Բաքւում Փաշինեանի առաջարկին սպառնալիքների եւ մեղադրանքների նոր խմբաքանակով են պատասխանել
Բաքւում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի առաջարկին արձագանգել են սպառնալիքների ու մեղադրանքների նոր խմբաքանակով։
Ինչպէս հաղորդում է apa.az-ն, հարցին ի պատասխան՝ «Յունւարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Բանակի օրւայ կապակցութեամբ իր ելոյթում ասել է, որ Ադրբեջանին հրաւիրել է պայմանագիր ստորագրել՝ սպառազինութիւնների փոխադարձ վերահսկողութեան եւ չյարձակման մեխանիզմի մասին։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս յայտարարութիւնները», Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադէն պատասխանել է, որ «Հայաստանի վարչապետի յայտարարութիւնը նպատակ ունի շեղել ուշադրութիւնը խաղաղութեան մասին երկկողմ համաձայնագրի նախագծի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական յարաբերութիւնների հաստատման գործընթացից»։
Հաջիզադէն յայտարարել է, որ «Չնայած նշւած համաձայնագրի նախագծի քննարկման հէնց սկզբից հայկական կողմին ուղղւած ադրբեջանական կողմի կոչերին՝ վերջ դնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան դէմ շարունակւող պահանջներին՝ իր սահմանադրութեան մէջ, օրէնսդիր մարմնի մի շարք որոշումներում, ինչպէս նաեւ 44-օրեայ պատերազմից յետոյ տարբեր միջազգային ատեաններ դիմելիս, միջազգային կազմակերպութիւններում տարածւած պաշտօնական նամակագրութիւններում եւ նամակներում, Հայաստանն այս ուղղութեամբ դեռ գործնական քայլեր չի ձեռնարկել»։
Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Բաքուն շանտաժի է ենթարկում Երեւանին՝ պահանջելով փոխել Սահմանադրութիւնը, յետ կանչել միջազգային ատեաններում հայցերը, ինչպէս նաեւ դադարեցնել ռազմական ցանկացած համագործակցութիւնն ու զէնքի գնումները։
News.am