Քաղաքական

Հայաստանն արգելափակում է արցախեան ֆիլմի առաջադրումը «Օսկար»-ի համար

Անցեալ շաբաթւայ իմ յօդւածում ես քննադատել էի Յորդանանի կառավարութեանը՝ Ադրբեջանի ճնշման տակ Արցախի մասին վաւերագրական ֆիլմի առաջադրումը «Օսկար»-ի անւանակարգում յետ կանչելու համար: 

Չնայած բաւականին վատ է, որ Ադրբեջանի նման թշնամի երկիրը խոչընդոտում է Արցախի մասին ֆիլմի առաջադրմանը, սակայն շատ աւելի վատ է, երբ Հայաստանն ինքն է հրաժարւում Արցախի մասին ֆիլմը ներկայացնել «Օսկար»-ի…

Հայաստանի ազգային կինոակադեմիան որոշել է 2025 թ. «Օսկար»-ի համար առաջադրել «Եաշան եւ Լէոնիդ Բրեժնեւը» ֆիլմը՝ Արցախի մասին պատմող «1489» վերնագրով  ֆիլմի փոխարէն: Չնայած ես ուղղակի ապացոյցներ չունեմ, որ դա արւել է վարչապետ Նիկոլ Փաշինեանի կամ նրա կառավարութեան պահանջով, սակայն, հաշւի առնելով նրանց հակաարցախեան դիրքորոշումները, կարող ենք շատ համոզւած ենթադրել, որ որոշումը կայացւել է նրանց առաջարկութեամբ: Մէկ նշում՝ «Եաշան եւ Լէոնիդ Բրեժնեւը» ֆիլմի հովանաւորն է Հայաստանի Հանրապետութեան կրթութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնը։

Բազմաթիւ առիթներով Փաշինեանը հաստատել է իր հակաարցախեան դիրքորոշումը՝ սկսած իր յանձնւելուց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Հաշւի առնելով այն փաստը, որ Փաշինեանի վերահսկողութեան ներքոյ Ադրբեջանը գրաւել է Արցախը, նա չափազանց դժկամութեամբ է խօսում իր լուրջ ձախողման մասին եւ չի ուզում յիշեցնել ժողովրդին Արցախը չպաշտպանելու իր անձնական պատասխանատւութեան մասին։ Այդ իսկ պատճառով նա 2020 թւականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղը երբեք չի անւանել Արցախ։ Նա յայտարարում է, որ 2023 թւականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախը գրաւելուց յետոյ Հայաստան փախած արցախցի փախստականներն այլեւս Հայաստանի քաղաքացի չեն, թէեւ նրանք ունեն Հայաստանի Հանրապետութեան անձնագրեր։

Բացի այդ, հաշւի առնելով այն փաստը, որ Փաշինեանը յուսահատօրէն փորձում է համոզել նախագահ Իլհամ Ալիեւին Հայաստանի հետ կնքել խաղաղութեան պայմանագիր, նա խուսափում է ցանկացած գործողութիւն ձեռնարկելուց, որը, իր կարծիքով, կարող է թշնամացնել Ադրբեջանին: Նա նախազգուշացրել է, որ եթէ Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջները, Բաքուն կրկին կը յարձակւի Հայաստանի վրայ:

Վիքիպեդիայից տեղեկանում ենք, որ «Եաշան եւ Լէոնիդ Բրեժնեւը» 2024 թւականի աբսուրդիստական ​​տրագիկոմիկ ֆիլմ է, որի հեղինակն ու ռեժիսորը Էդգար Բաղդասարեանն է։ Գլխաւոր դերակատար Մայիս Սարգսեանի մարմնաւորած թոշակառու հայը չի ցանկանում ընդունել Խորհրդային Միութեան փլուզումը, պատկերացնում է իր զրոյցները նախկին խորհրդային ղեկավար Լէոնիդ Բրեժնեւի եւ կոմունիստական այլ առաջնորդների հետ»: Բաղդասարեանը Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի անդամ է, որն այս ֆիլմն ընտրել է որպէս Հայաստանի պաշտօնական յաւակնորդ «Օսկար»-ի համար։ «1489» ֆիլմը ստացել է Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի 30 անդամներից միայն երկուսի ձայնը՝ մեծ բանավէճ առաջացնելով Հայաստանում։

«1489»-ը ֆիլմը 2020 թւականի Արցախեան պատերազմում անհետացած 21-ամեայ ուսանող եւ երաժիշտ Սողոմոն Վարդանեանի մասին է։ 1489 թիւը մարտում անհետ կորած զինւորի համարակալումն է։ Full Frame Documentary Film Festival-ի կայքը բացատրում է, որ Սողոմոնի քոյրը՝ ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանեանը, «փաստագրում է իր ծնողներին եւ ինքն իրեն, երբ նրանք պատասխաններ են փնտրում, հարցազրոյցներ վերցնում ողջ մնացած զինւորներից, յուսահատօրէն կառչում յոյսից, եւ իրենց վշտից, երբ յոյսն սկսում է մարել: Յուզիչ, մտերմիկ պահերի միջոցով «1489»-ը դիմակայում է պատերազմի մարդկային արժէքին մի ընտանիքի անսասան սիրոյ, որոնման աւարտին եւ, ի վերջոյ նրանց կողմից կործանարար ճշմարտութեան ընդունման միջոցով»:

Ֆիլմն արժանացել է Ամստերդամի միջազգային կինոփառատօնի լաւագոյն ֆիլմ մրցանակին (ստանալով 15 հազար եւրօ դրամական մրցանակ), Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակին, Տրիեստի կինոփառատօնի լաւագոյն վաւերագրական ֆիլմ մրցանակին, Բուէնոս Այրեսի միջազգային վաւերագրական կինոփառատօնի լաւագոյն վաւերագրական ֆիլմ մրցանակին եւ մի շարք այլ մրցանակների։ 

Հայ վաւերագրողների, լուսանկարիչների, գրողների եւ արւեստագէտների «Ակն ընդ ական» համայնքը յորդորել է Հայաստանի ազգային կինոակադեմիային վերանայել իր որոշումը՝ պնդելով, որ Բաղդասարեանի («Եաշան եւ Լէոնիդ Բրեժնեւը») ֆիլմը «միջազգային ցուցադրութիւններ չի ունեցել եւ միջազգային մրցանակների չի արժանացել»։ Նրանք ասացին, որ անարդարութիւն է տեղի ունեցել հայկական կինոյի ոլորտում, եւ որ սա ամենայայտնի, հեղինակաւոր եւ ուժեղ հայկական ֆիլմը չէ, որը կը ներկայացնի Հայաստանը «Օսկար»-ի մրցանակաբաշխութիւնում…. Վարդանեանի ֆիլմը («1489») կարող էր «Օսկար»-ի արժանացած առաջին հայկական ֆիլմը լինել»։

Հայկական ազգային կինոակադեմիայի քարտուղար Նատալիա Ղազանչեանն արձագանգեց. «Կինոակադեմիայի անդամները հաշւի չեն առնում ֆիլմի ստացած մրցանակների ցանկը, այլ առաջնորդւում են նրա գեղարւեստական արժէքներով՝ ելնելով կինոարտադրութեան ոլորտում իրենց ունեցած հարուստ փորձից։ Նա ասաց, որ «Եաշան եւ Լէոնիդ Բրեժնեւը» ֆիլմն «արժանացել է [Հայկական] կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխութեան ինը հնարաւոր մրցանակներից հինգին։ Նա յաւելեց, որ Կինոակադեմիայի ցանկացած անդամի, որն առնչութիւն ունի ներկայացւած ֆիլմի հետ, չի թոյլատրւել մասնակցել քւէարկութեան գործընթացին», հաղորդում է oc-media.org-ը:

Հայ հանրութիւնը պէտք է իր վրդովմունքն արտայայտի Հայկական կինոակադեմիայի որոշման առնչութեամբ, որ ընտրել է մի տարօրինակ ֆիլմ, այն ֆիլմի փոխարէն, որը ներկայացնում է մեր վիթխարի ողբերգութիւնը՝ Արցախի կորուստը: Հայերը պէտք է պնդեն, որ Հայկական ակադեմիան չեղարկի իր սխալ որոշումը:

Չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանի պաշտօնեաները, Ադրբեջանի կառավարութեան նման, արգելափակել են «Օսկար»-ի անւանակարգում Արցախի վերաբերեալ հայկական բարձրորակ ֆիլմի առաջադրումը:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button