Թեհրանի հայկական համայնքում աւելի քան 40 տարի է ինչ հայկական եւ միջազգային պարերի ուսուցանման առումով իր անժխտելի դերն է ունեցել «Կակաչ» պարախումբը, որի շուրջ հարիւր սաները թւականիս յունւարի 23-ին եւ 24-ին հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» դահլիճում:
«Կակաչ» պարախմբի գեղարւեստական ղեկավարն է բազմավաստակ մշակութային գործիչ, Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս»-ի անւան մեդալակիր, արւեստում երկար ճանապարհ անցած Արուս Սարգսեան (Աւագեանը), իսկ բեմադրիչ, պարուսոյց եւ փորձավար Արմինէ Աւագեանը, ով աւարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական համալսարանի «Պարարւեստի ռեժիսուրային» ֆակուլտետը:
1983 թւականին հիմնադրւած «Կակաչ» պարի դպրոցում 41 երկար տարիների ընթացքում հայկական ու միջազգային պարեր է ուսուցանւել մեծ թւով սաների, որոնք ժամանակի ընթացքում դարձել են պարուսոյցներ եւ ղեկավարներ թէ՛ համայնքային մասշտաբում, եւ թէ՛ արտերկրում:
Յունւարի 24-ի միջոցառմանը, օրւայ բացման խօսքով հանդէս եկաւ Ժուանիթա Լալաբէգեանը: Իր խօսքի ընթացքում նա ընդգծեց. «Այսօր «Կակաչ» պարախումբը հանդէս է գալիս համերգային նոր ծրագրով: Քիչ յետոյ դպրոցի սաները ձեր դատին կը յանձնեն հարուստ եւ գունեղ ծրագիր, որում ընդգրկւած են հայկական, միջազգային եւ լատին ամերիկեան պարեր: Այսօր իմի է բերւելու երկար ամիսների շատ հետաքրքիր, բայց նաեւ տքնաջան եւ դժւարին աշխատանքի արդիւքները»: Խօսքի մէջ նշւած էր. «Հայ պարարւեստի այս օջախում հայ մշակոյթին հաղորդակից են դառնում շուրջ հարիւր մանուկ, պատանի եւ երիտասարդներ: Պարի միջոցով հայրենիքից կտրւած մանուկները հաղորդակից են դառնում մեր մշակոյթին, այստեղ ձեւաւորւում եւ դաստիարակւում է նրանց գեղարւեստական ճաշակը եւ հայ մարդու ինքնագիտակցութիւնը»: Խօսքի ընթացքում շնորհակալութիւն էր յայտնւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան վարչութեանը, «Շանթ» ազգային դպրոցի տնօրինութեանը, Իրանի Հայ Արհեստաւորների միութեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» կենտրոնատեղիի Վարիչ մարմնին եւ «Սէթ» սուրճ ընկերութեան տնօրինութեանը իրենց անվերապահ աջակցութիւնների համար:
«Կակաչ» պարախմբի ընդհանուր պատասխանատուն է Թենի Զարգարեանը, իսկ օգնականներ՝ Անի Մովսիսեանը, Ալին Շահմիրզայեանը, Լիա Սարգսեանը եւ Արփինէ Խաչատրեանը:
Բացման խօսքին յաջորդեց սաների իրարայաջորդ կատարումները: Ծրագիրը բաղակցած էր երկու մասերից, որը մեկնարկեց «Հայաստան» խորագիրը կրող պարով եւ 34 պարերով հանդէս եկած սաներ իրենց ելոյթը աւարտեցին «Յաղթանակ» պարով, որը ապացուցում է հայի անկոտրուն կամքը յաղթանակներ արձանագրելու համար:
Միջոցառման աւարտին բեմ հրաւիրւեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, փոխանցելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը: Իր խօսքի ընթացքում քահանայ հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ համայնքի մշակութային միաւորները հզօրացնելու կարեւորութիւնը, որով հնարաւոր կը լինի մատաղ սերնդին փոխանցել հայ ժողովրդի անցած ուղին եւ վառ պահել հարուստ մշակոյթը: Նա իր գնահատանքը յայտնեց խմբի գեղարւեստական ղեկավար Արուս Աւագեանին, բեմադրիչ, պարուսոյց եւ փորձավար Արմինէ Աւագեանին, պարխմբի ծնողական խորհրդին, ծնողներին ու սաներին որոնց անխոնջ աշխատանքի արդիւնքն էր երկօրեայ ելոյթները:
Բեմ հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում նա գնահատնքով անդրադարձաւ «Կակաչ» պարախմբի հետ միութիւնների համագործակցութեանը եւ նշեց, որ նման միջոցառումներ ապացուցում են, որ համայնքը կենսունակ է եւ մշակութային արժէքները վառ պահելով շարունակում է ծառայել հայ ժողովրդի մշակութային արժէքների պահպանման գծով: Նա գնահատանքով անդրադարձաւ Արուս Աւագեանի բազմամեայ աշխատանքներին եւ իր դստերը՝ Արմինէ Աւագեանին, ով շարունակել է կենսունակ պահել խումբը: Պատգամաւորը իր գնահատանքը յայտնեց ներկաներին եւ ժողովրդին, ընդգծելով, որ համայնքնային, ազգային եւ կրօնական բոլոր միջոցառումները կենսաւորւում են ժողովրդի ներկայութեամբ, որոնք գիտակցաբար եւ ազգային ոգով տոգորւած միշտ ներկայ են ասպարէզում:
Ելոյթին ներկայ էին «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Իրանի Իսլ. խորհրդարաում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների, միութիւնների ու հաստատութիւնների ներկայացուցիչներ, մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, արւեստագէտներ եւ մեծ թւով հանդիսատեսներ:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