Թեհրան. Կատարը գերի է վերցրել երեք իրանցի օդաչուների
Դոհան հերքում է՝ «Չկայ նման բան»

Իրանի եւ Կատարի միջեւ նոր վէճ է ծագել իրանական երեք օդաչուների ճակատագրի շուրջ։ Իրանի զինւած ուժերի Գլխաւոր շտաբի ներկայացուցիչը յայտարարել է, որ մարտական ինքնաթիռների վթարից յետոյ երեք օդաչուներ կենդանի են մնացել եւ գերի են ընկել Կատարի ուժերի ձեռքը։ Կատարի արտաքին գործերի նախարարութեան խօսնակը, սակայն, կտրականապէս հերքել է նրանց ձերբակալելու մասին տեղեկութիւնը։
Իրանի Գլխաւոր շտաբի Անհետ կորածների որոնման յանձնաժողովի հրամանատար, գեներալ Սէյէդ Մոհամմադ Բաղերզադէն օգոստոսի 15-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին ուղղւած նամակում երեք օդաչուների անուն է նշել՝ Ջաւադ Սալեհի, Աբդոլմաջիդ Դաշթիան եւ Էմրան Բեհրուզեան՝ նշելով, որ նրանք 2026 թւականի մարտի 2-ին Կատարում իրենց ինքնաթիռների վթարից յետոյ կենդանի են մնացել եւ գերի ընկել Կատարական ուժերի ձեռքը։
Նոյն դէպքի հետեւանքով չորրորդ օդաչուն՝ Մաջիդ Քազեմին, զոհւել էր։ Նրա աճիւնը վերադարձւել էր Իրան, եւ յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի էր ունեցել Շիրազում։
Իրանական կողմի համաձայն՝ երկու «Սու-24» կործանիչներ մարտական առաջադրանքից վերադառնալու ժամանակ թիրախաւորւել են Կատարի հակաօդային պաշտպանութեան համակարգերի կողմից։ Օդաչուները հասցրել են դուրս թռչել ինքնաթիռներից, ինչից յետոյ նրանցից մէկը զոհւել է, իսկ միւս երեքի մասին Իրանը մինչեւ այժմ պնդում է, որ կենդանի են եւ գտնւում են Կատարի վերահսկողութեան տակ։
Այժմ, 167 օր անց, Իրանի զինւած ուժերի Գլխաւոր շտաբը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէին՝ խնդրելով հանդիպել երեք օդաչուներին, ստուգել նրանց առողջական վիճակը եւ տեղեկութիւնը փոխանցել իրանական կողմին։ Նամակում յղում է կատարւում նաեւ Ժնեւի երրորդ կոնւենցիայի՝ ռազմագերիների իրաւունքներին վերաբերող յօդւածներին։
Սակայն Թեհրանի յայտարարութիւնից ժամեր անց Կատարի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Մաջէդ Մոհամմադ ալ-Անսարին հերքել է իրանական օդաչուների ձերբակալութեան մասին տեղեկութիւնը։
Նրա պնդմամբ՝ Կատարի որոնողափրկարարական խմբերը դէպքից յետոյ մասնակցել են օդաչուների որոնման աշխատանքներին, սակայն նրանցից որեւէ մէկին ձերբակալելու կամ կալանաւորելու մասին տեղեկութիւնը չի համապատասխանում իրականութեանը։ Ալ-Անսարին նշել է, որ որոնումների ընթացքում յայտնաբերւել է օդաչուներից մէկի աճիւնը, եւ Կատարը կապ է հաստատել իրանական կողմի հետ՝ այն փոխանցելու հարցը համակարգելու համար։
Այժմ հարցի պարզաբանման համար ուշադրութիւնը Կարմիր խաչի միջազգային կոմիտէի վրայ է։ Իրանի դիմումը պարզ է՝ հանդիպել երեք օդաչուներին եւ պարզել նրանց գտնւելու վայրն ու վիճակը։



