Տիգրան Աբրահամեան. «Հայաստանեան իշխանութեան տրամաբանութիւն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների եւ փառասիրութեան համար»
«ԱԼԻՔ» – Հայաստանեան իշխանութեան անհամարժէք եւ տրամաբանութիւն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների եւ փառասիրութեան համար: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«COP29-ին ընդառաջ, Ադրբեջանի Անվտանգութեան խորհրդի քարտուղարը հարցազրոյց է տւել` Հայաստանին սպառնալով «երկաթեայ բռունցքով»:
Յիշեցնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հանդէս է գալիս յաղթողի դիրքերից, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտօնեան անուղղակի նշել է, որ Հայաստանի հետ բանակցութիւններում գործում է այդ տրամաբանութիւնը:
Զուգահեռ, նախօրէին, յայտնի դարձաւ, որ Թուրքիայի կողմից իրականացւող միջոցառման ժամանակ, Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ինչից յետոյ պաշտօնական Երեւանը ստիպւած է եղել, յատուկ ընթացակարգով, այդ մասին տեղեկացնել ԵՄ եւ Բելգիայի իշխանութիւններին:
Այս մթնոլորտում, ուժի եւ դրա սպառնալիքի պայմաններում որեւէ փաստաթուղթ` ինչ անւանում էլ ունենայ, չի կարող մեր տարածաշրջանին երկարաժամկէտ խաղաղութիւն եւ կայունութիւն բերել:
Հայաստանեան իշխանութեան անհամարժէք եւ տրամաբանութիւն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների եւ փառասիրութեան համար»,- գրել է նա: