Յովհաննէս Աւետիսեան. «Բագրատ Սրբազանը այս պահին ունի իշխանութիւն, որն իրականում շատ աւելի մեծ է քան գործող վարչապետինը»
«ԱԼԻՔ» – Պետական կառավարման մասնագէտ, տնտեսագէտ Յովհաննէս Աւետիսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում ներկայցրել է իր պատկերացումը Հայաստանում իշխանափոխութեան ձեւի եւ անցումային կառավարութեան գործունէութեան մասին:
«Շատ կարճ գրեմ իմ պատկերացրած մոդելը, որով արդիւնաւէտ եւ խաղաղ իշխանափոխութիւն կը լինի:
Բագրատ Սրբազանը այս պահին ունի իշխանութիւն (կարող է տասնեակ հազարների փողոց դուրս բերել), որն իրականում շատ աւելի մեծ է քան գործող վարչապետինը: Այս իշխանութիւնը նաեւ Հայ Առաքելական Եկեղեցունն է, որը պէտք է պահել ու ծառայեցնել հայոց պետականութեան վերականգնմանը, իսկ դրա միակ եղանակը հետեւեալ կերպ եմ տեսնում:
Բագրատ Սրբազանն ու աջակցող թիմը ներկայացնում են յստակ օրակարգ (առաջիկայ մէկ տարւայ՝ մինչեւ նոր ընտրութիւններ) եւ այս օրակարգը ղեկավարելու թեկնածու են ներկայացնում, ով վայելում է լայն զանգւածների համակրանքն ու վստահութիւնը, սակայն չունի քաղաքական կշիռ:
Այս գործընթացը կը բերի լայն զանգւածների համագործակցութեան այս օրակարգին եւ գործընթացին (աւելի քան վստահ եմ): Միաժամանակ, այս գործընթացը կը բերի գործող վարչակարգի հետ համագործակցութեան կտրուկ նւազման: Ինչն անհրաժեշտ է խաղաղ իշխնափոխութեան համար:
Այս պահին դեռ հանրային տարբեր շերտեր ակտիւ համագործակցում են ռեժիմի հետ, ինչի պարագայում իշխանափոխութիւնն անհնար է:
Առաջադրւած անձը անցումային շրջանի օրակարգով կը կառավարի երկիրը մինչեւ արտահերթ ընտրութիւններ:
Իսկ Բագրատ Սրբազանը, չմտնելով կառավարութիւն, կը պահի իր իշխանութիւնը՝ ունենալով ժողովրդի (փողոցի) աջակցութիւնը:
Ցանկացած պահի, երբ անցումային վարչակազմը շեղւի օրակարգից, նա իր այս իշխանութիւնով կարող է դրա դէմն առնել:
Այսպիսով կը ստեղծւի իշխանութեան տարանջատման եւ հաւասարակշռման իրավիճակ: Ինչը հիմա շատ կարեւոր է: Մեր ներկայի սահմանադրութիւնը իշխանութեան տարանջատման եւ հաւասարակշռման հնարաւորութիւն չի տալիս:
Այս մոդելի կիրառման պարագայում, հնարաւոր ձախողման դէպքում, Հայ Առաքելական Եկեղեցին յանձինս Բագրատ Սրբազանի չի կորցնի իր հանդէպ ձեւաւորւած վստահութիւնը, կը պահի այս պահի իշխանութիւնը եւ կը կարողանայ ծառայեցնել դա յանուն հայկական պետականութեան վերականգնման՝ յաջորդիւ փուլերում:
Եթէ Բագրատ Սրբազանը մտաւ կառավարութիւն, վերոնշեալ հզօր ռեսուրսը փոշիացւելու է, իսկ հնարաւոր ձախողման դէպքում երկրի միակ ազգային ինստիտուտը՝ Հայ Առաքելական Եկեղեցին անզօր է դառնալու»,- գրել է նա: