
Այսօր մենք տօնում ենք Մայրերի օրը, շնորհաւորելով Հայ Մայրերին եւ միաժամանակ մաղթելով նրանց առաւել ուժ եւ կարողութիւն:
Մայրութիւնն աշխարհում ամենանւիրական սրբութիւնն է: Հայ մայրը, հայ ընտանիքի սիւնն է եւ պաշտպանը: Նա է, որ ջերմացնում է հայ տունն իր սիրով, նւիրւածութեամբ եւ հայրենասիրական ապրումներով, դրա համար Նա մեր ընտանիքի լոյսն է եւ փարոսը:
Հայ Մայրն իր լոյսն ու իմաստութիւնն առնում է Աստւածամօր կողմից, որ մայրն է ողջ մարդկութեան: Հայ բանաստեղծը գրել է.-«Հայ մայրը սրբութիւն է եւ տան օրհնութիւնը»:
Աստւածամայրը կրեց չարչարանքներն իր որդու, օրինակ հանդիսանալով բոլոր մայրերին, որոնք Աստւածամօր կեանքի օրինակով ապրեցին ու գործեցին: Այսօր էլ հայ մայրն իր տան մէջ, ինչպէս նաեւ եկեղեցում գործում է նոյն հաւատքով եւ համբերատարութեամբ:
Վերջին երեսուն տարիներին հայ մայրերը, Սօսէ Մայրիկների կեանքի օրինակով պայքարեց իր հայրենիքի պաշտպանութեան եւ ազատագրութեան ի խնդիր:
Օրհնութիւն ձեզ սիրելի մայրեր եւ Աստւածային համբերութիւն կեանքի բոլոր դժւարութիւններին դիմակայելու համար:
Աղօթարար՝
Սեպուհ Արք. Սարգսեան
Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի



