«Հաւատա՛ ինձ ես էլ կարող եմ այն, ինչ դու» կարգախօսը գործի վերածած, իր աշխատանքը վերսկսել է «Ակունք» կենտրոնը

Թեհրանի հայոց թեմում Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնը, որը գտնւում է Թեհրանի Ս. Աստւածածնի եկեղեցու շրջափակում, դադարեցրել էր իր աշխատանքները Իրանի դէմ ամերիկա-իսրայէլական պատերազմի օրերին, ահա վերաբացելով իր դռները շաբաթական երկու օր իր ջերմ գիրկն է ընդունում իր սաներին:
Յետպատերազմական օրերին կենտրոնի վերաբացման, առկայ խնդիրների եւ կատարւող աշխատանքների մասին համայնքին իրազեկ դարձնելու նպատակով ներկայ գտնւելով կենտրոնում հարցազրոյց ենք ունեցել կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանի հետ:
Անդրադառնալով ԱՄՆ-իսրայէլական պատերազմի օրերին կենտրոնի փակ լինելով հանդերձ ծնողների հետ հեռակայ կապերի մասին, այսպէս նշեց. «Թէեւ այդ օրերին կենտրոնը փակ էր սակայն մեր կապը մեր սիրելի ծնողների հետ շարունակւել է հեռակայ կարգավիճակով: Հրադադարից յետոյ երբ աստիճանաբար վեաբացւեցին կենտրոնները մենք եւս որոշում ընդունեցինք շաբաթական երկու օր աշխատանքները վերսկսել: Երկու օրերով սահմանափակւելու առումով երկու հիմնական պատճառներ ունենք, նախ՝ ծախսերի կրճատում եւ երկրորդ աւելի ապահով է շաբաթական երկու օր քան ամենօրեայ աշխատանքը մինչեւ պատերազմի կատարեալ աւարտը: Կենտրոնի վերաբացումով մեր ծնողների եւ ինչու չէ սաների հոգեկան վիճակը բաւականին բարելաււեց, քանի որ առօրեայ աշխատանքը մասամբ բարելաււում է մարդու հոգեկան իրավիճակը: Թէեւ սկսել ենք առօրեայ աշխատանքները բայց առայժմ մեր լօգոպեդիստը, ֆիզիոտերապիստը, աշխատանքաթերապիստը եւ խեցագործութեան մասնագէտը դեռեւս չեն գալիս քանի որ նրանց ներկայութիւնը գումարների է նայում, սակայն մեր ուսուցչուհիները այդ բոլոր աշխատանքները կատարում են մեր սաների հետ եւ նրանք զբաղւում են ձեռքի աշխատանքներով՝ կար, նկարչութիւն, դասաւանդւում՝ է կրօն, երգ, հեքիաթների փոխանցում, թատերական ներկայացում, մտերմիկ հոգեբանական զրոյցներ, եւ այս բոլորը թերապիայի իմաստով են: Նշեմ նաեւ որ առայժմ կենտրոնը աշխատում է կիրակի եւ երեքշաբթի օրերին, քանի որ կիրակի օրը վստահ սաներին տանում ենք Ս. Աստւածածին եկեղեցի, որպէսզի հոգեկան կապը եկեղեցու հետ պահպանւի: Նման աշխատանքները մեր սաներին փոխանցում են հետեւեալը, որ ինչպէս կարելի է համբերել ծանր պայմաններին»:
Զրոյցի այլ բաժնում Վանուշ Թեւանեանը ընդգծեց. «Ինչպէս գիտէք «ԱԿՈՒՆՔ» կենտրոնը իր աշխատանքը շարունակում է իր բարերաների նւիրատւութիւնների շնորհիւ, եւ յոյս ունենք, որ այսօր երբ արդէն կենտրոնը վերսկսել է իր աշխատանքը մեր բարերաները եւս ինչպէս միշտ նեցուկ հանդիսանան կենտրոնին»:
Խօսելով դժւարութիւնների մասին նա նշեց. «Մեր սիրելի ուսուցչական կազմը ու ծնողական խորհուրդը իրապէս չեն խնայում իրենց կարելին, որպէսզի մեր սաները կենտրոնում կարողանան հանգիստ մտքով շարունակեն իրենց աշխատանքը, բայց հիմնականը գումարների հարցն է»:
Ներկայ կարգավիճակով երբ կենտրոնը սկսել է աշխատել շաբաթական երկու օր, հիմնականում աշխատում են եօթ ուսուցիչներ: Կարեւոր է անդրադառնամ, որ կենտրոնի հետ համագործակցող ֆիզիոթերապիստը պատրաստակամութիւն է յայտնել նոյնիսկ անվճար համագործակցել յանուն մեր սիրելի սաների, որի համար մեր շնորհակալութիւնն ենք յայտնում: Այսպիսով մենք փորձել ենք ծախսերը նւազագոյնին հասցնելով կենտրոնի դռները բաց պահել: Թէեւ ֆինանսական դժւարութիւնները շատ են բայց մենք երբեք չենք յուսահատւում եւ մեր սիրելի ուսուցիչների անվերապահ համագործակցութեամբ եւ ծնողների հետ կապերը պահելով կարողանում ենք մեր սաների մօտ եւս յոյսը միշտ վառ պահել: Յոյսն է պահում մարդուն, որպէսզի կարողանայ շարունակել իր աշխատանքը:
Արդէն պատրաստւում ենք նշել Քրիստոսի Համբարձման տօնը եւ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք փորձում ենք ազգային-կրօնական մեր տօների նշման առումով չտարբերւենք մեր միւս դպրոցներից: Մեր սիրելի ուսուցիչների հմուտ եւ սրտցաւ վերաբերմունքի շնորհիւ իրապէս կենտրոնը հոգեբանական միջավայրի է վերածւել: Նաեւ ինչպէս միշտ այս տարի եւս մեր սաները ներկայ գտնւեցին Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի ոգեկոչման միջոցառումներին եւ նշեցինք նաեւ կենտրոնում:
Պատերազմի ընթացքում մեզ հետ անմիջական կապի մէջ է եղել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը եւ կենտրոնը վերաբացւելուց յետոյ այցելել է կենտրոն, եւ իրապէս շատ ուշադիր է կենտրոնի նկատմամբ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ Դաւիթ Աբուլեանը եւս միշտ կապի մէջ է եղել եւ իրազեկւել կենտրոնի աշխատանքների մասին, մեզ հետ նաեւ կապի մէջ է եղել Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, իսկ որոշ բարերաներ արդէն իսկ պատրաստակամութիւն են յայտնել իրենց համագործակցութիւնը ցուցաբերել, որոնց բոլորին յայտնում ենք մեր շնորհակալութիւնը:
Կենտրոնի տեսչուհին է՝ Վանուշ Թեւանեանը, փոխտեսչուհի՝ Լուսինէ Յովհաննիսեանը, ուսուցիչներ՝ Կարինէ Ղարաբէգեանը, Սարինէ Սարգսեանը, Ռիտա Խոսրովեանը, Նորա Եղիայեանը, Լուիզա Աւետիսեանը եւ պաշտօնեայ՝ Օֆիկ Աբդալեանը: Ծնողական խորհրդի անդամներն են՝ Քարմէն Յովհաննիսեանը, Էդւարդ Աբրահամեանը, Անահիտ Բուդաղեանը եւ Էմմա Շիրւանեանը:
Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ











