Թեհրան

Վարդան Դաւթեանի յիշատակին

Ինչպէս մենք էինք կոչում քայլող հանրագիտարան կամ գրադարան, բայց ափսոս, որ 40 օր առաջ այդ բոլորը ուղղակի դարձաւ յուշ ու միայն մեր աչքերին թողնելով արցունք, տխրութիւն ու կարօտ: Յիշում էինք, թէ ինչպէս էինք մի ծրագիր կամ հանդիպում կազմակերպելիս անկախ մեզանից արձագանգում՝ դիմենք Վարդանին, իսկ այսօր չենք դիմում, քանի որ պատասխանող չկայ. ուղղակի լցւում ենք այն մխիթարութեամբ, որ քեզ յարգելի ընկեր, քեզ թողնում ենք քո սիրելի ընտանիք դարձած «Ալիք»-ին, որպէս մի յուշ, որ կը մնայ թերթիս համարում եւ մեր աչքերում….

Վարդան Դաւթեան՝ բանասէր լրագրող, բանահաւաք, հրապարակագիր ծնւել է 1955 թ. Թեհրանի Հեշմաթիէ (Սարդարապատ) քաղաքամասում: Նախակրթարան ու տարրական ուսումը ստացել է տեղի հայոց ազգային «Շահազիզ» եւ «Իսրայէլ Սահակեան» դպրոցներում, իսկ միջնակարգը «Քուշեշ Դաւթեան» դպրոցում: 1985 թ. ամուսնանում է Ալիս Իւթուջեանի հետ եւ բախտաւորւում 2 զաւակով՝ 1 որդի եւ 1 դուստր, իսկ իր կեանքի վերջին մէկ տարում ունենում է մէկ թոռնիկ, որն իր կեանքի իմաստն էր:

Պատանի տարիքից եւ մանաւանդ նոր շրջան անցնելու հետեւանքով սէր է ցուցաբերում գրականութեան մանաւանդ լրագրութեանը եւ սկսում լրագրութեան փորձեր կատարել պարսկատառ մանկա-պատանեկան թերթերում, ինչպէս նաեւ ռադիոյի հետ, իրանահայ տարբեր շրջանների ժողովրդական մշակոյթը ուսումնասիրելով եւ հաւաքագրելով, որոնք տարբեր առիթներով իր ձայնով հաղորդւում էր ռադիոյից:

Ծանօթանալով ազգային-հասարակական-գաղափարական նւիրեալ Հրայր Խալաթեանի հետ ներքաշւում է հայկական շրջաններ եւ ապա սկսում է գրել նաեւ հայերէն լեզւով: Երիտասարդ տարիքում 1970- ական թւականներին ժամանակի հսկայ տպաքանակ ունեցող «Քէյհան» օրաթերթում առաջին անգամ լինելով՝ յօդւած է տպագրում Հայոց Ցեղասպանութեան մասին, որով արժանանում է ծաւալուն գնահատանքների: Իր ուժերն ի մի բերելով սկսում է գրել նաեւ «Ալիք» պատանեկան երկշաբաթաթերթում: Նրա ասպարէզը ընդլայնւելով շարունակում է աշխատել նաեւ «Ալիք» օրաթերթի հետ, եւ ապա դառնում խմբագրութեան անդամ: Միաժամանակ նա աշխատանք է ծաւալում նաեւ հասարակական-ազգային ասպարէզներում: Անդամակցում է մշակութային «Շահազիզ» միութեանը եւ ապա ընտրւում որպէս վարչութեան անդամ, որը տեւում է մինչեւ 1980 թ.:

1983 թ. Հեշմաթիէ քաղաքամասի իր մի խումբ հասակակից ընկերների հետ միասին հիմք են դնում եւ կերտում Հայ մշակութային «Սարդարապատ» միութիւնը, որի հիմնադիրներից ու աշխոյժ միութենականներից, նաեւ 12-րդ շրջանի վարչութեան նախագահն էր Վարդան Դաւթեանը:

1986 թ. իր ոգեշունչ եւ ազգանւէր մասնակցութիւնն է ունեցել քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու օծման եւ հաստատման հարցում:

Մեծ պատասխանատւութիւն է ունեցել Իրան-Իրաք ( 1979 թ.) պարտադրեալ պատերազմի մասնակից գերեվարւածների եւ նահատակների ընտանիքների նկատմամբ, որը իր կեանքում թողել էր մի դառը անցանկալի պատմութիւն, բազմիցս նոյն խնդրի վերաբերեալ յատուկ Իրանական լրատւամիջոցներ այցելել են իր բնակարան եւ ունեցել հարցազրոյց:

Այսպիսին էր մեր Վարդանը, ազգային ոգով լցւած: Այսօր նրանից Սարդարպատ քաղաքամասին եւ Հ. Մ. «Սարդարապատ» միութեանը մնաց բազմաթիւ յուշեր, որոնցից են՝

Սրբոց Վարդանանց եկեղեցու 30-ամեայ (2017 թ.) պրակի պատրաստումը եւ հրատարակման հարցում աջակցութիւնը:

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան համար նա թողեց մի մեծ ու անզուգական գործ, պատրաստելով՝ միութեան 30-ամեայ գործունէութեան ֆիլմը, իսկ վերջերս միութեան 40-ամեայ յոբելեանի բացման արարողութիւնը սկսւեց նրա ձայնով «Սարդարապատ»-ի հիմնի սփռումով:

Իր լաւագոյն գործերից էր Բահմանի 22-ի առիթով տեսաժապաւէնի պատրաստումը, ուր պատկերել է ընդհանուր պատերազմը եւ անդրադարձել մեր հայ գերիներին եւ նահատակներին:

Սիրելի ընկեր, ինչքան այսօր գրիչը առած գովերգում ենք քեզ, դա դեռ քիչ է քո կատարած բոլոր աշխատանքների ու նւիրւածութեան համար, դու նա էիր, որ հեռացար անվերդարձ: Դու կը մնաս միշտ մեր բոլորիս հոգում ու յուշերում:

Յիշատակդ անթառամ. խունկ ու ծաղիկ քո շիրիմին:

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան Հանրային կապ

Related Articles

Back to top button