Հէնց Փաշինեանի ձայնի տեմբրը բարձրանում է ԱԺ-ում ՔՊ-ական մի շարք պատգամաւորներ դերաբաշխւած շարժումներ են կատարում

Երէկ (մայիսի 7-ԽՄԲ.) տեղի ունեցած ԱԺ նիստը ոչ միայն եւս մէկ անյաջող օրինակ էր գործադիր եւ օրէնսդիր մարմինների յարաբերութեան, այլեւ քաղաքական դեգրադացման կենդանի ցուցադրութիւն։ Կառավարութեան հարցուպատասխանը, որը նախատեսւած է քաղաքացիներին յուզող խնդիրներին պատասխան տալու, հաշւետւութեան եւ հանրային բանավէճի հարթակ լինելու համար, կրկին վերածւեց անհաւասար մենամարտի՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ձեռամբ։
Փաշինեանը, ում ձայնի տեմբրը սրացաւ հէնց ընդդիմադիրներից հարց ստանալու պահից, կրկին չհրաժարւեց իր վերջին տարիների ֆաւորիտ մեթոդից՝ սպառնալիքներով եւ ագրեսիւ հռետորաբանութեամբ փակել բանավէճը։ Նա, ըստ էութեան, վերստին գործեց «քաղաքական մեղադրողի» կարգավիճակում՝ անդրադառնալով ընդդիմադիրներին ոչ թէ փաստարկներով, այլ «ԱԱԾ պադւալներով» սպառնալու հռետորաբանութեամբ։
Բայց եթէ սա մնար միայն Փաշինեանի ելոյթի տիրոյթում, գուցէ կարելի լինէր մեկնաբանել որպէս հերթական նեարդայնացած պահ։ Զաւեշտալին այն է, որ ՔՊ խմբակցութեան մի շարք պատգամաւորներ սկսեցին դերաբաշխւած շարժւել դահլիճում՝ մէկը Փաշինեանին հանգստացնելով, միւսը ընդդիմութեան վրայ յարձակւելով, որոշներն էլ` «հանդարտեցնելով»։
ԱԺ-ում գոյութիւն ունի Կարէն Համբարձումեան անուն-ազգանունով մի պատգամաւոր, որին գրեթէ երբեք չենք տեսնում որպէս օրէնսդիրի ներկայացուցչի: Համբարձումեանը յայտնւում է կադրերում՝ «դուխով» դէմքով ու մարտական կեցւածքով՝ պատրաստ «ջարդելու» ընդդիմադիրին։
Հաւասարազօր դերակատարութեամբ ներկայացան նաեւ ՔՊ խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջորեանը եւ քարտուղար Արթուր Յովհաննիսեանը։ Այս երկու պաշտօնաեները, որոնք ըստ իրենց կարգավիճակի՝ պարտաւոր են պահել խորհրդարանական նորմերն ու արժանապատւութիւնը, հակառակը՝ մասնակցեցին ԱԺ դահլիճում սկսւած աղմուկին ռեպլիկներով, բարձրացրած ձայներով ու «քաղաքական յարձակման» ոգով։
Յիշեցնենք, որ խորհրդարանը բեմ չէ, որտեղ պէտք է ցոյց տալ, թէ ով ում «կոչնչացնի» յանուն առաջնորդի։ Այն տեղ է, որտեղ պէտք է քննարկւեն քաղաքացիների կենսական խնդիրները:
«Ժողովուրդ»