Ադրբեջանը պահանջ չի ներկայացնի Հայաստանին երկու դէպքում
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
2024 թ. յուլիսի 20-22-ն օկուպացւած Արցախի Հանրապետութեան Շուշի քաղաքում անցկացւած երկրորդ գլոբալ մեդիաֆորումի ժամանակ՝ յուլիսի 20-ին, օկուպանտ եւ ցեղասպան, արհեստական կեղծ կազմաւորման, այսպէս կոչւած, Ադրբեջանի սուլթան Իլհամը, խօսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման հնարաւորութեան մասին, մասնաւորաբար, յայտարարել է. «…կան երկու կարեւոր հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել: Յամենայնդէպս, այս պահին երկու: Առաջին՝ Հայաստանը պէտք է դրական պատասխանի Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ–ին համատեղ դիմում ներկայացնելու մասին մեր առաջարկին… Հայաստանը համաձայն չէ…
Երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնը: Եւ կրկին ցանկանում եմ ասել, որ մեր գործողութիւնները չեն հանդիսանում միջամտութիւն նրանց գործերին, ամենեւին ոչ: Հայաստանի Սահմանադրութեան մէջ կան յղումներ անկախութեան Հռչակագրին, որն ակնյայտ տարածքային սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ դրանում խօսւում է Հայաստանի հետ, այսպէս կոչւած, Լեռնային Ղարաբաղի միաւորման մասին: Այսինքն՝ քանի դեռ այս կէտը գոյութիւն ունի, խաղաղ համաձայնագիրն անհնար է:»:
Անդրադառնանք Ապշերոնի սուլթան Իլհամի պահանջներին առանձին-առանձին:
Այսպէս, ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Իլհամի նպատակը:
1992 թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդաժողովի (ԵԱՀԽ) Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպումը: Հանդիպման արդիւնքների մասին հրապարակւել է եզրակացութիւնների ամփոփագիր (այսուհետեւ՝ ամփոփագիր):
Ամփոփագրի, մասնաւորապէս, 11-րդ կէտում արձանագրւել է հետեւեալը. «Նախարարները ի գիտութիւն ընդունեցին Հայաստանի եւ Ադրբեջանի պարտաւորութիւնը՝ լիովին աջակցելու ԵԱՀԽ–ի Խորհրդի նախագահութեան առաքելութեանը տարածաշրջանում, ինչպէս նաեւ այն գործողութիւններին, որոնց վերաբերեալ ԵԱՀԽ–ի Խորհուրդը համաձայնել է, եւ կոչ են անում այս երկու երկրներին ակտիւօրէն հետամուտ լինել այդ պարտաւորութեան կատարմանը՝ հասնելու (հակամարտութեան – Ս. Հ.-Ջ.) տեւական, խաղաղ լուծման»:
Մեջբերումից պարզւում է, որ ադրբեջանաարցախեան հակամարտութեան կարգաւորման հարցում Հայաստանի հետ միասին Ադրբեջանը նոյնպէս պարտաւորւել է՝
. աջակցել ԵԱՀԽ-ի Խորհրդի առաքելութեանն ու գործողութիւններին տարածաշրջանում,
. ադրբեջանաարցախեան հակամարտութիւնը լուծել խաղաղ ճանապարհով:
Ամփոփագրի 8-րդ եւ 9-րդ կէտերից յայտնի է դառնում, որ ադրբեջանաարցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցութիւնների նպատակով (ԵԱՀԽ) Խորհուրդը որոշել է հնարաւորինս շուտ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում հրաւիրել խորհրդաժողով 11 պետութիւնների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնութեան, Ամերիկայի Միացեալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի եւ Սլովակիայի Դաշնային Հանրապետութեան եւ Շւեդիայի մասնակցութեամբ:
Լեռնային Ղարաբաղի ընտրւած եւ այլ ներկայացուցիչները` որպէս շահագրգիռ կողմ, հրաւիրւելու են խորհրդաժողովին նրա նախագահի կողմից` խորհրդաժողովին մասնակից պետութիւնների հետ խորհրդակցութիւններից յետոյ:
Ռազմական գործողութիւնների սրման պատճառով նշւած խորհրդաժողովն այդպէս էլ չի հրաւիրւել, սակայն անւանումը՝ Մինսկի խորհրդաժողով, պահպանւել է: Մինսկի խորհրդաժողովը վերածւել է Մինսկի խմբի, որի առաջին նիստը տեղի է ունեցել ոչ թէ Մինսկում, այլ Հռոմում` 1992 թ. յունիսի 1-5-ին:
1994 թ. դեկտեմբերի 5-6-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ որոշւել է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպէսզի ստեղծւի ընդհանուր եւ համաձայնեցւած հիմք բանակցութիւնների համար:
Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն՝ 1995 թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, բանակցային գործընթացն ապահովելու եւ հակամարտութեան կարգաւորման համար համապատասխան հիմք ձեւաւորելու համար:
Մինսկի համանախագահութեան ինստիտուտը սկսել է գործել 1997 թ. փետրւարի 14-ից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան կողմից մշակւել եւ 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին է ներկայացւել հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների մասին մի փաստաթուղթ, որն առաւել յայտնի է «Մադրիդեան սկզբունքներ» անունով:
Արցախի Հանրապետութեան շահերի սպասարկման տեսանկիւնից անընդունելի համարելով յիշեալ փաստաթուղթը՝ այդուհանդերձ հարկ է նշել, որ փաստաթղթում արձանագրւել է, որ հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի, մասնաւորաբար, ազգերի ինքնորոշման իրաւունքի եւ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքների համաձայն:
Հարկ է նշել, որ համակարտութիւնը «Մադրիդեան սկզբունքներ»-ի համաձայն կարգաւորելուն Ադրբեջանը տւել է իր համաձայնութիւնը:
Ադրբեջանաարցախեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ «Մադրիդեան սկզբունքներ»-ին մինչ օրս յաջորդած բոլոր փաստաթղթերում, այդ թւում ստորագրւած նաեւ Ադրբեջանի կողմից, բացի 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրւած եռակողմ յայտարարութեան, ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապէս ընդգծւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան միջնորդական ջանքերի շարունակման կարեւորութիւնը եւ հակամարտութիւնը միջազգային իրաւունքի հանրայայտ սկզբունքների, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման, վէճերի խաղաղ կարգաւորման եւ տարածքային ամբողջականութեան, համաձայն կարգաւորելու անհրաժեշտութիւնը: Այդպիսի փաստաթղթերից կարելի է վկայակոչել օրինակ Մոսկւայի կամ Մայենդորֆեան հռչակագիրը՝ ստորագրւած 2008 թ. նոյեմբերի 2-ին Մոսկւայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից:
Ձգտելով հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ նաւթային դիկտատոր Իլհամը ցանկանում է հրաժարւել ադրբեջանաարցախեան հակամարտութիւնը միջազգային իրաւունքի սկզբունքներին համաձայն լուծելու իր իսկ ստանձնած բազմաթիվ գրաւոր յանձնառութիւններից:
Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու օկուպանտ եւ ցեղասպան Իլհամի պահանջին, ապա այս մասին էլ հարկ է նշել հետեւեալը: Հայաստանի անկախութեան Հռչակագրին, որն Իլհամը համարում է Ադրբեջանի համար խնդրայարոյց, հղում է տրւած Հայաստանի Սահմանադրութեան նախաբանում: Իսկ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախաբանը փոփոխման ենթակայ չէ: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական դատարանն իր 2021 թ. ապրիլի 29-ի որոշման մէջ արձանագրել է, որ Սահմանադրութեան նախաբանը հանդիսանում է Սահմանադրութեան անփոփոխելի դրոյթ:
Հետեւաբար, Հայաստանի Սահմանադրութեան նախաբանը, որտեղ յղում է տրւած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան Հռչակագրին, որեւէ պարագայում ենթակայ չէ փոփոխութեան:
Այսպիսով, առնւազն վերոնշեալը նկատի առնելով՝ չպիտի գնալ Հայաստանին ներկայացրած Ադրբեջանի երկու պահանջներից եւ ոչ մէկի կատարմանը:
Յատկանշական է, որ Ապշերոնի սուլթան Իլհամը բացայայտ խոստովանել է, որ Հայաստանին ներկայացրած յիշեալ երկու պահանջներով ինքը չի բաւարարւելու: Ապագայում կարող են ներկայացւել նաեւ այլ պահանջներ: Այս մասին անառարկելիօրէն վկայում են Իլհամի հետեւեալ խօսքերը. «…կան երկու կարեւոր հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել: Յամենայնդէպս, այս պահին երկու:»:
Իսկ սա իր հերթին վկայում է այն մասին, որ Հայաստանին ուղղւած Ադրբեջանի պահանջները վերջ չեն ունենալու:
Ադրբեջանը երկու դէպքում կարող է պահանջ չներկայացնել Հայաստանին. մի դէպքում, երբ Հայաստանը ջախջախիչ պարտութեան մատնի Ադրբեջանին՝ պարտադրելով վերջինիս ստորացուցիչ պայմաններով խաղաղութեան պայմանագիր ստորագրել, միւս դէպքում, երբ Հայաստանի Հանրապետութիւնը դադարի գոյութիւն ունենալ:
Երկրորդ տարբերակը բացառելու եւ առաջին տարբերակն իրականութիւն դարձնելու նպատակով՝ հարկ է բոլոր ուղղութիւններով տանել յամառ եւ նպատակային աշխատանք, ինչը, սակայն, հնարաւոր կարող է լինել միայն Նիկոլ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելուց յետոյ: