Հայաստան - ԱրցախՔաղաքական

Շիրազ Խաչատրեան. «Նոյեմբեր ամսից սկսած, հնարաւոր է, նոր իրողութիւնների սկիզբ դրւի տարածաշրջանում»

Նոյեմբերի 1-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի էր ունեցել պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովների 10-րդ հանդիպումը, որի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւն առանձին քննարկել էին տրանսպորտային հաղորդակցութիւններին վերաբերող հարցեր:

Կողմերը մտքեր էին փոխանակել նաեւ սահմանազատման աշխատանքների հետագայ իրականացման համար սահմանագծի հատւածների/հատւածամասերի հերթականութեան հարցի շուրջ:

168.am-ը «Յենակէտ» վերլուծական կենտրոնի փորձագէտ Շիրազ Խաչատրեանի հետ զրոյցում հետաքրքրւել է՝ սա հերթական հանդիպո՞ւմ էր, թէ՞, ամէն դէպքում, պէտք է սպասել ինչ-որ զարգացումների Բաքւում կայանալիք COP29 գագաթնաժողովից առաջ կամ յետոյ:

«Դժւար է ենթադրութիւններ եւ կանխատեսումներ անել մի գործընթացի վերաբերեալ, որի կատարման դետալային յաջորդականութեան ու ժամանակափուլերի վերաբերեալ գրեթէ ոչինչ չկայ ամրագրւած։ Ճիշտ է՝ վերջին՝ տասներորդ հանդիպումից յետոյ, կարելի է ասել, միայն «թղթաբանութիւնն» է փոխւել. եթէ այն ժամանակ ՀՀ սահմանային որոշ հատւածներում, մասնաւորապէս՝ Տաւուշի մարզի, նաեւ Սիւնիքի մարզի որոշ հատւածներում փաստացի սահմանազատում տեղի է ունեցել ոչ թէ երկկողմ համաձայնեցւած ու հաստատւած կանոնակարգի, այլ ինչ-որ արձանագրութիւնների հիման վրայ, այժմ սահմանազատման գործընթացը փաթեթաւորւում է, այսպէս ասած, կանոնակարգի ընթացակարգերով, բայց տեղի ունեցող պրոցեսների ընդհանուր պատկերը գրեթէ նոյնն է:

Եւ այս գործընթացների ու իրադարձութիւնների յաջորդականութիւնը միշտ ցոյց է տւել, թէ ինչպէս է Բաքուն ժամանակ առ ժամանակ փոխում Երեւանի հետ տարւող խաղի կանոններն ու իրեն ձեռնտու տարբերակով փորձում հասնել իր ուզածին։ Իսկ հայկական կողմն անընդհատ ընկնում է «օրինական» պրոցեսների յետեւից՝ խնդիրներին ընթացիկ լուծումներ տալով ու անընդհատ զիջելով։

Թէ ինչ քարտէզներ եւ իրաւական փաստաթղթեր են գործընթացի հիմքում դրւած, ինչ սկզբունքներով ու տրամաբանութեամբ են իրականացւում սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ տրամաբանական որեւէ բացատրութիւն չկայ։

Հայաստանի ղեկավարը յայտարարում էր, թէ գաղտնի փաստաթուղթ չեն հաստատում, ամէն բան լինելու է հրապարակային, որպէսզի հանրութիւնը, փորձագէտները հնարաւորութիւն ունենան ծանօթանալու՝ ինչ կառուցակարգերի շրջանակներում է տեղի ունենալու դելիմիտացիա-դեմարկացիայի աշխատանքը, բայց զուգահեռ իրականութիւնում տեսնում ենք, թէ Երեւանն ինչպէս է գործում՝ Բաքւի ճնշումների ու թելադրանքի պայմաններում, այսինքն, ժամանակի ընթացքում տեսնում ենք զիջումներ, զիջումներ, ուրիշ ոչինչ»,- ասել է փորձագէտը:

– Յաւելենք, որ ԱԺ-ում նախքան Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը, ԱԳ նախարար Միրզոյեանը յայտարարել էր, որ երրորդ ուժերի ներկայութիւնն ապաշրջափակւող ենթակառուցւածքների շուրջ իրենց համար անընդունելի է, այնուհետեւ յաւելել էր. «Միջազգային կազմակերպութիւնների մասով էլ, գիտէք, պիտի հասկանանք. կայ տրանսպորտային ընկերութիւն, կայ փոխադրող ընկերութիւն, կայ երկաթգիծ կառուցող ընկերութիւն, կայ երկաթգիծը սպասարկող ընկերութիւն, կայ օպերատոր կամ վագոնավար»:

