Թեհրանի հայկական դպրոցների հարիւրաւոր աշակերտ-աշակերտուհիների խանդավառ մասնակցութեամբ թւականիս յունւարի 28-ին բացումը կատարւեց 47-րդ Համադպրոցական խաղերի, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզասրահում, մեծ թւով հանդիսատեսների ներկայութեամբ:
Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ արդէն 47-տարի է ինչ կազմակերպւում են Համադպրոցական խաղերը, որին տարբեր մարզաձեւերի շրջագծում իրենց մասնակցութիւնն են բերում հայոց դպրոցների աշակերտ աշակերտուհիները:
Խաղերի մեկնարկը տրւեց Տէրունական աղօթքով, ապա հնչեցին Իրանի եւ Կազմակերպութեան օրհներգերը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան դրօշակագարդի միջոցով մարզադահլիճում ծածանւեցին Իրանի եւ Կազմակերպութեան դրօշները:
Բացման հանդիսութիւնը էլ աւելի խանդավառւեց, երբ օրւայ հաղորդավարներ՝ Նարէ Օհանեանը եւ Մոնթէ Զոհրաբեանը իրենց ոգեշնչող խօսքերով յայտարարեցին մասնակից դպրոցների մարզիկ-մարզիկուհիների մուտքը մարզադահլիճ:
Այնուհետ մեկնարկեց Թեհրանի 12 հայոց դպրոցներ՝ «Արարատ» աղջ., «Արաքս» աղջ., «Գոհար» տղ., «Թունեան» աղջ., «Թունեան-Թովմասեան» աղջ., «Մարիամ» հաստատութեան աղջ. եւ «Մարիամ» հաստատութեան տղ., «Մարի Մանուկեան» աղջ., «Նւարդ Գիւլբէնգեան» տղ., «Նայիրի» տղ., «Նայիրի-Սողոմոնեան» տղ., «Շանթ-Մարիամեան» տղ., եւ Աբովեան ուրբաթօրեայ դպրոցի մարզիկ-մարզիկուհիների տողանցքը, որոնք ներկաների բռուն ծափողջոյններով մուտք գործեցին մարզադահլիճ:
Իւրաքանչիւր մարզական խաղերի մեկնարկի կարեւորագոյն պահերից է ջահի օրհնութեան ու բոցավառւելու արարողութիւնը: Օրւայ ջահակիրներն էին՝ ամենակրտսեր մասնակիցներ՝ «Թունեան» աղջ. դպրոցից Աննա Բաղումեանը եւ «Նայիրի» տղ. դպրոցից Մոնթէ Բաղումեանը, որոնք իրենց ջահերով մօտեցան Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանին, ում ձեռամբ օրհնւեց ջահը եւ միասնաբար վառեցին 47-րդ Համադպրոցական խաղերը խորհրդանշող ջահը, որից յետոյ տեղի ունեցաւ հրավառութիւն:
Միջոցառումը շարունակւեց մազիկների եւ իրաւարարների երդման արարողութեամբ: Մարզիկ-մարզիկուհիների երդումը ընթերցեց՝ «Արաքս» աղջ. դպրոցի աշակերտուհի՝ Երազ Մակարեանը, իսկ իրաւարարների երդումը ընթերցեց Արմիդա Գրիգորեանը: Նա մասնագիտութեամբ ֆիզկուլտուրայի մասնագէտ է եւ երկար տարիներ է ինչ զբաղւում է սեղանի թենիս մարզաձեւով: Նոյն մարզաձեւում Իրանի 3-րդ կարգի իրաւարար է:
Բացման հանդիսութիւնը ընթացաւ արտայայտութիւններով:
Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը: Իր ելոյթի ընթացում նա ընդգծեց. «Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը իր նպատակների հետ համահունչ եւ իր առաքելութիւնից ելնելով, ծրագրում ու գործադրում է բազմակողմանի աշխատանքներ մեր նոր սերենդի ֆիզիկական ու մտային զարգացման ու նրանց բնատուր ձիրքերի եւ ընդունակութիւնների յայտնաբերման ու հասունացման ուղղութամբ։ Այդ թւում սկեալ 1973 թւականից, ամէն տարի կազմակերպւում են Իրանի Համադպրոցական խաղերը, որի ընթացքոմ հայ աշակերտ-աշակերտուհիները առիթ են ունենում օրեր շարունակ մարզական մաքուր ու վճիտ մթնոլորտում միմեանց հետ շփւել ու նոր ընկերութիւններ ձեւաւորել»:
Իր ելոյթի այլ բաժնում Սոֆի Ջաղաբէգեանը այսպէս շարունակեց. «Մարզական մրցոյթները երեխաների մօտ կերտում են պայքարունակ ոգի, նպատակասլաց աշխատանքի արդիւնաւէտութեան գիտակցութիւն, միասնական ու թիմային գործունէութեան հասկացութիւն եւ ինքնավստահութիւն։
