ԵՐԿԻՐԸ ԵՐԿՆՔԻՑ ԲԱժԱՆՈՂ ՔԱՐԵՐԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ
«Նոր Բուրաստան»-ը, բաժանող բաժինները, եւ շունչը պահած ժամանակը
ՀԱՏԻՍ
Մի ասացւածք կայ՝ «այնտեղից՝ որտեղ հողին յանձնած հարազատ ունեն, այլեւս չեն հեռանում»: Դարեր շարունակ գերեզմանն ու շիրիմը եղել է կեանքի նշան: Պարադոկսի պէս է հնչում, սակայն փաստ է, որ մարդկանց հաւաքականութիւնը համայնք է դառնում այն ժամանակ, երբ անցեալը յիշելու պատճառներ են ունենում:
Նոր Բուրաստան գերեզմանատունը հայկական խոշոր գերեզմանատուն է Իրանի մայրաքաղաք Թեհրանից հարաւ-արեւելք։ Այն հիմնադրւել է 1974 թւականին եւ ունի Սուրբ Ստեփանոս անունով մատուռ:
Թեհրանի հայկական գերեզմանատունը կամ «Նոր Բուրաստան» գերեզմանատունը գտնւում է մայրաքաղաքի հարաւ-արեւելքում՝ Խաւարանի տարածքում՝ Թեհրան-Խորասան մայրուղու հարեւանութեամբ։ Գերեզմանատունը ներկայումս թեհրանահայութեան միակ գործող գերեզմանատունն է: Գերեզմանատան տարածքում գործում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որում յուղարկաւորութիւնների կարգից բացի տարւայ ընթացքում տարբեր առիթներով կատարւում են կրօնական արարողութիւններ:
Էլիտա բաժինը ու հետքերը
Եկեղեցուց՝ հիւսիս գտնւող տարածքն առաջինն է, որ կարող է այցելուների հետաքրքրութիւնը շարժել: Այստեղ ամափոփւած մասունքների շիրիմներն աչքի են ընկնում յատկապէս զբաղեցրած ազատ ու լայն տարածքով: Պատճառը հանգուցեալների ընտանիքների կողմից գնւած ու ապահովւած հողամասերն են, որոնց մեծ մասը արտագաղթել են, կամ մահացած չեն: Սա այնքան էլ նկատելի չէր դառնայ, եթէ հարեւան բաժիններ այցելելիս նկատելի կը լինէր այն խիտ իրավիճակը, որտեղ նոյնիսկ շիրիմների արանքից քայլելը հեշտ բան չէ, չասելու համար՝ երբեմն ոտքդ ոլորում ու մէկ մէկ գետին ես գլորւում:
Նշածս բաց տարածքում նոյնիսկ կան ապահովւած տարածքներ, որտեղ ոչ մի մասունք ամփոփւած չկայ:
Այնուամենայնիւ, պէտք է արձանագրել, որ բաժինները միայն շիրիմների միջեւ ընկած տարածութիւններով չէ, որ տարբեր են: Այնտեղ առկայ է նաեւ քարտաշի ձեռագիրը, կամ նոյնիսկ ժամանակի շունչին ու շքեղութեանը տուրք տւած մօտեցումների առումով: Յատկապէս, վերջինիս առկայութիւնն է խօսում միւս բաժիններում խոշորացող ու աւելի բարձրացող ու առաստաղ ունեցող շիրիմները, կամ արձանիկներով զարդարւած գերեզմանաքարերը, որոնք իւրայատուկ են դարձրել իւրաքանչիւր բաժնի տեսքը տարբերելով միւս բաժիններից:
Ինչ է մտածում Լուսանկարիչը
Թեմայով հետաքրքրւած լուսանկարիչներից Րաֆֆի Յովհաննիսեանը «ԱԼԻՔ»-ին տւած իր հարցազրոյցներից մէկի ժամանակ նշել էր, որ անցեալում շիրմաքարերն ունէին համեստ, բայց միաժամանակ անասելի շքեղութիւն: «Յատկապէս հայկական էլեմանների ու խաչը վրան աչքի ընկնող շիրիմներով, որոնք առանձին վերցրած գեղեցիկ էին, իսկ միասին դառնում են միաձայն երգչախումբ, որտեղ գտնւելիս զգում էիր հանգստութիւն: Իսկ հիմա, երբ նոր բաժիններում, այցի ես գնում ծանօթ-անծանօթ հանգուցեալներին, ինքդ էլ չես զգում, որ ինչո՞ւ երկար մնալ չես ցանկանում: Գուցէ պատճառը վիժուալ անհանգստութիւնն է, որ մէկը միւսին գերազանցող շքեղութիւնն է պատճառում մարդուն»,- նշում է աւելի քան 35 տարի հայկական գերեզմանատան հետքերով գնացած լուսանկարիչը:
