Իրանի եւ Խորւաթիայի պատգամաւորները բանակցել են երկու երկրների խորհրդարանական համագործակցութեան ընդլայնման եւ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների մասին
«ԱԼԻՔ» – Խորւաթիայի մայրաքաղաք Զագրեբում ,Իրանի Իսլ.խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվարդեանը եւ զրադաշտականների պատգամաւոր Բեհշիդ Բախորդարը մասնակցել են Իրանի եւ Խորւաթիայի միջեւ միջկրօնական երկխօսութեանը,որի շրջանակում հանդիպել եւ զրուցել են Խորւաթիայի խորհրդարանի մուսուլման պատգամաւոր եւ երկու երկրների խորհրդարանական բարեկամութեան խմբի փոխնախագահ Արմին Հոջիջի հետ: Այս մասին տեղեկացնում է Sobhemajles.ir կայքէջը:
Հանդիպման սկզբում Խորւաթիայում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Սաիդ Խաթիբզադէն խորհրդարանական դիւանագիտութիւնը համարել է երկու երկրների յարաբերութիւնները զարգացնելու լաւագոյն ուղիներից մէկը՝կոչ անելով զարգացնել երկու երկրների խորհրդարանական բարեկամութեան խմբերի գործունէութիւնը:
Հանդիպման ընթացքում Իսլամական խորհրդարանի երկու պատգամաւորները պաշտպանելով խորհրդարանական համագործակցութեան ընդլայնման գաղափարը՝ ընդգծել են, որ Իրանում չկայ «կրօնական փոքրամասնութիւն» հասկացութիւն, եւ Իրանի քաղաքացիներն՝ անկախ կրօնական , դաւանական կամ էթնիկ պատկանելութիւնից, վայելում են քաղաքացիութեան լիարժէք իրաւունքներ:
Հանդիպման ընթացքում Հոջիջը զեկոյց ներկայացնելով Խորւաթիայի խորհրդարանում էթնիկ եւ կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների գործունէութեան մասին, պաշտպանել է երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցութեան ընդլայնման գաղափարը եւ յոյս է յայտնել, որ ինչքան շուտ կը վերսկսւեն երկու երկրների խորհրդարանական բարեկամութեան խմբերի այցերը: