Հայաստան - Արցախ

Արմէն Բադալեան. «Եթէ Փաշինեանն այդ տարածքներն ընդունում է Ուկրաինայի մաս, ապա ստացւում է, որ Ռուսաստանն ագրեսոր է»

Միւնխէնում Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ իր կարծիքով Անկախ Պետութիւնների Համագործակցութեան (ԱՊՀ) ստեղծման մասին 1991թ.-ի Ալմա Աթայի հռչակագիրը պէտք է գործի նաեւ Ուկրաինայի իրավիճակում, եւ եթէ այդ հռչակագիրը հիմք է հանդիսանում Հայաստանի անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան ճանաչման համար, «նոյնը պէտք է կիրառելի լինի Ուկրաինայի նկատմամբ»:

Փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինեանը ոչ միայն հաշւի չի առնում 44-օրեայ պատերազմի ժամանակ Ադրբեջանին Ուկրաինայի անվերապահ աջակցութեան փաստը, այլեւ խախտում է այն չէզոքութիւնը, որն մինչ այս փորձում էր պահպանել ռուս-ուկրաինական հակամարտութեան համատեքստում։

Panorama.am-ը դիմեց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանի՝ խնդրելով մեկնաբանել նման յայտարարութեամբ հանդէս գալու Նիկոլ Փաշինեանի շարժառիթները։

Ա. Բադալեան- Քանի որ Հայաստանի իշխանութիւններն արեւմտեան կենտրոնների խամաճիկ իշխանութիւններ են, բնականաբար, Արեւմուտքին ինչ հաճելի է, այն էլ ՀՀ իշխանութիւնները յայտարարում են։ Նիկոլ Փաշինեանը չի առաջնորդւում Հայաստանի Հանրապետութեան ազգային շահերով, այն սկզբունքով, որ Ուկրաինան մեծ չափով ռազմական օգնութիւն է ցուցաբերել Ադրբեջանին։ Նա հաշւի չի առնում այն, որ յայտնելով այդ տեսակէտը Ռուսաստանի կողմից կարժանանայ ոչ բարեկամական վերաբերմունքի, որովհետեւ, եթէ ճանաչում ես Ուկրաինայի տարածքային ամբողջականութիւնը, ապա ուղղակիօրէն ճանաչում ես, որ Ռուսաստանն ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի դէմ եւ զաւթել է առնւազը 5 շրջան՝ Ղրիմի մարզ, Խերսոնը, Զապարոժէն, Դոնբասի եւ Լուգանսկի մարզերը։

Դրանք ընդունելով Ուկրաինայի տարածք, ճանաչելով Ալմա Աթայի հռչակագիրը՝ ստացւում է, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Այսինքը, յայտարարելով այդ տեսակէտը՝ նա ընդամէնն Արեւմուտքին հաճելի դիրքորոշում է յայտնում։

Panorama.am- Սպասե՞նք Ռուսաստանի արձագանգին։

Ա. Բադալեան- Ռուսաստանն արդէն արձագանգեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումներն ուկրաինայի վերաբերեալ տրամագծօրէն՝ 180 աստիճանով տարբեր են եւ վերջ։

Panorama.am- Իսկ գործնական հարթութիւնում արձագանգ կը լինի՞։

Ա. Բադալեան- Գործով յետոյ կարձագանգի։ Երբ որ Ուկրաինայում հարցերը լուծի՝ յետոյ շատ-շատ հարցեր կան Հայաստանի իշխանութիւնների հետ պարզաբանելու։

Panorama.am- Եթէ ՀՀ գործող իշխանութիւններն մինչ այդ մնան իշխանութեան։

Ա. Բադալեան-Կարծում եմ՝ կը մնան։

Related Articles

Back to top button