ՄիջազգայինՔաղաքական

Մովսէս Ղազարեան. «Ռուբիոյի յայտարարութիւնը մեսիջ է Սիրիայում իշխող խմբին»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանաբնակ քաղաքագէտ եւ միջազգային մեկնաբան Մովսէս Ղազարեանը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի խօսքերը Սիրիայում իշխող վարչակարգի հնարաւոր մօտալուտ տապալման մասին։

«Ռուբիոյի յայտարարութիւնն այն մասին, որ Սիրիայի կառավարութեան ներկայացուցիչները չեն անցել ստուգումը, այսպէս ասած, ամերիկեան կառավարութեան կողմից ընդունւած նորմերի շրջանակներում, կոչւած է ցոյց տալու ամերիկեան կառավարութեան ազնւութիւնը, որն, իբր, չի աշխատում ահաբեկիչների հետ: Իսկ մենք բոլորս շատ լաւ հասկանում ենք, որ Սիրիայի ներկայիս կառավարութեան շատ գործիչների կենսագրական բեքգրաունդը, մեղմ ասած, շատ կասկածելի է միջազգային իրաւունքի նորմերի, այդ թւում՝ միջազգային հումանիտար իրաւունքի նորմերի տեսանկիւնից։ Այսինքն, նրանք մարդիկ են, ովքեր, այնուամենայնիւ, ներգրաււած են ահաբեկչական կառոյցների գործունէութեան մէջ եւ ուղղակիօրէն ահաբեկչական գործունէութեան մէջ:

Նման յայտարարութիւնները նպատակ ունեն ցոյց տալ, որ իրենց համար կարեւոր է լեգիտիմութիւնը, ընդ որում, Թրամփի վերջին շրջագայութեան շրջանակներում այդ պահերը նաեւ տարբեր փորձագէտների կողմից նշւել են, թէ, իբր, Թրամփը շրջում է ամերիկեան արտաքին քաղաքականութիւնը դէպի Մերձաւոր Արեւելք, այսինքն՝ նա կարծես պատրաստ է աշխատել բոլորի հետ։ Գլխաւորն այն է, որ նրանք հաւատարիմ լինեն նրան, բայց, այնուամենայնիւ, կան տեսանելի պահեր, երբ անհրաժեշտ է որոշակի ազնւութիւն ցուցաբերել»,- կարծում է Ղազարեանը:

Քաղաքագէտի կարծիքով՝ չնայած նրան, որ Սիրիայի գործող իշխանութիւնները լեգիտիմութեան հետ կապւած խնդիրներ ունեն, Ռուբիոյի յայտարարութիւններով պաշտօնական Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել սիրիական իշխանութիւնների վրայ՝ իր շահերից ելնելով:

«Որպէս կանոն, Վաշինգտոնը՝ մտնելով այս կամ այն երկրի հետ «գործընկերային» փոխգործակցութեան մէջ, փորձում է նրան որոշակի գիծ, որոշակի վարքագիծ պարտադրել, այդ թւում՝ դա կարող է վերաբերել ընդհանուր առմամբ արտաքին քաղաքական ոճաբանութեանը, այսինքն՝ Վաշինգտոնն ինչ-որ բան է ուզում ստանալ սիրիացիներից այստեղ եւ հիմա։ Հաւանաբար, օգտագործում է այն ասպեկտը, որ նրանց կենսագրութեան մէջ կան այնպիսի պահեր, որոնք, իբր, կարեւոր են եւ պէտք է զբաղւել դրանով:

Այսինքն՝ Վաշինգտոնն ինչ-որ չափով ուղղակի ճնշում է գործադրում ոչ թէ կառավարութեան անհատական կազմի, այլ այն մարդկանց վրայ, ովքեր որոշումներ են կայացնում։ Այսինքն՝ կարծես ճնշում է գործադրւում նրանց վրայ, հարցականի տակ է դրւում նրանց լեգիտիմութիւնը: Սա փաստացի ակնարկ է, որ նրանց լեգիտիմութիւնը կախւած է Վաշինգտոնի ընդունումից, որը, իբր, կապահովի նրանց լեգիտիմութիւնը: Նշում են ոչ թէ այն փաստը, որ նրանք ընտրւած են կամ ընտրւած չեն, իշխանութեան են եկել ինչ-որ ժողովրդական յեղափոխութեան արդիւնքում, այլ այն, թէ որքանով կարող են գոհացնել իրենց: Սա աւելի շուտ մեսիջ է Սիրիայի իշխող խմբին, որ նա պէտք է փորձի լուծել իր լեգիտիմութեան հետ կապւած խնդիրները։ Հնարաւոր է՝ խօսքն ընտրութիւնների, ինչ-որ իրաւական ընթացակարգերի կամ այդ ընթացակարգերի ակտիւացման մասին է, այսինքն՝ դա ամերիկեան ղեկավարութեան ոճով է այս կամ այն կառավարութեանն ասել, թէ ինչ պէտք է անի, ինչ օրէնքներ ընդունի, ինչ սահմանադրութիւն հաստատի կամ չհաստատի, ինչ իրաւական նորմեր մտցնի կամ չեղարկի»,- եզրափակել է փորձագէտը:

Related Articles

Back to top button