ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ՍՏՒԵՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ. ՄԵԴԻԱ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՒԺԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

ՀԱՏԻՍ

 

Ժամանակակից աշխարհում պետութիւնների ներքին քաղաքական գործընթացներն այլեւս միայն ներքին գործօններով չեն պայմանաւորւում։ Տեղեկատւական հարթակները, միջազգային հիմնադրամները, ազդեցութեան ցանցերը, տնտեսական եւ անվտանգային շահերը գնալով աւելի խորն են ներթափանցում տարբեր երկրների հասարակական ու քաղաքական կեանք։

Այդ ազդեցութիւնը երբեմն արտայայտւում է մեդիայի միջոցով, երբեմն՝ քաղաքացիական նախաձեռնութիւնների, ընտրական գործընթացների, հասարակական շարժումների կամ քաղաքական վերադասաւորումների տեսքով։ Արդիւնքում ընտրութիւնների, հանրային տրամադրութիւնների եւ պետական որոշումների վրայ ազդեցութիւն գործադրելու մեխանիզմները դառնում են ոչ միայն ներքաղաքական, այլեւ միջազգային ուժային մրցակցութեան մաս։

Այս իրողութեան պայմաններում առանձնայատուկ ուշադրութեան են արժանի այն ազդեցութեան կենտրոնները, որոնք, գործելով տարբեր մեթոդներով եւ տարբեր հռետորաբանութեամբ, կարողանում են ձեւաւորել հանրային օրակարգ, ներգործել քաղաքական միջավայրի վրայ եւ մասնակցել գլոբալ գործընթացների ուղղորդմանը։

 

Այն, ինչ երեւում է մեդիայի մակերեսին, միշտ չէ, որ բացատրում է իրական գործընթացների խորքը։ Լրագրողը յաճախ առաջինն է նկատում ու բարձրաձայնում խնդիրը, սակայն խնդրի բուն կառուցւածքը հասկանալու համար անհրաժեշտ է անցնել տեսանելի շերտից դէպի ազդեցութեան, շահերի եւ որոշումների ձեւաւորման փակ մեխանիզմները։

Այս համատեքստում ուշագրաւ է մի հարց, որը միջազգային քննարկումներում կամ շրջանցւում է, կամ ներկայացւում է մասնակի։ Խօսքը սահմաններ չճանաչող երկու տարբեր ազդեցութիւնների մասին է, որոնք, տարբեր բնոյթ ունենալով հանդերձ, յաճախ յայտնւում են նոյն քննարկման առանցքում։ Մի կողմից՝ Ջեֆրի Էպստէյնի գործի շուրջ ձեւաւորւած տեղեկատւական, քաղաքական եւ ուժային կապերի շղթաներն են, միւս կողմից՝ Սորոսի հիմնադրամների եւ դրանց հովանաւորութեամբ առաջ տարւող նախաձեռնութիւնների ազդեցութիւնը տարբեր պետութիւնների ներքաղաքական եւ հասարակական միջավայրերի վրայ։

Առաջին դէպքում խօսքը մի համակարգի մասին է, որի շուրջ տարիներ շարունակ կուտակւել են հարցեր՝ վերնախաւային կապերի, ազդեցութեան ցանցերի եւ անվտանգային ոլորտին առնչւող հետեւանքների վերաբերեալ։

Երկրորդի դէպքում հրապարակային շեշտադրումը սովորաբար դրւում է ժողովրդավարութեան, բաց հասարակութեան եւ քաղաքացիական նախաձեռնութիւնների վրայ, սակայն տարբեր երկրներում այդ գործունէութիւնը բազմիցս դարձել է նաեւ լարւածութեան, բախումների եւ քաղաքական վերադասաւորումների բաղադրիչ։

Հետեւաբար խնդիրը միայն երկու առանձին դէպքերի մասին չէ։ Խնդիրն աւելի լայն է՝ ինչպէ՞ս են ձեւաւորւում այն ազդեցութեան կենտրոնները, որոնք կարողանում են ներթափանցել մեդիա, քաղաքականութիւն եւ որոշումների կայացման հարթակներ, եւ ինչպէ՞ս է այդ ազդեցութիւնը արտայայտւում պատերազմների, ճգնաժամերի եւ տարածաշրջանային վերաձեւումների ընթացքին։

Ահա այն կէտը, որտեղ լրագրողական դիտարկումը պէտք է իր տեղը զիջի խորքային փորձագիտական վերլուծութեանը։

Related Articles

Back to top button