Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարուժան Գեղամեան. ««Չորրորդ Հանրապետութիւն» կեղծ օրակարգն ուրիշ ՀՀ ստեղծելու համար չէ, այլ Թուրքիայի նահանգ սարքելու»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Չորրորդ Հանրապետութեան» ստեղծման մասին Նիկոլ Փաշինեանի ՔՊ համագումարում հնչեցրած յայտարարութեանը: Ըստ նրա՝ այդ օրակարգը Հայաստանը թուրքական նահանգի վերածելու մասին է:

«Էական է արձանագրել, որ.

Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստւում են Հայաստանի պետականութիւնը ամբողջութեամբ կախման մէջ գցել, հնարաւորութեան դէպքում՝ լիարժէք կլանել (այո, ըստ էութեան՝ բռնակցել իրենց, ինչպէս արեցին Արցախի հետ)։

Հայաստանի հետ խաղաղ գոյութեան ու հարեւանութեան մասին որեւէ լուրջ մտադրութիւն չկայ ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում։ Հակառակը պնդում են, աւելի ճիշտ քարոզում են միայն իրենք ու իրենց սպասարկուները։

Այս պահին Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն բացառիկ ազդեցութիւն Հայաստանում իշխող վարչախմբի վրայ, որի արդիւնքում Հայաստանում տեղի ունեցող իբր «բարեփոխումները» (կրթութիւն, բանակ, խորհրդանիշներ եւ այլն) փաստացի կոչւած են թուլացնելու արդէն իսկ խոցւած մեր պետութիւնը եւ նպաստելու առաջին կէտի իրացմանը։

Իշխող վարչախմբի շահը միայն մէկն է՝ պահել իշխանութիւնը, թէկուզ՝ Թուրքիայից լիարժէք կախեալ իշխանութիւնը։ Սուտը, մանիպուլիացիան եւ արդիւնաբերական մասշտաբների քարոզչութիւնը պէտք է ապահովի այս նպատակի իրականացումը մինչեւ ընտրութիւններ։

Հետեւաբար, «Չորրորդ Հանրապետութիւն» կեղծ օրակարգը ոչ թէ ուրիշ Հայաստան ստեղծելու համար է, այլ մեզանից Թուրքիայի նահանգ՝ վիլայեթ սարքելու։ Այսինքն ոչ թէ լինելու է ազգայինից հեռու կամ կոսմոպոլիտ Հայաստան, այլ հայկական պետութիւն ուղղակի չի լինելու։

Ուստի, որեւէ քննարկում այս թեմայով իմաստ չունի։ Հայաստանն ունի բացայայտ երկու թշնամի՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք մեր շուրջ տեղի ունեցող բոլոր գործընթացների հիմնական շարժիչներն են։ Ցանկացած շեղում այս երկու թշնամիներին իրական զսպելու թեմայից կեղծ օրակարգ է։ Կեղծ ու կործանարար։

Յ.Գ. Հնարաւո՞ր է արդեօք զսպել մեր թշնամիներին։ Այո՛։ Դա գիտեն նաեւ Անկարայում ու Բաքւում։ Մնում է մենք հասկանանք, որ մենք բաւականաչափ ուժեղ ենք»,- գրել է նա:

Related Articles

Back to top button