ԹեհրանՀամայնք

Յուշերեկոյ նւիրւած ազգային, գաղափարական եւ հասարակական գործիչ, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան բազմավաստակ անդամ Հրաչ Զարիֆեանի յիշատակին

Ազգային, գաղափարական եւ հասարակական գործիչ, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան բազմավաստակ միութենական եւ սկաուտական միաւորից մինչեւ Կենտրոնական վարչութիւն իր անմնացորդ տեղը եւ դերը զբաղեցրած Հրաչ Զարիֆեանի յուշերեկոն նշւեց հէնց իր փայփայած «Արարատ» մարզաւանում, նախաձեռնութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի:

Յունիսի 14-ին Հրաչ Զարիֆեանի հոգին թեւածում էր «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, սրահ, որտեղ տարբեր միջոցառումների ընթացքում նա բազմիցս է հադէս եկել խօսքերով: Սակայն երէկ երեկոյեան արդէն իր պատկերներն էին խօսում հանդիսատեսի հետ:

Միջոցառումը մեկնարկեց միութեան սկաուտկների տողանցքով, որի ընթացքում միութեան դրօշը տեղադրւեց Հրաչ Զարիֆեանի պատկերի դիմաց եւ մեկնարկեց յուշերեկոն:

«Ինքդ էիր վկայում որ Սկաուտական միութիւնը քեզ սովորեցրեց մեր երդման խօսքը, ծառայել ազգին, հայրենիքին ու ընտանիքին: Հիմա դու ֆիզիկապէս ես բացակայ, իսկ հոգով մենք քեզ երբեք բացակայ չենք դնի, միայն պէտք է ասել, որ նւիրումիդ օրինակը վարակիչ պէտք է լինի մեր միութեան պատանիների ու երիտասարդների համար», այս տողերով Սկաուտական միութեան խօսքը փոխանցեց սկաուտ առաջնորդ Էլին Սարգսեանը:

Խօսք փոխանցեց Հրաչ Զարիֆեանի գաղափարակից, տարիների միութենական ընկեր եւ յուշերեկոյի կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Հենրիկ Խալոյեանը, ընդգծելով որ գեղարւեստական յայտագրով յագեցած այս յուշերկոն յաւերժացնում է մեր Հրաչի յիշատակը եւ արժեւորում նրա տեսակը ու մխիթարում նրա ֆիզիկական հեռաւոութիւնը, իր արած գործով, թողած յուշերով եւ շարունակւող գաղափարաբանութեամբ: Նա ապա ընթերցեց Հայաստանում Հրաչ Զարիֆեանի յուղարկաւորութեան ընթացքում Հ.Մ.Ա.Կ.-ի խօսքը: Խօսքի մէջ նշւած էր. «Մեր ընկերոջ, ու «Ընկեր» հասկացութեան տիպար՝ ե՛ւ գաղափարական, ե՛ւ կազմակերպական առումներով բոլորիս սիրելի ընկեր՝ Հրաչ Զարիֆեանի մահւան գոյժը այնքան անակնկալ ու ծանր էր՝ եւ է, որ դժւար է այս առիթով խօսել…

Սակայն մեր պարտքն է, որ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան մեծ ընտանիքի անունից խորը կսկիծով ցաւակցենք՝ մեր ընտանիքի 62 տարիների վաստակաշատ անդամ եւ գաղափարակից ընկերոջ վաղաժամ մահը, որի 67-ամեայ կեանքի հիմնական տարիները շաղախւած եղան մեր ազգային-հասարակական կեանքին»: Նա ընդգծեց. «Վստահ եմ համաձայն կը լինէք, որ նա դեռ աւելին էր՝ քանզի միաժամանակ նրան յաջողում էր, մարմնաւորել՝ ե՛ւ «Արարատ»ը, ե՛ւ «Ալիք»-ը (որի ժամանակի վարիչը եղաւ) ու Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը՝ տոգորւած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վեհ գաղափարաբանութեամբ, տեսլականներով եւ հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների ձեռքբերման իդէալներով, որոնցով նա իր ազգային-հասարակական նւիրեալ գործունէութեամբ թողեց իր ազդեցիկ դրոշմը թեհրանահայ հասարակական կեանքում: Հրաչին կարելի է յիշե՛լ՝ ուր որ գործ կար. ուր նա պիտի համեստօրէն աշխատէր կամ ղեկավարէր գործը ընկերական եւ թիմային հասկացութեամբ ու կարեւորը՝ անշեղ սկզբունքներով… Նրա կեանքի էջերը  փայլուն են եւ ուսուցանելի. սկսած «Արարատ»-ում մանկապատանեկան տարիքից, որպէս սկաուտ 1962-ից, մինչ Սկաուտական միութեան 1978-79 Սկաուտապետի պաշտօնի ստանձնումը, այն էլ Իրանի յեղափոխութեան օրերին: Նա հայ-սկաուտ էր, բառի բուն իմաստով եւ մնայուն խորհրդատու Սկաուտական միութեան ղեկավարների եւ օրինակելի դէմք՝ շարքերի համար. իսկ ինքն ասում էր՝ «…ես սկաուտականի շտապ օգնութեան մեքենան էի…»:

Յուշերեկոյին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոանական վարչութեան անդամ Արտոյտ Զոհրաբեանը որպէս հաղորդավար այս տողերով բնութագրեց Հրաչ Զարիֆեանին. «Մարդ կոչման ամենաճիշտ տարբերակներից մէկն էր»: Նա ներկայացրեց օրւայ յայտագիրը եւ հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու ՀՅԴ Թեհրանի եւ հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի անդամ Նայիրի Թովմասեանին:

Կենտրոնական կոմիտէի խօսքի մէջ նշւած էր. «Հրաչ Զարիֆեան, վաստակաւոր ազգային-հասարակական գործիչ, հաւատաւոր գաղափարական:

Մի անուն, որի համար ոչ թէ խօսում են կենսագրական տւեալները, այլ վերջին 50 տարւայ իր գործունէութիւնը: Յարգւած ու սիրւած էր Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան շրջանակում:

Յարգւած ու սիրւած էր իր կուսակցական ընկերների կողմից:

Մանուկ եւ պատանի հասակից ճաշակեց միութենական կեանքը. եղաւ յանձնառու եւ պարտաճանաչ իրեն վստահւած աշխատանքներում:

Երիտասարդ հասակում անդամագրւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերին եւ մինչ կեանքի վերջը հաւատարիմ մնաց իր դաւանած գաղափարին»:

Խօսքի մէջ նշւած էր. «Բնաւորութեամբ հանդարտ էր, զուսպ եւ հաշւենկատ, այդ իսկ պատճառով ամենաբարդ պայմաններում կարողանում էր ճանապարհ գտնել եւ լուծումներ առաջարկել:

Հաւանաբար իր այդ նկարագրից էր, որ Իրան-Իրաք պատերազմի օրերին, թէեւ առաջնագծում էր, սակայն ամենաբարդ պայմաններում կարողացաւ յաղթահարել մահը:

Երկար տարիներ եւ տարբեր շրջաններում եղել է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան բազմաթիւ միաւորների, յանձնախմբերի եւ Կենտրոնական վարչութեան անդամ:

Կուսակցութեան մէջ նաեւ նոյնն էր: Երկար տարիներ աշխատել է տարբեր յանձնախմբերում, եղել է Կենտրոնական կոմիտէի անդամ, Հայ Դատի յանձնախմբի անդամ, Հայ Դատի գրասենեակի վարիչ եւ ազգային կառոցների անդամ:

Եղել է նաեւ «Ալիք» օրաթերթի տնօրէն եւ «Ալիք»-ի վարչութեան անդամ:

Վերջին տարիներում իր առողջական վիճակի պատճառով փորձում էր յանձնարարութիւններ չստանձնել, սակայն յանձնառու էր, երբ ինչ որ աշխատանք էր ստանձնում»:

Նա խօսքը այսպէս ամփոփեց. «Մեր շատ սիրելի ընկեր Հրաչ, կը յիշւես որպէս յանձնառու եւ պարտաճանաչ Դաշնակցական, եւ քո վաստակը իրահանայ կեանքում կը մնայ որպէս լաւագոյն փաստ, քո գործունէութեան եւ նւիրւածութեան»:

Յուշերեկոյի եզրափակիչ խօսքը փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը, ով անդրադառնալով Հրաչ Զարիֆեանի մարդկային ու միութենական վեհ հոգուն այսպէս նշեց. «Հրաչը ազնիւ էր ու բարի, արդար ու ընկերասէր: Նա յարգում էր բոլորին, անկախ տարիքից, հանգամանքից ու տեսակից, ու այդպիսով մեծ սէր ու յարգանք էր վայելում իր շրջապատի կողմից: Հրաչը ընդհանրապէս հաւատում էր «Արարատ» կազմակերպութեան նպատակներին եւ գիտակցում «Արարատ»-ի մեծ դերը համայնքում եւ սփիւռքում, նոր սերունդների դաստիարակման ուղղութեամբ: Նրա սկզբունքային մօտեցումները եւ իր ազգային վեհ գաղափարաբանութիւնը արտացոլւում էին իր ստանձնած ու իրագործւած բոլոր աշխատանքներում»: Նա ընդգծեց. «Միութենական կեանքում նա օրինակելի արարատական էր, նրա համար չկար կարեւոր ու անկարեւոր, մեծ ու փոքր գործեր: Նա միշտ ներկայ էր, որտեղ իր ներկայութեամբ կարող էր օգտակար լինել, ամենայն համեստութեամբ բայց եւ մեծ ներդրումով լծւում էր աշխատանքի որեւէ աշխատանք, յաջողութեամբ պսակելու համար»:

Միջոցառմանը ցուցադրւեցին Հրաչ Զարիֆեանի ազգային, միութենական ու հասարակական կեանքը ներկայացնող մի քանի տեսաֆիլմեր: Առաջինը պատրաստւել էր Հրաչ Զարիֆեանի եղբօր Ալեքօ Զարիֆեանի եւ Գուրգէն Գիւրջեանի միջոցով Ամերիկայում, իսկ ֆիլմի տեսքստը ընթերցել էր վաստակաւոր միութենական եւ ազգային-հասարակական գործիչ Արմենուշ Առաքելեանը:

Այլ տեսաֆիլմի միջոցով Հրաչ Զարիֆեանի որդին՝ Ռազմիկ Զարիֆեանը իր յուզումը հազիւ զսպած անդրադարձաւ՝ հայր, մեծ հայր եւ ընկեր Հրաչ Զարիֆեանի անհատական ու ընկերային վեհ մարդու իւրայատկութիւնների մասին: Մարդ ով չէր խնայում ոչինչ իր շրջապատին, իր ազգին ու հայրենիքին նպաստելու հարցով:

Միջոցառմանը  ներկայ էին՝ ՀՅԴ Թեհրանի եւ հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի անդամներ, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Հրաչ Զարիֆեանի այրին Լիդա Զարիֆեանը, հանգուցեալի հարազատները, ազգային, հասարակական գործիչներ եւ միութենականներ:

Միջոցառման գեղարւեստական յայտագրում ելոյթով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբը, Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ եւ պարային կատարումով՝ «Արարատ» պարախմբի անսամբլը, մեներգով ելոյթ ունեցաւ Մեղեդի Եղիազարեանը եւ ասմունքով հանդէս եկաւ սկաուտ վարիչ-առաջնորդ Վանէ Տէր-Ղազարեանը:

Իսկ եզրափակիչ ֆիլմը, որը պատրաստել էր ֆիլմ նկարահանող եւ միութենական Կարէն Մնացականեանը, արտացոլում էր Հրաչ Զարիֆեանին եւ նրա խօսքերն ու ելոյթները տարբեր առիթներով, իսկ ֆիլմի աւարտին Հրաչ Զարիֆեանը յաջողութիւն էր մաղթում բոլորին: Յատկանշական է, որ սրահում տեղադրւած էին Հրաչ Զարիֆեանի բեղմնաւոր կեանքը պատկերող պատկերներ:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button