Համայնք

Վախ բռնող, մոմ թափող ու գրբաց կամ՝ յոյսի ձգւած լարն ու նւագակցելու արւեստը

ՀԱՏԻՍ

 

Թերթիս այս էջով կատարւած վերջին անդրադարձն անարձագանգ չմնաց ծանօթ ու անծանօթ ընթերցողներից քանիսի կողմից: Նրանց մեծ մասը նկատել տւեց, որ նման թեմաների արծարծումը գուցէ ինչ որ տեղ գովազդի տպաւորութիւն գործի լսարանի վրայ, յատկապէս գուշակութեանը հաւատացող պոտենցեալ անձանց: Ուղղակի պէտք է ասել, որ երեւոյթն իր  հասարակական կողմն ունի նաեւ, որը կարող է չունենալ գիտական երանգ, սակայն լեզւի (լեզւամտածողութեան), ինչպէս նաեւ աւանդոյթների պահպանման առումով համարւում է ոչ-նիւթական ժառանգութիւն, անկախ նրանից, որ ով որ դիրքից այն չի ընդունում կամ մեղք համարում:

Այսքանից յետոյ նշենք նաեւ, որ նախորդ համարով բաժակ նայողը բնաւ էլ դէմ չէր թերթով իր մասին անունով յիշատակելը, սակայն հէնց նոյն նշւած նկատառումներով փորձ էր արւել գովազդի տպաւուրութիւն չգործել:

Զրուցակիցս Ժիրայր Ափելեանն էր, մասնագիտութեամբ հագուստի մոդելաւորող-դիզայներ: Նրա հայրը հանրայայտ Ափելեանն էր, ով Գրքերի կապման հարցում ճանաչւած էր որպէս Իրանի առաջատար վարպետ:

Ժիրայրի քոյրը եւս Լոնդոնից է վերադարձել, մասնագիտութեամբ ճարտարապետ, եւ ինչպէս ինքն է նշում Փերիոյ շրջանի Շուրիշկան գիւղի հպարտ հայ:

Արդէն պարզ է, որ գիր ու գիտութեան հետ գործ ունեցող ընտանիքում մեծացած «բաժակ նայող»-ի հետ գործ ունես: Սա վկայում է նաեւ այն մասին, որ մեզնից շատերի կարծիքով միֆն ու կախարդանքն ու «Վուդու»-ները անպայման չէ, որ պիտի կարող են ունենալ ընտանեկան դաստիարակութեան հետեւանք, կամ ժառանգւող կարողութիւն:

Ժերօն (այդպէս ներկայացաւ Ժիրայրը, երբ առաջին անգամ սեղմում էինք միմեանց ձեռքը) պատմել էր նաեւ, որ սուրճի գաւաթը պատրւակ է միայն դիմորդի յաճախականութիւնը մօտիկից զգալու, կամ նրա անձնական իրերից որեւէ բան շօշափելու եւ մի խօսքով անհատականութեան մասին գաղափար կազմելու համար:

Նա պատմեց, որ թուղթ ու գիր բացող է նաեւ, իսկ խնդիրների լուծումը, նրա համոզմամբ, հնարաւոր  է միայն այն դէպքում, երբ դիմորդը չի հանդիմանում իր ներքին աշխարհը նրա առջեւ բացելու առումով: «Վստահութիւնը առաջին պայմանն է նման արդիւնքի հասնելու համար: Նոյնիսկ, եթէ բժիշկին չես վստահում, բուժումը եւս անհնարին կը դառնայ»,-ասում է Ժերօն:

Ժերօի հետ հանդիպումը տեղի ունեցաւ Եւրոգաւաթի կիսաեզրափակիչ երկրորդ խաղից առաջ: Նրան հարցրեցի, որ հանդիպումը չի խանգարի՞ նրա ֆուտբոլին: Պատասխանեց. «Ֆուտբոլը կանանց համար է, մենք կը զբաղւենք տղամարդու գործերով»:

Վախ բռնողի մօտ

Նկատելի է, որ ներկայ ժամանակներում երեխաներն աւելի քիչ են վախենում, քան անցեալում: Նախորդ սերնդի ընթերցողներին ծանօթ է մասամբ մթութիւնից վախենալը, կամ միայնակ սենեակում լինելը, կամ առհասարակ հրէշներից վախենալը: Միանշանակ դաստիարակութեան մատնահետքն է խօսում այնտեղ: Ժամանակին երեխային սաստելու եւ «հանգստացնելու» միջոցներից էր ինչ որ հրէշից ու հրեշտակից վախեցնելը: Դա խնդիր էր, որը նոյն օրերին փորձել են լուծել միանման դեղատոմսով: Չնայած խնդիրն առաջացրած միջոցով չէ, որ կարելի է լուծել նոյն խնդիրը:

Ժերոյին իր ներաշխարհի հետ միայնակ թողած դուրս ես գալիս ու գնում մէկ այլ մարդու հետքերով, որին հանդիպելու համար մի քանի միջնորդ ես գործի դրել:

Ասում են, թէ միայն յատուկ արարողութիւններից յետոյ ու միայն յատուկ մարդիկ են կարողանում բռնել վախը:

«Թաղերից մէկում մի տատիկ ունենք, բոլոր հարցերով՝ վախ, թուղթուգիր, չստացւած սէր ու շատ այլ հարցերով հարեւանները դիմում են նրան: Ասում են, թէ նա կարողանում է նման բաներ անել: Պատմում են, թէ փոքրիկ աղջնակ է եղել, մի անգամ հանգուցեալ էր տեսել ու շատ էր վախեցել: Գիշերները չէր քնում, լաց էր լինում: Մայրիկին խորհուրդ էին տւել տանել մոմ թափողի մօտ»,- ասում է միջնորդն ու նայում իմ զարմացած աչքերին, ու այնտեղ կարծես որսած լինի հազիւ թաքցրածս քրքիջը: «Չգիտեմ, կարող ես չհաւատալ, բայց խօսք եմ տւել ու կը տանեմ մօտը: Ուղղակի այնտեղ քո պահւածքից է կախւած նաեւ իմ պատիւը: Չծիծաղել, չբարկացնել, չանել բան, որ յետոյ լաւ չլինի…»,- ասում է ու մտքումս չափում եմ չտրւած հարցս՝ բա որ տեսաւ ներսդ ու իմացաւ չես հաւատում…

Մի խօսքով մտածում ես Ժերոյի ասածի մասին ու ճանապարհւում ենք տղամարդու գործն աւարտին հասցնելու:

«Երբ երեխայի մայրը եկաւ՝ ձեռքին թղթի մէջ փաթաթած հալած մոմ էր, որ պէտք է դնէր աղջնակի բարձի տակ, յետոյ վախ չափողի նշանակած օրը տանէր ու հոսող ջուրը նետէր»,- պատմում է միջնորդը:

Ծանօթ պատկեր էր: Գուցէ նաեւ շատերին: Յիշում եմ շատ փոքր էի: Ցուցադրւող սեւ սպիտակ սերիալներից մէկում, որտեղ սարսափելի տգեղութեամբ դրակուլան էր յօշոտում դերասանական կազմին, իսկ ես ֆիլմի հերոսներից մէկի տեղն էի դրել ինձ, սկսել էի հաւատալ, որ էսա ես էլ եմ մորթւելու…»:

Ու այդպէս շատ էի վախենում, որ անկողնու տակ ինչ-որ մէկը միշտ թաքնւած է ու հէնց որ ձեռքս իջեցնեմ՝ նա ինձ կը բռնի։ Ֆիլմերում շատ էի տեսել, որ մարդիկ վախենալիս ձեռքը տանում են դէպի խաչը, ու դա օգնում է։ Ես խաչ չունէի պարանոցիս ու որոշեցի «Հայր մեր»-ը սովորել, որպէսզի, երբ վախենամ՝ ասեմ։ Այդպէս էլ անում էի, ու պատկերացրէք օգնեց։ Ես հաւատում էի, այդպէս պաշտպանւած եմ անկողնու տակ թաքնւած հրեշից, բայց մէկ է, դա լուծում չէր: Նա մնում էր այնտեղ՝ անկողնու տակ:

Կանչեցին թաղի յայտնի մոմ թափողներից մէկին, նստեցրեց ինձ իր գոգը, «գուլնար օճառի  պէս թունդ հոտով էր բուրում նա: Տաշտը ջուր լցրին ու սկսեց աղօթել գլխիս: Սկսեց մոմի կաթիլները կաթկթացնել տաշտում ու դրանք ջրում կպչում ու պատկեր էին կազմում…

Թափած մոմը փաթեթաւորեց թղթի մէջ ու իր դեղատոմսը տւեց երեւի: Չգիտեմ ում ինչպէս պիտի ինչ անէր այդ թղթի կտորը, բայց մէկ է,հրէշը մնաց անկողնու տակ: Աւելի ուշ, երբ միմեանց ներկայութեանը սովորութիւն էինք դարձել հետը զրուցում էի ու ձեռ էի առնում: Դա աւելի լաւ էր կոտրում վախը: Յատկապէս, երբ բարձրաձայն ես խօսում նրա հետ…

Զաւեշտը զաւեշտ, բայց հոգետերապիստի մօտ գնալը մի բան է, իսկ դրանից յետոյ հոգետերապիստի մօտ գնալու խնդիրը հասարակութեան աչքին պարզաբանելը այլ բան: Երեւի արժէ հոգեբաններին սովորել մոմ թափելու արւեստը նաեւ, ասում է զրուցակիցս երբ մօտենում ենք վախ բռնող տատիի դռանը:

Առաջին հայեացքից ասում է, որ եթէ վախ չկայ մէջդ, բա ինչի ես այստեղ: «Սուրճ չխմե՞նք»,-մտերիմ երեւալու անյաջող փորձ ես անում: «Բաժակդ էլ կնայեմ, չնայած երեւում է կեանքից այնքան էլ շատ բան չես ուզում: Նկարել-մկարել չկայ:…ստիպւած զրոյցի պոչից բռնում ու իւրաքանչիւր բառ առիթ ես դարձնում պոչը չթողնելու…

Հասկանում ես, որ մարդկանց չի կարելի թերագնահատել: Եթէ ասում է մէջդ վախ չկայ, նշանակում է՝ ծէս չի լինելու: Ուղղակի սրճում ենք ու հազիւ երկու բառ փոխանակում «մասնագիտութեան» մասին:

Արդէն գիտես, որ նրանց մօտ տարիքը չեն հաշւում այն օրւանից, երբ «գիտակցութեան» են հասել: Այսինքն «վերցրել են վերուստ տրւած կարողութիւնը»: Ձեւակերպումը հէնց իրենն է: Ասում է 50 տարի առաջ 27 տարեկան էի… «Մարդ կայ կապանքի տակա ու ալեկոծւած: Առաջինը բացում եմ ու մաքրում եմ կապանքները: Յետոյ օգնում բուժւի: Մոմ թափութիւն եմ անում ու թաքնւած վիճակից դուրս է գալիս պատճառը: Մարդկանց ներքին հաւատքն էլ է օգնում: Միանգամից է երեւում ով է հաւատացեալ, իսկ ով ոչ…

Հարցնում ես բա ինչու հոգեբանի մօտ չեն գնում: Հետաքրքիր ու չսպասւած պատասխան ես ստանում՝ «Այդ խորութեամբ չեն երեւի նրանց խնդիրները»:

Պարզ է, որ ընթերցանութիւնից հեռու չէ: «Աստւածաշունչ եմ կարդում: Միշտ»: Ուղղակի մտածում ես դիմես հոգեւոր հայրերից որեւէ մէկին՝ այս մասին կարծիք կազմելու համար: Որոնումների արդիւնքում տեսնում ես, որ Եկեղեցին բնաւ խորհուրդ չէր տալու դիմել նման հնարքների:

«Վախ չափելու երեւոյթը ոչ մի կապ չունի Աստւածաշնչի հետ։ Այն իր ենթատեքստով նշանակում է հրաժարւել Աստծուց, յոյսը կորցնել։ Հարկաւոր է ոչ թէ վախենալ, որ վախ չափողի մօտ գնալուց յետոյ Աստւած կը պատժի, այլ պէտք է մտածել, թէ ինչու ենք հեռացել Աստծուց։ Իսկ վախերի պատճառն իրականում մարդու ներսում է եւ Աստծուց հեռացած լինելն է։ Այդ դէպքում կարելի է դիմել քահանային, որպէսզի վերջինս բժշկութեան կարգ կատարի»,- պարզաբանում է Տեր Եսայի քահանայ Արթենեանն իր բլոգում։

Էպիզոդ երկրորդ

Սովորում էի, գիշերներն էլ  Թեհրանի միջին խաւի բնակիչներով յայտնի քաղաքամասերից մէկի տաքսիսերւիսներից մէկում էի աշխատում:

