
Շաբաթ՝ դեկտեմբերի 14-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, իր բնակարանում ընդունեց այցելութիւնը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի:
Սրբազան Հայրը ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց այցելութեան առիթով:
Հանդիպման ընթացքին պրն. Շահվերդեանը ընդհանուր անդրադարձ ունեցաւ եւ զեկոյց ներկայացրեց վերջին ամիսների ընթացքում իրականացւած աշխատանքների, հանդիպումների եւ յառաջիկայ ծրագրերի մասին: Նա Սրբազան Հօրը բարի եւ արագ ապաքինում մաղթելով, յոյս յայտնեց, որ շուտով կրկին կը վայելենք Սրբազան Հօր ներկայութիւնը՝ ազգային առաջնորդարանում:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց Արա Շահվերդեանին, նրա նւիրեալ ծառայութեան եւ գործօն դերակատարութեան համար, ինչը ցուցաբերում է նաեւ համայնքային կեանքի բարօրութեան տարբեր ոլորտներում:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