– Արդէն Միրզոյեանի ձեւակերպած նախադասութիւնն իր մէջ բազմաթիւ հակասութիւններ է պարունակում, երբ մի կողմից՝ խօսում է տարբեր պրոյեկտներում երրորդ ուժերի մասնակցութեան անընդունելիութեան մասին, միւս կողմից՝ խօսում միջազգային կազմակերպութիւնների ներկայութեան ու անելիքների վերաբերեալ։

Հասկանալի է, չէ՞, որ ապաշրջափակւող ենթակառուցւածքների տարբեր մասերում ներկայութիւն ունեցող ցանկացած միջազգային կազմակերպութեան, մասնաւոր ընկերութեան թիկունքում այս կամ այն խոշոր դերակատարն է կանգնած, կոմունիկացիաների, միջանցքի վերահսկողութեան խնդիրը միշտ ակտուալ է մնալու, ու այս հարցը չի կարող լուծւել միայն հայ-ադրբեջանական երկկողմ «պայմանաւորւածութիւնների» շրջանակներում։

– Այս պահի դրութեամբ Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը ի՞նչ դիրքորոշում ունեն «Զանգեզուրի միջանցք»-ի մասով, կա՞յ արդեօք դիրքորոշման փոփոխութիւն: Եւ, առհասարակ, տարածաշրջանային ներկայ զարգացումները Վրաստանում, Իրանում եւ նրանց շուրջ ի՞նչ գործընթացների մասին են յուշում, այդ թւում՝ նշւած տրամաբանութեան մէջ:

– Հարաւային Կովկասը շատ հետաքրքիր ու բարդագոյն տարածաշրջան է, այն միշտ էլ խոշոր դերակատարների համար լինելու է տարբեր բորբոքումների, ռազմական բախումների եւ մրցակցութեան վայր, իսկ այդ պարագայում տարածաշրջանում շատ դժւար է ինչ-որ խաղաղ զարգացման հեռանկարներ փնտրել։ Ամէն դէպքում, խօսելով վերջին ժամանակահատւածում տարածաշրջանային զարգացումներից, կարելի է ասել, որ նոյեմբեր ամսից սկսած, հնարաւոր է՝ նոր իրողութիւնների սկիզբ դրւի տարածաշրջանում։

Շատերն են ուշի-ուշով հետեւում ԱՄՆ-ում սպասւելիք նախագահական ընտրութիւններին, Վրաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին, Իրան-Իսրայէլ հակամարտութեան շարունակութեանը, ռուս-ուկրաինական ճակատում տեղի ունեցող զարգացումներին, բոլոր պրոցեսները փոխկապակցւած են իրար հետ։ Ու թւարկածս գործընթացները յուշում են, որ իրադարձութիւններն ու դրանից բխող զարգացումներն այդքան էլ Արեւմուտքի օգտին չեն, ինչն իր հերթին՝ լուրջ մարտահրաւէրների առաջ է կանգնեցնելու Հայաստանին։ Հայաստանի համար աշխարհաքաղաքական մրցակցութիւնը շուտով մեծանալու է, եւ Սիւնիքի մարզով անցնող հաղորդակցութիւնների բացմամբ հետաքրքրւած տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային բոլոր խոշոր դերակատարներն էլ նոր թափով ձգտելու են հասնել «Զանգեզուրի միջանցք»-ի նկատմամբ վերահսկողութեան։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում (առաջնահերթ՝ Վրաստանում, Իրանում, ՌԴ-ում) ընթացող կարեւոր գործընթացների արդիւնքում է նաեւ ձեւաւորւում այս կամ այն դերակատարի դիրքորոշումն ու ռազմավարութիւնը ռեգիոնում ու մեծ տարածաշրջանում։ Հարկաւոր է մի քիչ էլ սպասել, հետեւել կարեւոր իրադարձութիւններին, ու ռեգիոնալ դերակատարների խաղաքարտերը գրեթէ մինչեւ վերջ տեսանելի կը լինեն, ու շատ բան աւելի ընկալելի կը դառնայ բոլորի համար։

– Այս համատեքստում յիշեցնենք, որ օրերս դարձեալ ակտիւօրէն քննարկւեց էսկալացիայի հաւանականութեան հարցը, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը լրագրողների հետ զրոյցում յայտարարել էր, որ «այս պահին էսկալացիայի վտանգ չկայ», աւելին՝ դրա համար ողջամիտ ժամկէտ էր նշել՝ ողջամիտ ժամկէտ՝ 6 ամսից մէկ տարի: Ըստ Ձեզ՝ ե՞րբ եւ ո՞ր դէպքում է հնարաւոր էսկալացիա:

– ԳՇ պետը հանդիսանում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարութեան կարեւոր ներկայացուցիչներից մէկը, ու ըստ իս՝ պատահական չէ, որ վերջինս ինչ-որ ժամանակահատւած է նշում թշնամու կողմից հաւանական էսկալացիայի վերաբերեալ։ Դա կարեւոր ցուցիչ է, որ այս իշխանութիւններն էլ լաւ գիտակցում են, թէ ինչ վտանգաւոր թելի վրայ են խաղում ու միշտ ծանր փորձութիւնների տանում երկիրը։

Պարզ է, չէ՞, որ Բաքուն չի ցանկանում գնալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման, այս պահին Ալիեւի նպատակը խաղաղութեան գործընթաց ցոյց տալն է, յաջորդ պահին՝ շանտաժն ու ագրեսիան։ Իսկ թէ ինչ հաշւարկներով են առաջնորդւում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարները, երբ թշնամու հաւանական էսկալացիան գնահատում են գալիք տարւայ գարնանը, ես չեմ կարող ասել։

Հարկաւոր է վտանգի աստիճանը գնահատել ամէն վայրկեան, ու անկախ եղանակային պայմաններից՝ ձմեռ է, գարուն թէ ամառ, պէտք է նաեւ լուրջ հաշւարկներ դրւեն թշնամու կողմից տարւող հաւանական ռազմական գործողութիւնների սցենարների հիմքում։

Տարածաշրջանում արդէն նախադէպեր կան, թէ ինչպէս են պետութիւններն իրար դէմ մարտական գործողութիւններ իրականացնում հեռահար ձեւով, երբ հակամարտող կողմերը ռազմավարական բարձունքներ, դիրքեր գրաւելու փոխարէն՝ երկրի խորքերում տեղակայւած աւելի կարեւոր ռազմավարական ենթակառուցւածքներ են ոչնչացնում։ Իսկ նման իրավիճակում արդէն դեկտեմբեր, ապրիլ կամ օգոստոս ամիսներն ուղղակի դառնում են «հոմանիշներ»։ Պարզ է, որ թշնամին երբեք չի հրաժարւելու նաեւ ցամաքային գործողութիւնների միջոցով հասնել իր ռազմավարական կարեւոր նպատակներին, ինչպէ՞ս, որ՞ դէպքում, ե՞րբ, այս պահին դժւար է ասել, դեռեւս Բաքուն խաղաղութեան գործընթաց ցուցադրելու դերի մէջ է։ Բայց ամէն բան վայրկենական կարող է փոխւել՝ կախւած տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներից։

– Ի դէպ, ԳՇ պետը նաեւ յայտարարել էր, որ օկուպացւած տարածքների վերադարձը սահմանազատման գործընթացի արդիւնքում կարող է տեղի ունենալ, իսկ պաշտպանութեան նախարարը լրատւամիջոցներից մէկի հարցին ի պատասխան՝ սահմանափակւել էր՝ ասելով՝ հարցը դիւանագիտութեան հարթութիւնում է: Ըստ այդմ՝ սահմանազատման եւ սահմանագծման յաջորդ գործընթացը ո՞ր հատւածում կարող է լինել, Ադրբեջանին ո՞ր ուղղութեամբ կարող է ձեռնտու լինել եւ ո՞ր ուղղութեամբ ձեռնտու չլինել, եւ Հայաստանին ո՞ր ուղղութեամբ կարող է ձեռնտու լինել եւ չլինել:

– Ձեր հարցադրման մէջ արդէն պատասխան-դիտարկում կար. սահմանազատման գործընթաց սկսելու են իրականացնել այն բոլոր ուղղութիւններով, որոնք ձեռնտու են ադրբեջանական կողմին, որտեղ ադրբեջանական կողմը կարող է առաւելութիւն ստանալ ռազմավարական առումով, այդ հատւածներից էլ սկսելու են։ Ես այդ ամէնը ցաւով եմ արձանագրում, բայց փորձն ու եղելութիւնները ցոյց են տւել, որ ադրբեջանական կողմը միշտ թելադրողի դերում է հանդէս գալիս, իսկ ՀՀ իշխանութիւններն ի զօրու չեն առաջ տանել հայկական շահը եւ ջանքեր գործադրել, որ գոնէ մէկ ձեռնտու գործընթաց մեր օգտին լուծւի։ Չկայ նման իրավիճակ կամ օրինակ, որ հակառակ իմ պնդման՝ նրանք ի ցոյց դնեն։ Իսկ ինչ վերաբերում է ԳՇ պետի այն յայտարարութեանը, թէ օկուպացւած տարածքների վերադարձը սահմանազատման գործընթացի արդիւնքում կարող է տեղի ունենալ, այո, հնարաւոր է տեղի ունենայ, բայց, իմ համոզմամբ, ամենավերջին շտրիխները գծելու ժամանակահատւածում, այն էլ շատ մեծ հարց է՝ պրոցեսները կը հասնե՞ն դրան, թէ՞ լրիւ այլ ուղղութեամբ կընթանան։

Զրոյցը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button