Խաչվերացի տօնակատարութիւն եւ Ռեհանազարդ խաչով անդաստան Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, սեպտեմբերի 14-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմում, Թաւրիզ եւ Ուրմիա քաղաքների հայոց եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ անմահ Պատարագ, եւ տեղի ունեցաւ աւանդական անդաստան ռեհանազարդ խաչով, Խաչվերացի տօնի առիթով:
Հինգ տաղաւար տօներից վերջինի՝ Ս. Խաչի վերացման տօնը Թաւրիզում տօնախմբւեց Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում, որտեղ եպիսկոպոսական հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցեց եւ իր պատգամը յղեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը:
Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Թաւրիզում սուրբ պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Կարէն Սարգսեանի եւ մասնակցութեամբ հաւատացեալ ժողովրդի. իսկ Ուրմիայում, Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի կողմից: Թաւրիզում Առաքելական նամակի ընթերցումը կատարեց Քարմէն Աբրահամեանը, իսկ Ուրմիայում՝ Անահիտ Բաբախանեանը:
Առաջնորդ Սրբազանը իր պատգամը յղելով ներկայ հաւատացեալներին, պատմական ակնարկով ներկայացրեց խաչափայտի գերեվարումը Երուսաղէմից Խոսրով Փարւիզ արքայի կողմից 614 թւին, եւ 14 տարիներ, մինչեւ 628, Թաւրիզի բերդում ի պահ դրւելը. «Մեր Առաջնորդարանից հարիւր մետր հեռաւորութեան վրայ է գտնւում այն վայրը, որտեղ գերի պահւեց Յիսուսի Խաչափայտը, որպէսզի դրան հասնելիք վնասի սարսափով, բոլոր քրիստոնեայ ազգերը ենթակայ մնային Խոսրով Փարւիզ արքային: 628 թւին, Բիւզանդիոնի Հերակլ կայսեր գլխաւորած հսկայ բանակով, Պարսկաստանը պարտութեան է մատնւում եւ խաչափայտը վերադարձւում է Երուսաղէմ: Ճանապարհի վրայ նախ Կարինում (Էրզրում), եւ դէպի Երուսաղէմ բոլոր երկրների գլխաւոր քաղաքներում սուրբ Խաչը բարձրացւում է, եւ քրիստոնեայ ազգերը երկրպագում են դրան», ասաց Սրբազանը, պատմական մանրամասն տեղեկութիւններ հաղորդելով հաւատացեալներին:
Իր պատգամի ընթացքին, Սրբազան Հայրը Նոր Կտակարանեան էջերից մէջբերումներ կատարեց, յատկապէս Խաչի վախճանով Փրկչի մահւան խորհուրդին անդրադառնալով. «Խաչը առնելով Յիսուսի հետեւելու խորհրդի մէջ է մեր փրկութիւնը: Պօղոս առաքեալի համար մեծագոյն պարծանքը Յիսուս Քրիստոսի խաչափայտն էր, ինչպէս ասում է նա, Գաղատացիներին գրած նամակում, եւ նրա բախտն էլ խաչով նահատակութեան արժանանալն էր Հռոմում, սակայն գլխիվար խաչելութեամբ, իր փափագով, որպէսզի աւելի ծանր լինէր իր մահը, քան Տէր Յիսուսի խաչելութիւնը»,- ասաց Սրբազան Հայրը:
Սուրբ Պատարագից անմիջապէս յետոյ, եկեղեցու դասում տեղի ունեցաւ անդաստանի արարողութիւնը, երբ ռեհանազարդ խաչով խորհրդանշօրէն օրհնւեցին աշխարհի չորս ծագերը: Խաչափայտի մանրակերտ նմանակը ռեհաններով յարդարւել էր եկեղեցու Կանանց Խնամակալ մարմնի կողմից եւ յատուկ տաշտի մէջ զետեղւել եւ դրւել էր եկեղեցու ատեանում: Նոյնը Ուրմիայում, քանդակազարդ մետաղեայ խաչ էր յարդարւել ռեհաններով, օրւայ խորհուրդը պատկերելու համար:
Ուրմիայի մէջ եւս Սուրբ Պատարագից յետոյ տեղի ունեցաւ անդաստան, երբ Տէր հայրը եկեղեցու դասում անդաստան կատարեց, օրհնելով աշխարհի չորս ծագերը:
Նշենք, որ Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմինը հիւրասիրեց ներկաներին, իսկ Ուրմիայի Կանանց Խնամակալ մարմինը՝ եկեղեցու շրջափակում: