Դմիտրի Սոլոննիկովը՝ Սիրիայի իշխանութիւնների մասին. «Մի բան է տանկով երթեւեկելը, մէկ այլ բան՝ երկրում քաղաքական խմբեր կառավարելը»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի յայտարարութիւնը Սիրիայի անցումային իշխանութեան վատ կենսագրութեան եւ դրա հնարաւոր փլուզման վերաբերեալ:
«Սիրիայի ներկայիս իշխանութիւններն իսկապէս կայուն կառոյցի տպաւորութիւն չեն թողնում: Շատ յաճախ է այդպէս պատահում: Արագ ռազմական յաղթանակը մի բան է, իսկ դաշտային, յաջողակ հրամանատարների գործողութիւնները, որոնք արագօրէն գրաւել են քաղաքները, իսկ իշխանութեան պահպանումը եւ երկարաժամկէտ կարգ ու կանոնի ապահովումը՝ բոլորովին այլ։ Այսինքն՝ մի բան է տանկով երթեւեկելը, մէկ այլ բան՝ երկրում քաղաքական խմբեր կառավարելը: Ուստի սա օբիեկտիւ փաստի արձանագրում է»,- կարծում է փորձագէտը:
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ ԱՄՆ-ը Սիրիայի ընկալման հարցում հաշւի է առնում Իսրայէլի շահերը եւ նրա հետ համակարգում իր որոշումները:
«Այն, որ ներկայ պահին ԱՄՆ-ն աւելի շատ աջակցում է Իսրայէլին, բնական է։ Իսկ հիմա Իսրայէլը խիստ թերահաւատօրէն է վերաբերւում ներկայիս սիրիական իշխանութիւններին, եւ նրա զօրքերն արդէն գտնւում էին այն շրջանների տարածքում, որոնք հարաւում վերահսկում են դրուզները, եւ Իսրայէլն օգնում էր նրանց գրոհել Բէյրութի ծայրամասերը։ Սա խօսում է այն մասին, որ այս դիմակայութիւնում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Իսրայէլին եւ կարծում է, որ Սիրիայի ներքին խնդիրներն իսկապէս չափազանց լուրջ են ներկայիս կառավարութեան համար: Այս դէպքում չի կարելի ասել, թէ Դամասկոսը ղեկավարելու օրօք նրանք կարգաւորել են երկրի իրավիճակը»,- ասել է Սոլոննիկովը:
Փորձագէտը կարծում է, որ Ռուբիոյի խօսքերը ուղերձ են Սիրիայի արտաքին շահագրգիռ կողմերին, բայց ոչ ներքին խաղացողներին:
«Ամենայն հաւանականութեամբ, դա Իսրայէլի աջակցութիւնն է։ Ներկայիս իրավիճակում աւելի մեծ տարածքներ բռնակցելու, Իսրայէլի՝ թէկուզ ձեւական վերահսկողութեան տակ անցնելու հնարաւորութիւնը հարց է այն մասին, թէ ԱՄՆ-ն ինչպէս կը գործի զօրքերի դուրսբերման ընթացքում, արդեօք նրանք կը սպասեն Սիրիայի իշխանութիւնների աջակցութեանն ու համագործակցութեանը, թէ ոչ։ Սա կրկին մեսիջ է ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային, թէ ինչ պէտք է անել Սիրիայի հիւսիսում, ինչ հնարաւորութիւններ կունենան։
Իհարկէ, սա փաստի արձանագրում է եւ որոշակի ազդակ հարեւաններին, այլ ոչ թէ Սիրիայի ներսում ազդանշան ինչ-որ մէկին: Հազիւ թէ ներկայումս այնտեղ լինեն լուրջ խմբաւորումներ եւ լուրջ քաղաքական գործիչներ, որոնք դէպի ԱՄՆ ուղղւածութիւն ունեն, կամ որոնց ասւել է՝ «կարող էք սկսել, յեղափոխութիւն կարող է տեղի ունենալ»»,- եզրափակել է Դմիտրի Սոլոննիկովը։