Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով եւ ներկայութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի՝ կիրակի՝ նոյեմբերի 10-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, հանդիպում կայացաւ Կրթական խորհրդի հետ:
Սկզբում Խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը ողջունեց եւ կրթութեան ու հայեցի դաստիարակութեան կարեւորութեանը մատնանշելով, բարձր գնահատեց նոր սերնդի դաստիարակութեան եւ կրթութեան գործում Թեմական եւ Կրթական խորհուրդների դերակատարութիւնը:
Կրթական խորհրդի փոխատենապետուհի Կարինէ Բալըկճեանը բացատրութեամբ հանդէս եկաւ դպրոցների ներկայ վիճակի մասին յատկապէս տւեալներ ներկայացնելով արձանագրութեան գործընթացի կապակցութեամբ, որի համաձայն թեմիս հայկական դպրոցների եւ մանկապարտէզ-նախակրթարանների աշակերտութեան թիւը՝ 2024-2025 ուս. տարեշրջանում կազմում է շուրջ 1600 աշակերտ-ուհի:
Տկն. Բալըկճեանը Կրթական խորհրդի անունից երախտագիտութեան խօսք ուղղեց պրն. Արա Շահվերդեանին ցուցաբերած օժանդակութիւնների եւ դպրոցներին առնչւող խնդիրների լուծմանը սատար հանդիսանալու համար:
Արա Շահվերդեանը հայկական դպրոցների համար պետական բիւջէ ապահովելու շրջագծում յայտնեց, որ վերջին երկու տարիների ընթացքում պատկան շրջանների քաղաքապետարանների միջոցով իրականացւել են՝ «Թունեան», «Թունեան-Թովմասեան», «Նայիրի-Սողոմոնեան», «Շանթ-Մարիամեան», «Ն. Գիւլբենգեան», «Գոհար» եւ «Մարի Մանուկեան» դպրոցների բակի տարածքների ասֆալտապատման մեծածախս աշխատանքները, որը ներկայիս շարունակւում է «Արարատ» դպրոցում, որտեղ նաեւ վերանորոգւում են սանհանգոյցները: Նա յաւելեց, որ Երկրի դպրոցները սարքաւորումներով օժտող, զարգացնող եւ վերակառուցող կազմակերպութեանը (سازمان نوسازی توسعه و تجهیز مدارس کشور) դիմելով հնարաւոր է դարձել բիւջէ յատկացնել «Թունեան-Թովմասեան» դպրոցի տաքացման համակարգի վերանորոգման աշխատանքին իսկ ընթացքի մէջ է նաեւ «Թունեան» դպրոցի չիլերների համար բիւջէի ապահովման գործընթացը: Պրն. Արա Շահվերդեանը յայտնեց, որ դպրոցների վերամուտի առիթով դպրոցներ կատարած այցելութիւնների ընթացքում ներկայացւել են դիմումներ, որոնք ըստ առաջնահերթութեան ընթացք տալու եւ աշխատանքների տնօրինման համար փոխանցւեցին Կրթական խորհրդին:
Աշխատանքների յաջողութեան ուղղութեամբ՝ խորհրդարանի պատգամաւորը ընդգծեց համադրութիւններն ըստ կարգի առաջնորդելու նաեւ կատարւած աշխատանքները թափանցիկ դարձնելու եւ համայնքին արտացոլելու կարեւորութիւնը:
Հանդիպման ընթացքում նշւեց, որ կրթական ոլորտը համարւում է ներդրում, որպէս համայնքի ապագան երաշխաւորող միջոց: Բնականաբար դա պահանջելու է իր սուբսիդային յատկացումներն ու մեծածաւալ ծախսերի բաժինը: Սակայն հաշւի առնելով մեր աշակերտների թւային նւազումը, հարկադրաբար պէտք է ընդունել լուրջ, բայց կառուցողական որոշումներ, որոնք կօգնեն առաւել նպատակային դարձնել յատկացւող բիւջէն: Հետեւաբար դպրոցների վերադասաւորման հարցը, որը Թեմական խորհուրդների օրակարգի կարեւոր գլուխներից է պէտք է լուծել տրամաբանական կամք դրսեւորելով, քանի որ դա հնարաւորութիւն կընձեռնի կենտրոնացած համակարգում աւելի լաւ հնարաւորութիւններ տրամադրել եւ երաշխաւորել դպրոցների կրթութեան մակարդակն ու որակի բարձրացումը, որը նաեւ կապահովի աշակերտութեան թիւը:
Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը նաեւ իր հերթին նոյն խորհրդի անունից շնորհակալութիւն յայտնեց Խորհրդարանի Պատգամաւոր Արա Շահվերդեանին՝ պետական բիւջէ ապահովելու եւ աշխատանքներին նեցուկ հանդիսանալու համար իսկ Կրթական խորհրդի անձնակազմին՝ աչալուրջ եւ բարեխիղճ աշխատանքների համար՝ յոյս յայտնելով, որ սերտ յարաբերութիւններն ու համագործակցութիւնները կը սահունացնեն աշխատանքների ընթացքն ի խնդիր դպրոցների բարեկարգման: Նա նշեց, որ ըստ նախատեսութեան Շինարարական մարմնին կը յանձնարարւի բոլոր դպրոցների շէնքերի ընդհանուր իրավիճակի ուսումնասիրութեան եւ համապատասխան արխիւի պատրաստման աշխատանքը:
Հանդիպման աւարտին, խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը Կրթական խորհրդի աշխատանքի ոլորտը՝ զգայուն եւ պատասխանատու գնահատելով անդրադարձաւ դպրոցում աշխատող ուսուցիչների ու պատասխանատուների ջանքերին եւ բարձր գնահատեց նրանց նւիրեալ աշխատանքն ի խնդիր մայրենի լեզւի անաղարտ պահպանման եւ հոգեւոր ու ազգային ոգու փոխանցման:
Պատգամաւորի գրասենեակ