Եւս մէկ բացառիկ միջոցառմամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը տօնեց իր 25-ամեայ անցած ուղին: Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 11-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Բեթղեհէմ» եկեղեցում իրականացւեց Սուրբ Ծննդեան տօնին առնչւող հոգեպարար երգերի համերգային միջոցառում, ուր ղեկավարութեամբ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի, Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը հանդէս եկաւ երգերի շարանով, որտեղ տեղ էին գտել՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ծննդեան շարականներ եւ Սուրբ Պատարագի հատւածներ, 17-ից 19-րդ դարերի օտար-միջազգային հռչակաւոր Սուրբ Ծննդեան երգեր՝ անգլերէն, հայերէն եւ ֆրանսերէն լեզուներով, ինչպէս նաեւ Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայր Աթոռում տպագրւած՝ Մեղրիկ yպս. Բարիքեանի գրքից բաժիններ:
Երեկոյի հանդիսավարութիւնը կատարեց նոյն երգչախմբի անդամուհի Արսինէ Մարգարեանը, ով իր բացման խօսքում նշեց. «Խմբավար՝ Համիկ Ալեքսանդրեանի վաղեմի ցանկութիւններից մէկն էր, ունենալ համերգ՝ Սուրբ Ծննդեան երգերից բաղկացած, այն էլ Նոր Ջուղայի «Սուրբ Բեթղեհէմ» եկեղեցում, որն իր շքեղութիւնից զատ, իր անւանումով խորհրդանշական է՝ Յիսուս Քրիստոսի ծննդավայրը… Սրանից ամիսներ առաջ, թեմիս Առաջնորդ Տ. Սիփան Ս. արք. Քէչէճեանի կողմից երգչախմբիս ղեկավարին եղաւ հոգեւոր համերգի առաջարկութիւն, որն ընդառաջւեց եւ կազմւեց ծրագիր։ Արդիւնքում երկար եւ ծաւալուն ուսումնասիրութիւններից յետոյ, բազմաթիւ աղբիւրներ տակն ու վրայ անելով, ամենայն բծախնդրութեամբ մշակւեց այս երեկոյի յայտագիրը»։
«Տաթեւ» երգչախմբի հետ սերտ համագործակցել էր դաշնակահար Նայիրա Ալեքսանեանը, ով դաշնամուրի նւագակցութեամբ ընկերակցեց կատարողներին:
Երեկոյին ներկայ էին ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներ ու հոծ թւով ժողովուրդ:
Թղթակից (Նոր Ջուղա)