ՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «Կիեւը, Կուրսկի մարզի վրայ յարձակւելով, փորձում է բարելաւել իր դիրքերը ապագայ բանակցութիւններում»

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերեալ խորհրդակցութիւն է անցկացրել ուժայինների հետ եւ յայտարարել, որ պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր խնդիրը հակառակորդին Կուրսկի մարզի տարածքից դուրս մղելն է։

«Տեղի ունեցող իրադարձութիւնների գնահատականը պէտք է անպայման տրւի, եւ դա կարւի, բայց հիմա գլխաւորը արդիական խնդիրների լուծումն է, որոնք ձեւաւորւում են տւեալ պահին եւ ելնելով իրավիճակի զարգացման կանխատեսումներից։

Պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր խնդիրն է հակառակորդին դուրս մղել մեր տարածքներից եւ սահմանապահ ծառայութեան հետ համատեղ ապահովել պետական սահմանի յուսալի պաշտպանութիւն»,- ասել է Պուտինը օպերատիւ խորհրդակցութեան ժամանակ։

Նրա խօսքով՝ Կուրսկի մարզում տիրող իրավիճակը ցոյց է տալիս, թէ ինչու է Կիեւի ռեժիմը հրաժարւել Մոսկւայի եւ միջնորդների առաջարկներից: Պուտինն ընդգծել է, որ Կիեւը, Կուրսկի մարզի վրայ յարձակւելով, փորձում է բարելաւել իր դիրքերը ապագայ բանակցութիւններում:

«Կիեւի ակցիան ռուսական զօրքերի յարձակումը կասեցնելու ռազմական նպատակ է հետապնդում.․. Կուրսկի մարզի իրադարձութիւններից յետոյ շփման գծի ողջ երկայնքով յարձակման տեմպերը ոչ միայն չեն նւազել, այլեւ աճել են 1.5 անգամ», – ասել է նա` յաւելելով, որ Ռուսաստանի համար ակնյայտ է, որ հակառակորդը շարունակելու է փորձել ապակայունացնել իրավիճակը սահմանամերձ շրջաններում։

ՌԴ նախագահը չի բացառել սահմանամերձ շրջանների վրայ ուկրաինական նոր յարձակումների հնարաւորութիւնը. դրանց պէտք է պատրաստ լինել, այդ թւում՝ Բրեանսկի մարզում։ Նրա խօսքով՝ Բրեանսկի մարզում առկայ յարաբերական անդորրն այսօր չի երաշխաւորում, որ նման իրավիճակը կը պահպանւի. պէտք է պատրաստւել տարբեր սցենարների:

Related Articles

Back to top button