Արմէն Ռուստամեան. «Կանոնակարգն ամբողջութեամբ ոչ մի կերպ չի առնչւում մեր ազգային, պետական շահերի պաշտպանութեան հետ»
«ԱԼԻՔ» – «Ազգային ժողովի օրակարգում ընդգրկւած «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին» կանոնակարգն ամբողջութեամբ հակասահմաադրական է, հակաօրինական է, ոչ մի կերպ չի առնչւում մեր ազգային, պետական շահերի պաշտպանութեան հետ»: Այս մասին, երէկ՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ ԱԺ-ում յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուսատմեանը։
Նա նշել է, որ նախօրէին այդ կանոնակարգի քննարկման ժամանակ ոչ մի հարցի պատասխան լիարժէք չի տրւել, խուսափողական պատասխաններ են հնչել։
«Այս Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու այդ կանոնակարգի վաւերացմանը, այն էլ այն պայմաններում, երբ որ Ադրբեջանում նման համընթաց գործընթաց տեղի չի ունենում։ Սա նոնսենս է։ Խօսել էք սինխրոնիզացւած համաձայնութիւնների մասին, հիմա մենք վաւերացնում ենք, չենք կարող բացառել, որ Ադրբեջանը չի վաւերացնելու, առաւել եւս կարող է վաւերացնի մեզ համար անընդունելի վերապահումներով։ Մենք ռիսկեր ենք ստեղծում մեր երկրի համար»,- ասել է Ռուսատմեանն ու յայտարարել, որ «Հայաստան» խմբակցութիւնն այդ հակաօրինական գործընթացին չի մասնակցելու, չի մասնակցելու հարցի ոչ քննարկմանը, ոչ էլ քւէարկութեանը։
«Մենք վաւերացնում ենք, ստանում է ներքին ուժ, Ադրբեջանը չի վաւերացնում եւ ինչ է ստացւում։ Ասում էք՝ այլեւս ոչինչ է սա։ Դէ ուրեմն զրոյից պէտք է սկսենք։
Դուք ունէք վերջին շանս։ Մտցրել էք օրակարագ, գոնէ պահէք օրակարգում այնքան ժամանակ, մինչեւ տեսնենք Ադրբեջանն ինչ է անում, նոր դրանից յետոյ արէք։ Չի վաւերացնի, մի վաւերացրէք, կը վաւերացնի վերապահումներով, անդրադրաձէք վերապահումներին։ Սրա մասին է խօսքը։
Ինչ էք իզուր տեղն այստեղ ճոռոմաբանութեամբ զբաղւում ու դեմագոգիա անում։ Սա է կոնկրետ հարցը»,- ասել է Ռուստամեանը։