Քրիստինէ Վարդանեան. «Վտանգը, որի մասին խօսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը»
«ԱԼԻՔ» – «Հերթական վտանգը, որի մասին խօսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։
Նա նշել է. «Այսօր Հաքան Ֆիդանը յայտարարել է, որ «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնները կը կարգաւորւեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ստորագրումից յետոյ»՝ փաստացի հաստատելով, որ Հայաստան-Թուրքիա բանակցութիւններն ընթանում են նախապայմաններով, որոնց հետ ՀՀ-ն ներկայացնողները խնդիրներ չունեն։
Ես՝ որպէս Ադրբեջանի հետ քննարկւող պայմանագրի նախագծերին ծանօթացած պատգամաւոր, միայն իմ պարտքն եմ համարում յիշեցնել, որ չկայ որեւէ խաղաղութեան պայմանագիր, չկայ բանակցային գործընթաց։ Կայ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները միակողմանի բաւարարելու գործընթաց։ Ով հակառակն է պնդում պէտք է պատասխանի պարզ հարցի՝ ինչ է զիջում Ադրբեջանը։
Խաղաղութիւն բառն այդ պայմանագրի վերնագրում յայտնւել է բացառապէս մեր ժողովրդին մոլորեցնելու եւ Իլհամ Ալիեւի միջազգային իմիջը բարձրացնելու համար»։