Արմէն Այւազեան. «Գեներալներին խոշտանգելիս Ֆիդանը մէկի ականջը կծել է»
«ԱԼԻՔ» – Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պատմաբան Արմէն Այւազեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ 2016 թւականին Թուրքիայում տեղի ունեցած անյաջող յեղաշրջման փորձից հետո, ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն անձամբ է մասնակցել թուրք գեներալների եւ սպաների հարցաքնութեանն ու խոշտանգմանը.
«Եթէ մի երկրի արտգործնախարար նախկինում ինքն է անձամբ խոշտանգել ձերբակալւած անձանց, ինչպէ՞ս կարելի է բնութագրել այդ երկիրը։ Ճիշտ է՝ ֆաշիստական։
Նոր փաստեր են ի յայտ եկել, ըստ որոնց, Թուրքիայի ներկայ արտգործնախարար Հաքան Ֆիդանը եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ 2016 թ. անձամբ մասնակցել են թուրք գեներալների եւ սպաների խոշտանգումներին։ Այդ խոշտանգումների ժամանակ Ֆիդանը նոյնիսկ մէկ գեներալի ականջն է կծել։ Մանրամասնութիւնները ներկայացւած են նոր վաւերագրական ֆիլմում, որի բովանդակութիւնն այսօր համառօտ շարադրել է «Nordic Monitor» կազմակերպութեան կայքը։
Եթէ Թուրքիայի ղեկավարներն այդպէս են վարւում իրենց աւագ սպաների հետ, ինչե՞ր կարող են անել նրանք, օրինակ, իրենց ատած հայերի դէմ։ Ճիշտ է՝ ցեղասպանութիւն, որը եւ հետեւողականօրէն իրականացնում են նաեւ մեր օրերում։
Մեզանում Թուրքիայի հետ բարեկամանալու ջատագովները պէտք է հասկանան, որ մի օր էլ Էրդողանն ու Ֆիդանը, օգտւելով այդ հիմարների զգօնութեան բթացումից, կծելու են իրենց ականջներն ու պոկելու են իրենց վզերը։ Բայց ու՞մ եմ ասում. ծախւած, անգրագէտ եւ անսկզբունք իդիոտները միեւնոյն է իրենց էշն են քշելու։ Նրանց պէտք է պարզապէս կանգնեցնել, այլապէս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կեղծ-կարգաւորումը բերելու է ամբողջ հայ ազգի խոշտանգմանն ու վերջնական բնաջնջմանը»,- գրել է նա։