Րաֆֆու մօտեցումներն ու նշումները կարելի է նոյնութեամբ տեսնել նրա հրապարակած լուսանկարներում, որոնք «Կեանք, մահ,կեանք» ալբոմով հրատարակւել են 2003 թւականին:
Վերադառնալով բուն նիւթին պէտք է նշել, որ ժամանակի շունչն անխուսափելի իրողութիւն է: Իսկ այն նոյն անկեղծութեամբ էլ մեր մերկ իրականութեան արտացոլանքն է: Չգրւած օրինաչափութիւն է՝ «Արւեստը տեղատւութեան է գնում շքեղութեան դիմաց»: Իսկ շքեղութիւնը գալիս է այն ժամանակ, երբ ժամանակներն այն չեն…
Վաւերագրական «աչքի գրող»-ը
Ներսդ նստած անարխստի պատուհանը փակում ես, որ վաւերագրական նիւթդ սոբիեկտիւութեան թակարդը չընկնի ու չազդի իրական պատկերի վրայ ու անցնում ես առաջ:
Ութամեան ու նահատակների բաժնի ծագումը
Նոր Բուրաստանը այլազգի այցելուներին առաւել յայտնի է ութամեայ պատերազմին, կեանքը նւիրաբերած հայ նահատակների բաժնով: Այստեղ գերեզմանատան միակ բաժինն է, որտեղ միանմանութիւն կայ շիրիմների տեսքի, տեսակի, եւ կարգով պահպանւած շարքի առումով: Կողքից նայելիս չես կարող չզգալ այդ թարս վահանների տեսքով շիրմաքարերի ուղիղ շարքն ու մի ամբողջ համայնքի իրաւունքների պաշտպան զօրքի լուռ համադրութիւնը… Տղաները ոնց որ ժամանակի տարածութիւնը կոտրած լինեն ու ամէն անգամ թարմ խոնաւութիւն են գծում այցելուների աչքերին…
… Քիչ այն կողմ բաժին կայ յատկացւած յուշակոթողին, որը կանգնեցւած է 2008 թւականի աւիավթարի հայ զոհերի յիշատակը յաւերժացնելու համար:
Եկեղեցու արեւմտեան հատւածում եւս համանման շիրմաքարերի սիմֆոնիա գոյութիւն ունի: Հանգուցեալ քահանաների բաժնի մասին է խօսքը, որտեղ վերջին յուղարկաւորութիւնները վերջին երեք տարւայ ընթացքում տեղի ունեցան՝ Տէր Կոմիտաս քհնյ. Ղարախանեանի եւ Տէր Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանի թաղման կարգով:
Պանթէոն՝ առանց պանթէոնի
Յայտնի գերեզմանատունը պարսիկներին յայտնի է յատկապէս, նրանով, որ «չգիտեն պատի հետեւում ինչ կայ»: Իւրաքանչիւր այց ու լուսանկար, կարող է ժամանակւոր արժէք ներկայացնել պոտենցիալ լսարանի համար: Իրանի քրիստոնեաների, այդ թւում թեհրանահայերի նախկին գերեզմանատունը՝ Դուլաբի գերեզմանատները, նոյն որակումն են ստացել իրանցիների կողմից: Նման մի երեւոյթի ականատեսը եղանք վերջերս Դուլաբի գերեզմանատնից արւած լուսանկարների ցուցադրութեամբ՝ պարսիկ լուսանկարչի կողմից արւած նկարներով: Սա իմիջիայլոց:
Վերադառնանաք մեր ենթավերնագրին: Նոր Բուրաստանում ամփոփւած հայրենակիցների շարքերում աչքի են ընկնում մի ամբողջ Փերլաշէզ ներկայացնող անուններ: Այստեղ կատարւած նշանակալի յուղարկաւորումներից կարելի է նշել Վարուժան Հախբանդեանի (1936–1977) – երաժիշտ, Արամայիս Յովսէփեանի (1921–1980) – դերասան, Վարդան Յովհաննիսեանի (1896–1982) – ճարտարապետ, Հրայր Խալաթեանի (1929–1988) –ազգային-հասարակական գործիչ, խորհրդարանի պատգամաւոր, Սալմա Գոյումճեանի (1907–1990) – հնէաբան, Էլպիս Ֆերահեան (1907–1994) – անւանի մանկավարժ, Քլարա Աբգարի (1922–1996) – նկարիչ, Սամուէլ Խաչիկեանի (1923–2001) – կինոռեժիսոր, Էմմանուէլ Մելիք- Ասլանեանի (1915–2003) – երաժիշտ, Լորիկ Մինասեանի (1944–2004) – դերասանուհի, Արամայիս Աղամալեանի (թատերական գործիչ), Կարօ Լուկաս-Ղուկասեանի (1949–2010) – գիտնական, Վալոդեա Թարխանեանի (1925–2012) – երաժիշտ, Իռէն Զազեանցի (1927–2012) – դերասանուհի, Լեւոն Դաւթեանի (1944–2009) – ազգային-հասարակական գործիչ-խորհրդարանի պատգամաւոր, Ալենուշ Տէրեանի (1921-2011) – աստղագէտ- ֆիզիկոս, դոկտ. Հարմիկ Դաւթեան – ակադեմիկոս, Ժանետ Լազարեանի (1940–2014) – հեղինակ-արւեստի հետազօտող, Բերգունի Պօղոսեանի (1948–2014) – կինօարտադրող, Անդրանիկ Յովեանի (1933–2015) – հետազօտող-գիտաշխատող, Նշան Թանիքի (1949–2015) – քանդակագործ, Գառնիկ Եադեգարեանի (1960–2015) – կինօարտադրող,Լեւոն Հաֆթւանի (1966–2018) – թատերական գործիչ-դերասան, Լիլիթ Տէրեանի (1930–2019) – քանդակագործ… եւ ուրիշների թաղման կարգերը:
Կարճ կապած, արւեստի, գիտութեան, եւ նշանակալի դէմքերին յատկացւած բաժնի բացակայութիւնն առաւել աչքի ընկնող է դառնում, յատկապէս, երբ պարսիկ կամ նոյնիսկ արտասահմանցի այցելուներին է հետաքրքրում «ՊԱՆԹԷՈՆԻ ԲԱԺԻՆ» այցելելը: Չէ որ մենք ունենք այնքան աչք շոյող մեր արւեստի ու գիտութեան եւ գիր ու գրականութեան «առաջինների» հսկայական անւանացուցակը:
Անանուն մանուկների բաժինը
Գերեզամանատան հարաւային պատի տակով անցնող մի ջրանցք կայ, որը սովորական օրերին ցամաքած առւակի է նման, իսկ անձրեւային եղանակներին վարարած գետի է վերածւում: Այն գտնւելով անանուն նորածինների ու մանուկներին յատկացւած բաժնի կողքին առաւել ցամաքած տեսք է ստանում: Դժւար չէ պատկերացնելը, որ չաղմկող այս գետի եզրին ինչքան լաց ու չապրած կեանքի համար հեկհեկոց են կուլ տւել երիտասարդ մայրերը… ԵՐԿԱՐ ՄՆԱԼ ՉԵՍ ՈՒԶՈՒՄ: Ազդում է վրադ: Իսկ մէկ էլ հանդիպում ես ժամանակին բոլոր անւանի ֆոտբոլիստներին իր տեխնիկայով «ծամած» Արմոնդոյի շիրիմին: ՈՐԲ ՉԷՐ ՏՂԱՆ: Սակայն այնքան էլ լուսաւոր ճակատագիր չունեցաւ մեր այն ժամանակների իրանահայ «Մեսսի»-ն: Արմոդօն եւս հողին է յանձնւել անանուն մանուկների բաժնում: Չապրած կեանքի համար երեւի…
Շիրմաքարերն այստեղ չգիտես ինչ տեսք ունեն: Ոչ կարող են տեսք ու ծանրութիւն ունենալ այդ փոքրիկ մարմինների վրայ: Ոչ էլ անուն: Նրանցից շատերը միայն ազգանուն են կրում: Իսկ այցելուներ՝ երեւում է վաղուց ոչ…
Հիւսիս-արեւելեան բաժնում բազմաթիւ քիսաքանդակած արձանիկներ ու անտաշ մարմարներ կան: Քարերի արանքում մէկ էլ աչքի են ընկնում դէմքով ու շորերով սպիտակած քարտաշները: Նրանք եւս նշում են, որ անցեալում աւելի թեթեւ էր աշխատանքը, յատկապէս, շիրմաքարերի չափսերի առումով: Քարերի արանքից մէկ էլ դուրս է գալիս սեւ ու սպիտակ շնիկը, կամ աւելի ճիշտ լաւ էլ մարմնեղ շուն է: Նա էլ է վախեցած ոնց որ սպիտակադէմք այդ քարտաշներից: Մարմարի փոշին ծածկում է նրանց դէմքն ու շորերը: Կատակով ասում են իրիկունը մի-երկու կիլոգրամով աւելի ծանր են լինում, քանի չեն թափահարել փոշին…
Բերան բաց գետինը
Նոր Բուրաստանի հիւսիսային հատւածում պատրաստւող բաժին կայ, որը գործարկման է պատրաստւում գալիք յուղարկաւորութիւնների համար: Այստեղ արդէն ցեմենտապատ մայթեր են գծւած, կողքը երկար ծառուղի: Քեզանից անկախ կարող ես նստել եւ ապագայ այդ կողմը նայելով խորհել անցեալի մասին…