Մեկնաբանութիւն. Իրան-Հայաստան համագործակցութիւնը նոր տարածաշրջանային տարանցիկ հաւասարման մէջ. Թեհրանը ձգտում է նւազեցնել Հորմոզից կախւածութիւնը

Աշխարհաքաղաքական զարգացումները եւ Պարսից ծոցում լարւածութեան աճը Իրանին դրդել են ամրապնդել այլընտրանքային առեւտրային եւ տարանցիկ ուղիները։ Այս շրջանակներում Հայաստանը դարձել է Թեհրանի տարածաշրջանային ռազմավարութեան կարեւոր օղակներից մէկը: Մինչ Հորմոզի նեղուցը մնում է Իրանի առեւտրի եւ էներգետիկ արտահանման հիմնական զարկերակը, իրանցի քաղաքական գործիչները փորձում են բարձրացնել երկրի տնտեսական դիմադրողականութիւնը եւ նւազեցնել հարաւային ուղիներից կախւածութիւնը՝ զարգացնելով ցամաքային, երկաթուղային եւ ծովային միջանցքները: Այս մասին գրել է Parstoday.ir/hy-ը:
Այս համատեքստում Հայաստանի աշխարհագրական դիրքը յատուկ նշանակութիւն է ձեռք բերել Իրանի համար: Երկու երկրների ընդհանուր սահմանը հիւսիս-արեւմուտքում Թեհրանի միակ ուղիղ ցամաքային ուղին է դէպի Հարաւային Կովկասի տարածաշրջան եւ Եւրասիական շուկայի մի մասը: Վերջին տարիներին Թեհրանի եւ Երեւանի միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցութիւնն ընդլայնւել է, յատկապէս տարանցման, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում, եւ երկու երկրները փորձել են իրենց յարաբերութիւնները դուրս բերել աւանդական համագործակցութեան մակարդակից:
Rasanews-ի փոխանցմամբ՝ Իրանի Առեւտրի զարգացման կազմակերպութեան պաշտօնեաները ընդգծում են, որ հիւսիսային երթուղիների եւ այլընտրանքային միջանցքների զարգացումը դարձել է երկրի ռազմավարական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հիւսիս-Հարաւ միջանցքը եւ Իրանի կապը Ռուսաստանի, Կովկասի եւ Եւրոպայի հետ ձեռք են բերել աճող նշանակութիւն։
Թեհրանի համար Հայաստանը պարզապէս հարեւան գործընկեր չէ, այն նաեւ Իրանի աշխարհաքաղաքական հաւասարման մասն է՝ մրցակցող տարածաշրջանային նախագծերի դէմ։ Իրանը բազմիցս յայտարարել է տարածաշրջանի սահմանների ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխութեան իր ընդդիմութիւնը եւ Հայաստանի հետ ցամաքային կապի պահպանումը համարել է ռազմավարական կարմիր գիծ։ Թեհրանի տեսանկիւնից, այս երթուղու թուլացումը կարող է սահմանափակել Իրանի մուտքը Կովկասի եւ Եւրասիայի շուկաներ եւ փոխել տարածաշրջանի տարանցիկ հաւասարակշռութիւնը՝ ի վնաս Իսլամական Հանրապետութեան։
Միեւնոյն ժամանակ, հիւսիսային միջանցքների հետ մէկտեղ հետապնդւում է նաեւ Չաբահար նաւահանգստի եւ Օմանի ծովի երթուղիների զարգացումը։ Իրանի պաշտօնեաները կարծում են, որ Չաբահարը կարող է նւազեցնել Հորմոզի նեղուցի վրայ հնարաւոր ճնշումը եւ դառնալ Իրանի առեւտրի միացման կէտ Կենտրոնական Ասիայի եւ նոյնիսկ Կովկասի հետ։ Նման պայմաններում Չաբահարը երկրի հիւսիսում գտնւող երկաթուղային եւ ճանապարհային ցանցին միացնելը կը կրկնապատկի դէպի Հայաստան տանող ճանապարհների դերը։
Իրանը նաեւ փորձում է օգտւել Կասպից ծովի հնարաւորութիւնից՝ Ռուսաստանին, Ղազախստանին եւ Արեւելեան Ասիային միանալու համար։ Սակայն փորձագէտները կարծում են, որ այս ճանապարհներից ոչ մէկը արդիւնաւէտ չի լինի առանց Հարաւային Կովկասում կայունութեան։ Այդ պատճառով վերջին տարիներին Թեհրանի եւ Երեւանի միջեւ սերտ քաղաքական յարաբերութիւնները դարձել են աւելի կարեւոր, քան երբեւէ։ Տնտեսական ոլորտում Հայաստանը նոյնպէս դարձել է իրանական ապրանքների արտահանման կարեւոր ուղիներից մէկը, եւ Թեհրանը փորձում է մեծացնել առեւտրային փոխանակումների ծաւալը Երեւանի հետ։
Այս յարաբերութիւնների հիմնական առանցքներից են համագործակցութիւնը էներգետիկայի, գազի եւ էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտում, սահմանային ճանապարհների զարգացումը եւ ապրանքների տեղափոխման հեշտացումը։
Վերլուծաբանները կարծում են, որ Իրանի նոր ռազմավարութիւնը ցոյց է տալիս, որ Թեհրանը ձգտում է ստեղծել առեւտրային ճանապարհների բազմազան ցանց՝ արտաքին ճնշումների, պատժամիջոցների եւ անվտանգութեան սպառնալիքների նկատմամբ աւելի դիմացկուն լինելու համար։ Այս հաւասարման մէջ Հայաստանը համարւում է ոչ միայն տնտեսական գործընկեր, այլեւ Իրանի աշխարհաքաղաքական եւ տարանցիկ խորութեան մի մասը տարածաշրջանի հիւսիսում։