Համադպրոցական խաղերի ազատ ու խանդավառ մթնոլորտում, մեր երեխաները դառնում են առաւել ստեղծագործ, ի յայտ է գալիս նրանց բնատուր ունակութիւնները, կարողականութիւններն ու նախասիրութիւնները: Նրանցից շատերը ընգրկւում են մեր մարզական միութիւնների խմբերում եւ դառնում մեր ապագայ ախոյեանները համայնքային եւ ինչու չէ նաեւ իրանական մակարդակում»։ Նա իր ելոյթի այլ բաժնում նշեց. «Մենք բոլորս միասնաբար պէտք է աշխատենք մեր դպրոցներում աւելի կարեւորել ու աւելի շատ ժամանակ յատկացնել մարզական հիմունքային աշխատանքների համար, իսկ մեր միութիւնները պէտք է ներգրաւեն աւելի մեծ թւով մարզիկ-աշակերտներ ու նրանց տալ մարզական մասնագիտական ուսուցում։
Այսպիսով մենք միասնաբար, ձեռք-ձեռքի տւած ու յամառ կամքով, պէտք է հաստատուն քայլեր վերցնենք մեր նոր սերնդի համար առաւել պայծառ ապագայ ստեղծելու եւ մեր համայնքում մարզական կեանքը աւելի աշխուժացնելու ի խնդիր»։
Միջոցառմանը հրաւիրւեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը փոխանցելու՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը:
Իր ելոյթի ընթացքում տէր հայրը ողջունելով ներկաներին եւ աշակերտ-աշակերտուհիներին ընդգծեց, որ Սրբազան Հայրը իր ողջոյնը յղելով խաղերի կապակցութեամբ ընդգծել է. «Այս խաղերի կարեւորութիւնը յաղթանակի մէջ չէ, այս խաղերի կարեւորութիւնը ձեր միասնական կամքի,միասնական աշխատանքի եւ միասնական ուժի մէջ է: Այս ընթացքին շատերը կունենան թէ՛ յաղթանակներ եւ թէ՛ պարտութիւններ, բայց այդ պարտութիւնը չի նշանակում, որ դուք ուժեղ չէք: Նրանք ովքեր մասնակցել են Համադպրոցական խաղերին, բոլորն էլ ուժեղ են եւ բոլորն էլ ամենաբարձր տեղն են գրաւում եւ բոլորն էլ առաջնակարգ աշակերտներ են»:
Տէր հայրը օրհնեց աշակերտներին, դպրոցների տեսչական եւ ուսուցչական կազմերին, ծնողական խորհուրդներին, կազմակերպիչներին ու ծնողներին եւ ընդգծեց. «Բոլորդ յաղթանակած էք, քանզի բոլորդ այսօր որպէս հայ պատանի եւ երիտասարդ մասնակցել էք այս խաղերին»:
Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:
Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ողջունելով մասնակիցներին ընդգծեց. «Համադպրոցական խաղերի անցկացումը մեր համայնքում նշանաբանն է միասնութեան ու համախմբւածութեան, քանի որ յիշեալ խաղերն այն եզակի մրցաշարերից են, որտեղ չկան պարտւողներ: Համադպրոցական խաղերը մեզ սովորեցնում են միասին տօնել յաղթանակները»:
Պատգամաւորը այսպէս շարունակեց. «Անկասկած ողջունելի եւ գնահատելի է Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան մեծ ընտանիքի նախանձախնդիր գործունէութիւնը, որը բոլոր դժւարութիւններով հանդերձ, նախաձեռնում եւ կազմակերպում է յիշեալ խաղերը: Ողջունելի եւ գնահատելի է նաեւ Թ. Հ. Թ. Կրթական խորհդրի, դպրոցների պատասխանատուների, ծնողական խորհուրդների եւ մասնաւորապէս ծնողների համագործակցութիւնը, ովքեր մտային զարգացման հետ միասին կարեւորելով նաեւ ֆիզիկական եւ մարզական կարողութիւնների զարգացումը, որեւէ ջանք չեն խնայում մրցոյթներին իրենց զաւակների մասնակցութիւնն ապահովելու եւ հովանաւորելու գործում»:
Արա Շահվերդեանը նշեց. «Առիթը պատեհ համարելով, ուզում եմ ընդգծել եւ շեշտաւորել դպրոցների վերադասաւորման այժմէական եւ հրամայական օրակարգի անհրաժեշտութիւնը, ինչը նաեւ առիթ կընձեռնի կենտրոնացած համակարգում, աւելի լաւ հնարաւորութիւններ տրամադրել եւ նմանօրինակ աշխատանքների բիւջէն ապահովել:
Դպրոցներին օժանդակելու եւ սատար հանդիսանալու առաքելութիւնն առաջնահերթ համարելով, հարկ եմ համարում անդրադառնալ վերջին երկու տարիների ընթացքում հայկական դպրոցների համար պետական բիւջէ ապահովելով իրականացւած աշխատանքներին: Այդ շրջագծում յատկանշական է՝ դպրոցների բակերի տարածքների ասֆալտապատման մեծածախս աշխատանքները, «Թունեան-Թովմասեան» դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքը, Շանթ-Մարիամեան դպրոցում վերելակի տեղադրման աշխատանքը, իսկ ընթացքի մէջ է նաեւ Թունեան դպրոցի չիլերի համար պետական բիւջէի ապահովման գործընթացը, որը բնականաբար կը պահանջի ժամանակ: Նման փուլում է նաեւ Թեհրանի Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը Իրանի Իսլամական Հանրապետութեան Սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարի կողմից «Արարատ» կազմակերպութեանը խոստում տրւած պետական բիւջէի յատկացումը, որի համար հարկ է համբերատար լինել:
Կուզեմ նաեւ տեղեկացնել, որ օրերս՝ նախարարի հետ հանդիպման ընթացքում դպրոցներին եւ միութիւններին մարզական գոյքեր տրամադրելու խոստում է տրւել, որը յուսամ կիրականացւի եւ մեր սիրելի աշակերտութիւնն ու միութենականներն առիթ կունենան դրանք լաւագոյնս օգտագործել»:
Նա խօսքը ուղղելով միութիւններին ընդգծեց.« Ջերմօրէն ողջունում եմ նաեւ համայնքում աշխատող բոլոր միութիւնների եռանդուն գործունէութիւնը, եւ աւելի մեծ ակտիւութիւն եւ զարգացում է ակնկալւում՝ թատերական, երգչախմբային եւ մշակութային նորանոր այլ ոլորտներում»:
Պատգամաւորը իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ ընդգծեց. «Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել ազգային ինքնութեան ու հայ մշակոյթի պահպանման եւ հայեցի դաստիարակութեան կառչած մնալու յոյժ կարեւոր եւ գերադաս առաքելութեան կարեւորութիւնը եւ միութիւնների ուշադրութեանը յանձնել, որ հնարաւոր չէ լոկ նիւթական շահեր ապահովելու նպատակով զիջել այն, ինչը որ մեզ համար սկզբունք է»:
Ելոյթներից յետոյ մարզիկ-մարզիկուհիները հերթաբար թողեցին մարզադահլիճը, որից յետոյ հանդիսութիւնը շարունակւեց գեղարւեստական յայտագրով:
Պարային կատարումներով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբի թիւ 2, 3 եւ 4 խմբերը: Նաեւ պատկերասփռւեց «Արարատ»-ի ֆուտբոլի ակադեմիայի եւ մինի բասկետբոլի սաների մարզումները պատկերող տեսահոլովակներ:
47-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սեւակ Հաթամեանը եւ ատենադպիրներ Արփի Ալավերդեանը եւ Արտոյտ Զոհրաբեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ խորհրդի անդամներ, Հաշւեքննիչ մարմնի, Կրթական խորհրդի, Ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, Հայոց դպրոցների տեսչական, ուսուցչական կազմերի եւ ծնողական խորհուրդների ներկայացուցիչներ եւ մեծ թւով ծնողներ ու ներկաներ:
Երկժամեայ բացման հանդիսութեան ընթացքում օրւայ հաղորդավարներ՝ Նարէ Օհանեանը եւ Մոնթէ Զոհրաբեանը մերթընդմերթ հնչեցնում էին կարգախօսեր, որոնց նպատակն էր քաջալերել հայ մատաղ սերնդին աւելի խրոխտ, անզիջում ու անկոտրուն կամքով եւ յամառութեամբ շարունակեն ընթանալ դէպի հայ ժողովրդի ազգային նպատակների իրականացում:
Ծրագրի վերջին բաժնում օրւայ հաղորդավարներին միացաւ Մալենա Մարտեանը:
Իսկ բացման հանդիսութեան պաշտօնական բաժնի աւարտին տեղի ունեցաւ բասկետբոլի մրցութիւն «Գոհար» 2 եւ «Մարիամեան» դպրոցների մարզիկների միջեւ:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