելը ունի հասցէատէր՝ Իլհամ Ալիեւն է, որից վախենում են, նրան բան չեն ասում, որովհետեւ կը զրկւեն իշխանութիւնից։

Իսկ մարտի 1-ը՝ հակառակը, այդ օրը շահարկելով ու մարդկանց յոյզերի վրայ խաղալով եկել են իշխանութեան։ Իրենք շնորհակալ են մարտի 1-ի զոհերից, դրա համար էլ առաւօտ բարլուսով գնում-կանգնում, ճառեր են ասում, խաչակնքւում, խոնարհւում, մտքերում ասում, որ երախտապարտ են։ Իսկ Սումգայիթեան տարելիցին, ամէն ինչից կը խօսեն, հաթաթաներ կը տան բոլորին, բացի ադրբեջանցի մարդասպաններից ու նրանց ղեկավարներից։

Վերջին տարիներին մեր գլխին եկածը բացայայտւելուց յետոյ կարող է, արդէն, մարտի 1-ը ոչ թէ ոճրագործութեան օր յիշւել հայոց պատմութեան մէջ, ոչ թէ իրենց հռչակած կորսւած գարնան առաջին օր, այլ կը յիշւի որպէս հայրենիքի պաշտպանութեան օր, ազգային պաշտպանութեան օր, 2020-ից ի վեր մեր ապրած աղէտը 10 տարով յետաձգելու օր։ Կարող է բացայայտւել, որ այդ զոհերը խուլիգանութեան կազմակերպիչները տւեցին իրենց նպատակին հասնելու համար, բայց օրւայ իշխանութիւնը կարողացաւ կանխել այն, ինչը չկարողացաւ կանխել 2018-ին։

Related Articles

Back to top button