Վստահելի վարորդով մեքենայի համար կանչ եղաւ:  Նիհար ու այդ օրերին խիստ անսովոր կլոր ակնոցներով վարորդը յայտնւում է ուղեւորի տան դռան: Բարեկազմ ու բարետես մի կին էր նա: «Գնում ենք Բիբի Շահրբանու»,- նստում է ու անմիջապէս ասում՝ գնացինք: Առաջին պահից վատ զգացողութիւն է, որ չգիտես այդ ինչ է կամ ինչի մասին էր «Բիբի Շահրբանուն», այդ էլ իրիկնամուտին: Վերջապէս նա հասկանում է որ շփոթւած ես ու ասում «քշի աֆսարիէ»:  Դեռ գլխի չես ընկել թէ ինչ է սպասւում այդ իրիկուն: Արդէն քաղաքի տեսք չունի ճանապարհը, որը դեռ շարունակւում է դէպի Թեհրանի հարաւ-արեւելեան յայտնի բլուրի կոնդը: Մութն ընկնելուն պէս տեղ ենք հասնում ու ուղեւորը խնդրում է մեքենան կայանելուց յետոյ ուղեկցեմ:

Հազիւ աղոտ լոյս ես գտնում ու փակում դռներն ու ոտքով դէմը բացւած նեղլիկ փողոցից անցնում ու հասնում ենք ճիշտ հասցէին: Ձեռքում եղած թուղթն է ստուգում ու թակում դուռը: Ներս են հրաւիրում ու դիմաւորող կինն ինձ ասում է բակում սպասեմ: Հայելի նայող էր: Ոլորտի յայտնիներից մէկը: Իր մասին յետոյ պատմեց, որ երբեմն ոստիկանութեան հետ է համագործակցում: Կայ-չկայ ակնոցներիս ազդեցութեան տակ որոշել է զւարճանալ ասածով, որ յետոյ ընկերներին պատմելու բան ունենայ…

Վերադարձի ճանապարհին ուղեւորը պատմեց, որ տան ոսկեղէնն էր կորել, ու փորձում է գտնել:

Ինքդ քեզ մտածում ես պէտք չէ մարդկանցից խլել  յոյսը, դա միակ բանն է, որ նման դէպքերում ուժ կը տայ մարդու, անկախ արդիւնքից:

Սա յոյս է, ինչը ոչ կրթութիւն է ճանաչում, ոչ կրօն, ոչ էլ սնոտապաշտութիւն է: Ուղղակի յոյս է, որին ամենաշատն ես դիմում, յատկապէս երբ տնտեսութիւնն ու իրավիճակն անկայուն է ու ինչպէս կասեն մեր օրերի պէս՝ «Էսօրէքուց»…

ՀԱՅԵՐԷՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ- ՄԱԼԽԱՍԵԱՆՑ

Բաղադրեալ Բայեր

Վախը բռնել չէզոք բայ ժողովրդական բժշկութեան միջոց վախի դէմ, որ գործ են դնում սովորաբար պառաւ կանայք. բռնում եւ պինդ հուպ են տալիս վախեցած մարդու կռների երակները ուսի մօտից եւ արեան հոսանքը կանգնեցնում, ապա բաց թողնում, որ արիւնը յորդութեամբ հոսէ ներքեւ. նոյնը անում են քիչ ներքեւ եւ այսպէս շարունակ մինչեւ դաստակները. այս կերպով վերականգնում են արեան կանոնաւոր շրջանադարձութիւնը։

– Երեխան վախեցել էր, հետզհետէ դեղնում ու նիհարում էր. վախը բռնել տուինք, երեխան աչքը բացեց։

Վախը չափել

Չէզոք բայ (Սնոտիապաշտական) վախը բժշկելու կախարդական միջոց, որ գործ են դնում պառաւ կանայք. վերցնում են մի երկայն երիզ, նրա մի ծայրից, արմուկը վրան դնելով ու ձեռքի ափը վեր ու վար դնելով, ամփոփում են եւ շարունակութեան վրայ նոյն բանն են անում, անդադար յօրանջելով. երիզի չափումը կրկնում են մի քանի անգամ, եւ ամեն անգամ այնպէս են ամփոփում չափված մասը, որ ստացվում է զանազանութիւն նախընթաց չափումից։

Այս չափումներով իմանում են թէ ո՛րքան է վախեցել մարդը։

Դարձւածքներ

Վախ բռնող

գոյական Այն կինը, որ վախը բռնում է։

– Վախ բռնողին կանչեցէք, թող գայ վախը բռնէ։

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 2051

մոմ թափել – բացատրութիւն

1. Ճրագուից մոմ (3) պատրաստել:

2. (հնացած): Մոմը հալելով եւ ջրի մէջ թափելով՝ ստացւող ձեւերից գուշակութիւն անել:

Related Articles

Back to top button