Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեանը զգուշացրել է իշխանութիւններին անխոհեմ քայլերից, որոնք կարող են փչացնել Իրանի հետ յարաբերութիւնները

Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը Իջեւանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է անխոհեմ գործողութիւններից, որոնք կարող են փչացնել Իրանի հետ յարաբերութիւնները։

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնների համատեքստում նա նշել է, որ բոլոր պատերազմներն ունեն սկիզբ եւ վերջ, Իրանի յարաբերութիւնները ԱՄՆ-ի հետ մի օր կը բարելաււեն, սակայն Հայաստանը պէտք է զերծ մնայ այնպիսի քայլերից, որոնք կարող են անդրադառնալ Իրանի հետ յարաբերութիւնների վրայ։ Քաղաքական գործիչը նկատել է, որ նոյնիսկ կենցաղում հարեւանի հետ յարաբերութիւնները փչացնելը հեշտ է, բայց վերականգնելը՝ դժւար, քանի որ հարեւանից խարդաւանք չես սպասում, եւ ցանկացած մանրուք նշանակութիւն ունի։

Քոչարեանը յիշեցրել է, որ երբ Հայաստանի ղեկավարութիւնը մեկնեց Վաշինգտոն՝ քննարկելու TRIPP նախագիծը, այդ ժամանակ ԱՄՆ-ն արդէն ռմբակոծում էր Իրանը, եւ տարօրինակ էր նման պայմաններում ամերիկացիներին սահմանի փոխանցումը քննարկելը։ Ըստ նրա՝ կարելի էր պատասխանատւութիւն ստանձնել ճանապարհի շինարարութեան համար։

«Այս իշխանութիւնները մեզ կը հասցնեն Իրանի հետ թշնամութեան։ Ինչո՞ւ 44-օրեայ պատերազմի ժամանակ նոյնիսկ օդով չէին կարողանում Վրաստանի տարածքով ռազմական բեռներ բերել։ Պատասխանը մինչ օրս չկայ։ Չլինի թէ նոյնն անենք Իրանի հետ։ Այդ ժամանակ կը յայտնւենք շրջափակւած, եւ մեզ կը թելադրեն, իսկ մենք ստիպւած կը լինենք կատարել։ Հէնց դա էլ իշխանութիւնների ուզածն է, որ յետոյ ասեն՝ ելք չկայ։ Ելք կայ, ուղեղ չկայ»,- նկատել է Քոչարեանը։

Մեկնաբանելով Երեւանում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը, Ուկրաինայի նախագահի այցը եւ նրա ագրեսիւ յայտարարութիւնները Մոսկւայի հասցէին՝ Քոչարեանը նշել է, որ եւրոպացիների նպատակը Ռուսաստանին ցաւ պատճառելն է։

«Եթէ ապրում ես Հայաստանի շահերով, չպէտք է թոյլ տաս, որ Հայաստանի տարածքում հնչեն նման հակառուսական յայտարարութիւններ»,- կարծում է քաղաքական գործիչը։ Նա առաջարկել է իրավիճակին նայել կենցաղային մակարդակով եւ իւրաքանչիւրին մտածել՝ արդեօ՞ք կընկերանար մէկի հետ, ով իր տանը թոյլ է տալիս նման յայտարարութիւններ քո հասցէին։ «Զելենսկուն պէտք չէր հրաւիրել։ Իսկ եթէ հրաւիրել էին, պայման դնէին՝ Հայաստանին չներքաշել հակամարտութեան մէջ»,- նշել է Քոչարեանը։

Related Articles

Back to top button