ԱՄՆ կոնգրեսականներին արգելւել է DeepSeek օգտագործել
«ԱԼԻՔ» – ԱՄՆ կոնգրեսականներին չի թոյլատրւում օգտագործել չինական արհեստական ինտելեկտի (AI) չաթբոտ DeepSeek-ը։ Այս մասին յայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գերատեսչութիւններին ուղարկւած նամակը։
«DeepSeek-ը ներկայումս վերանայւում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից եւ ներկայումս հաստատւած չէ պաշտօնական օգտագործման համար»,- ասւում է ծանուցման մէջ:
Չինական DeepSeek ընկերութիւնը յունւարի 20-ին թողարկեց իր R1 չաթբոտի նոր տարբերակը, որը, ըստ նրա, գերազանցում է OpenAI-ի առաջադէմ ChatGPT-ին: Ընդ որում, չինական չաթբոտի մշակողները, ինչպէս նշում են փորձագետները, շատ աւելի քիչ գումար են ծախսել, քան OpenAI-ը։ Շուկաները խիստ արձագանգեցին նոր արտադրանքին. Nasdaq ամերիկեան տեխնոլոգիական ինդեքսն առեւտրում ընկաւ աւելի քան 3%-ով, իսկ OpenAI-ի թանկարժէք չիպերի մատակարար Nvidia-ի բաժնետոմսերն ընկան 16.86%-ով: