Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սրբազանների նամակը՝ ԱԱԾ մեկուսարանից. «Հայաստանում գործում է զինւած բանդա, որը զբաղւած է կիրակի օրերը եկեղեցիներ զաւթելով եւ հաւատացելոց իրաւունքները ոտնահարելով»

«ԱԼԻՔ» – «Արդէն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետութեան տարածքում գործում է զինւած բանդա, որը զբաղւած է կիրակի օրերը եկեղեցիներ զաւթելով եւ հաւատացելոց իրաւունքները կոպտօրէն ոտնահարելով իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար»: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին ասւած է Միքայէլ, Բագրատ եւ Արշակ Սրբազանների՝ ՀՀ ԱԱԾ մեկուսարանից հրապարակւած նամակում։

Նամակում մասնաւորապէս նշւած է.

«Այս յանցաւոր բանդան գլխաւորում է վարչապետի պաշտօն զբաղեցնող, անյայտ դաւանանքի տէր մի անձ ով զինւած մարդկանց ուղեկցութեամբ, բացայայտ եւ անթաքոյց լկտիութեամբ, թափանցում է իր իրաւասութեան տակ չգտնւող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրօնական ազատութեան սահմաններն ու սեփականութեան իրաւունքի անձեռնմխելիութիւնը։

Նողկալի է, որ սոյն բանդային, նախարարներից, պատգամաւորներից, զանազան արկածախնդիրներից բացի, միացել են նաեւ իրենց եռակի օծումը ոտնահարւած եւ մերժած «հոգեւորականներ», որոնք իրենց սոյն քայլով արժանացել են Աստծու դատաստանին։

Սոյն յանցաւոր զինւած բանդայի դեռեւս ազատութեան մէջ գտնւելը խօսում է իբրեւ թէ իր սուվերենութիւնը «գտած», սակայն իրականում կորցրած պետականութեան փշրանքների լիակատար զաւթման մասին յանցագործ սուբիեկտների կողմից։ Սակայն վստահ ենք, պետականութիւնը կը վերականգնւի, իսկ յանցագործները կը զբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնւում ենք այսօր մենք խղճի կալանաւորներս։

«Եթէ Աստւած մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»։

Յաղթանակի վստահութեամբ՝

Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեան»։

Related Articles

Back to top button