Միջազգային

Արամ Ա կաթողիկոսը՝ ԱՄՆ Կոնգրեսում. «Յիշենք մեր աղօթքներում 100 հազար արցախահայերի, որոնք ստիպւած լքել են իրենց դարաւոր հայրենիքը»

«ԱԼԻՔ» – Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը կոնգրեսական Ադամ Շիֆի հրաւէրով եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Նա հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խօսնակ Մայք Ջոնսոնի, նախկին խօսնակ Նանսի Փելոսիի հետ, ԱՄՆ ղեկավարութեանը կոչ է արել աջակցել Արցախի 100 հազար հայ քրիստոնեայ փախստականներին։

Արամ Ա կաթողիկոսը բացման աղօթք է արել Ներկայացուցիչների պալատի նիստից առաջ:

«Օգնի՛ր մեզ, ողորմա՛ծ Աստւած, մեր աղօթքներում յիշի՛ր աւելի քան 100 հազար հայ փախստականներին, որոնք վերջերս ստիպւած էին լքել Արցախը, իրենց դարաւոր հայրենիքը»,- աղօթքում նշել է Վեհափառ Հայրապետը:

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը նշում է, որ իր կողմից կազմակերպւած ընդունելութեան ժամանակ Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաեւ դեմոկրատական անդամ Քեթրին Քլարկի, Ջիմ Կոստայի, Աննա Էշուի, Եանգ Քիմի, Բարբարա Լիի, Բրեդ Շերմանի եւ այլոց հետ։ Նա նաեւ առանձին հանդիպում է ունեցել հանրապետական կոնգրեսական Ջերի Կառլի հետ։

Նշենք, որ Արամ Ա կաթողիկոսը երկշաբթեայ այցով է մեկնել ԱՄՆ։ Հայրապետական այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսւած Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի, Նիւ Ջերսիի եւ Նիւ Եօրքի հայ համայնքների ներկայացուցիչների, թեմական, պետական եւ եկեղեցական պատասխանատու մարմինների հետ։

Related Articles

Back to top button