Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ժողովրդին պէտք է ընտրութիւն առաջարկել, յետոյ նրան խնդրել` գնալ քւէարկութեան

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ես մարդկայնօրէն հասկանում եմ իմ գործընկերներին, ովքեր շտապում են պատասխանել Նիկոլին։ Մարդկայնօրէն, իրօք, անհնար է հանգիստ նստել։ Միւս կողմից, ցաւալիօրէն ծանօթ սցենար է, որը չի յանգեցնում տեսանելի արդիւնքի։ Հետեւաբար ինչ-որ կարեւոր բաներ պէտք է փոխել։

Որպէս սկիզբ` մի յիշեցում

«Չորրոդ Հանրապետութեան» մասին առաջինը հանդէս է եկել նախագահ Արմէն Սարգսեանը՝ դեռեւս 2021-ին։ Նա յետոյ շատ արագ թռաւ երկրից, որովհետեւ այն իրենը չէր։

Ինչ ելոյթ էր հնչեցւում

Երկիրը վարի տւած իշխանութեան ղեկավարի ելոյթ, որին պատերազմից ու պարտութիւնից յետոյ վերընտրել են, ու որը վստահ է, որ եթէ կարելի էր դա անել 2021-ին, ապա նոյնը հնարաւոր է 2026-ին։ Ստերի ու արտիստիզմի վարագոյրի յետեւում երկու բան կայ. վերընտրւելու գերնպատակ եւ մինչեւ 2026-ը բոլոր ողբերգութիւնները ու կորուստները մոռացութեան տալու փորձ։

 

Ինչու է հնարաւոր նման ելոյթը

Սցենարը փոխելու համար մենք պէտք է ընդունենք, որ մեր սխալների շնորհիւ է, որ այսօր Նիկոլն ունենում է այս ելոյթը։ Որ ինքը կարող է ասել ամէն ինչ, կեղծել ամէն ինչ։ Մեր՝ պայքարողների, դիտորդների, անտարբերների, համագործակցողների։

Մեր սխալ աշխատանքի հետեւանքն է, որ նա նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելը կարող է ներկայացնել որպէս հազարաւոր մարդկանց կեանքերի փրկութիւն։ Նրա ընդդիմախօսներն են տւել այդ իրաւունքը։

Իսկ գիտէ՞ք ինչու է դա մեր սխալը.

– Որովհետեւ մենք 5 տարի է` չկարողացանք մեր ժողովրդին տեղ հասցնել, որ եղել է պատերազմը վաղ կանգնեցնելու առաջարկ, եւ Նիկոլի իշխանութիւնն այն մերժել է։ Պատերազմը դադարեցւէր՝ իրօք կը փրկւէին հազարաւոր կեանքեր։ Մեր ժողովուրդը ներեց պատերազմը շուտ չդադարեցնելը։ Այդ ներողամտութիւնը մեզ վրայ չափազանց թանկ նստեց։

– Մենք չկարողացանք մեր ժողովրդին բացատրել, որ ամենաճակատագրական օրը սեպտեմբերի 27-էր, ոչ թէ` նոյեմբերի 9-ը։ Մենք չկարողացանք հասկացնել, որ այս պատերազմը չպիտի լինէր, իսկ այն եղաւ` Հայաստանի գործող իշխանութիւնների` մեղմ ասած կոպիտ սխալների եւ իրավիճակը չհասկանալու պատճառով։

Մենք ենք մեղաւոր, որ Նիկոլը ֆիքսել է իր էլեկտորատը՝ տոլմա փակող հայ կինը, եւ նրան կեղծիք է մատուցում։ Մենք իրաւունք չունենք մեղադրելու Նիկոլին, թէ ինչու է նա գրագէտ աշխատում նախընտրական փուլում։ Փոխարէնը մենք մեզ հարցեր պէտք է տանք։

Իսկ մեր ընդդիմադիր լիդերութիւնը ե՞րբ, ո՞ր դիրքերից խօսեց տոլմա փակող հայ կնոջ հետ. սեփական թանկ տների՞ց, թանկ մեքենաների՞ց, թանկ սրահների՞ց … Ո՞վ խօսեց այդ եւ միւս սովորական հայկական խաւերի ու սովորական հայկական ընտանիքների հետ։

Մեր սխալ աշխատանքի հետեւանքն է, որ «տոլմա փակող մայրերը» չասացին՝ ինչո՞ւ շուտ չկանգնեցրիր պատերազմը։

Մենք ենք մեղաւոր, որ Երրորդ Հանրապետութիւնը սպանող իշխանութիւնը յայտարարում է «Չորրոդ Հանրապետութեան» ծննդի մասին։ Սա նոնսենս է։

Մենք տապալել ենք առողջ ընդդիմադիր համակարգեր ստեղծելու գործը, որովհետեւ Հայաստանում միտքը, ռեսուրսը եւ ամբիցիաները չհանդիպեցին։ Դա է պատճառը, որ ամէն ինչ պարտւած իշխանութեան դիմաց չձեւաւորւեց քաղաքական ընդդիմադիր այլընտրանք առաջարկող համակարգ, որը կը վերցնէր իշխանութիւնը եւ երկիրը կը տանէր յետպատերազմեան վերականգնման ճանապարհով։

Հայաստանում ստեղծւում է շատ կեղտոտ վիճակ. երկիրը վարի տւած իշխանութիւնը գնում է ընտրութիւնների` երկիրը յանձնելու անթաքոյց ծրագրով։ Եւ դիմացը գոնէ այս պահին չկայ միւս՝ երկիրը վերականգնելու իրական ծրագիրը եւ այն կրող ուժերը։

Այս ամէնով հանդերձ` Նիկոլի իշխանութիւնը շատ թոյլ է, քանի որ բոլորը, անգամ` իր ընտրազանգւածը, հասկացել են, որ նա ստում է։ Նրա խօսքի եւ գործողութիւնների հանդէպ դրական սպասումները մինիմալի են հասել։ Նրա ուժը քարոզչական տեխնոլոգիաներն են եւ պետական մեքենան։

Ճիշտ եւ գրագէտ աշխատանքի դէպքում կարելի է շատ արագ փոխել ամբողջ ընթացքը։ Հայ ժողովրդին պէտք է ընտրութիւն առաջարկել, յետոյ նրան խնդրել` գնալ քւէարկութեան։

Սկսենք խօսել իրական քայլերից, որոնք հակաիշխանական դաշտը կը վերածեն փոփոխութիւնների դաշտի։

Related Articles

Back to top button